Լրահոս

23.04.2010 16:04


Սերժ Սարգսյանի ուղերձի վերաբերյալ կարծիքներ են հայտնում ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչները

Սերժ Սարգսյանի ուղերձի վերաբերյալ կարծիքներ են հայտնում ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչները

«7օր»-ի՝ «Ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի՝ արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին որոշումը» հարցին ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը պատասխանել է. «Քաղաքական հայտարարության տեքստի մեջ, որին հաջորդեց նախագահի ուղերձը, սևով սպիտակի վրա հստակ գրված է, որ Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ բերելուց հետո Հայաստանը հետագա համագործակցությունն աննպատակահարմար է համարում, և գործընթացը կասեցվում է: Այդ երկու տեքստերում հստակ ասվեց, որ կային նախապայմաններ: Մի քանի ամիս առաջ շապիկները պատռում էին, թե հանճարեղ, հրաշալի որոշում է. նախապայմաններ չկան, դաշնակցականները որտեղի՞ց են հորինել և այլն: Հիմա էլ, բնականաբար, հակառակն են ասում և այդ կողմից են փորձում իրենց տեսակետը հիմնավորել: Պարտությունը չընդունելու, սեփական սխալները չընդունելու մոտեցում է, որը մեր քաղաքական իրականության մեջ դարձել է շատ ընդունված, նորմալ երևույթ: Այսօր մի բան ես ասում, հեռուստատեսությամբ բոլորը տեսնում, լսում են, հետո սկսում ես բոլորովին ուրիշ բան ասել: Բոլորի մոտ տպավորություն է, թե ժողովուրդը տառապում է հիշողության կորստով, և իրենց ասածը որևէ տեղ պահպանված չէ: Նման մարդկանց խորհուրդ կտայի իրենց  մոտ սեփական խոսքերի արխիվ պահել և ժամանակ առ ժամանակ նայել ու թարմացնել հիշողությունը: Դրանից հետո փորձեն տղամարդու պես սեփական սխալներն ընդունել»:

Նույն հարցի կապակցությամբ ՀՀԿ Գյումրիի 2 տարածքային կառույցի ղեկավար Բորիս Ալեքսանովը նախ նշել է, որ բոլորովին էլ չի համարում, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը վերջնականապես տապալվել է, այնուհետև շարունակել. «Իրենք ասում էին, որ փաստաթղթում կան նախապայմաններ, և մենք մերժում էինք, որ չկան նախապայմաններ։ Բավական լուրջ բանավեճերի մեջ մտանք: Եվ, փաստորեն, ի՞նչ պարզվեց, որ փաստաթղթերում իրոք չկային նախապայմաններ, որովհետև եթե լինեին, որոնք մեզ կվնասեին, բնականաբար, պետք է շահավետ լինեին Թուրքիային: Իսկ եթե Թուրքիային շահավետ լինեին, ապա իրենք առանց երկմտելու կստորագրեին այդ փաստաթղթերը: Բայց ես բազմիցս նշել եմ, որ նրանց մտքում նախապայմաններ կային, և մենք ոչ թե այդ փաստաթղթերը ստորագրելու պահին պետք է ճկուն լինեինք, այլ ստորագրելուց հետո, երբ կսկսվեր իսկական, բուն գործընթացը: Եվ, փաստորոն, ստացվեց այնպես, որ Թուրքիան ոչ մի անգամ իր նկրտումներից չհրաժարվեց: Կյանքը ցույց տվեց, որ Թուրքիան ընդամենը ժամանակ է շահում և խաղեր խաղում, և նրանց կողմից ոչ մի վճռորոշ քայլ չկատարվեց: Իրոք, ճիշտ ժամանակին կոալիցիոն ուժերը հավաքվեցին և համապատասխան հայտարարություն արեցին»։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը