Լրահոս

23.04.2010 17:03


ՀՀ վարչապետ. «Գիտելիքի վրա հիմնված տնտեսության համար անհրաժեշտ է գիտելիքի վրա հիմնված հասարակություն»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին։
Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ակադեմիայի այն անդամների հիշատակը, որոնք վերջերս են հեռացել կյանքից։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ԳԱԱ 2009 թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները։ Այնուհետեւ ելույթներով եւ տարաբնույթ հարցադրումներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ եւ գիտաշխատողներ։ Նրանք շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին Ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին մասնակցելու եւ գիտությանը ցուցաբերած ուշադրության համար։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԳԱԱ տարեկան ժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ցանկացած կառավարության համար գերնպատակ է ստեղծել մրցունակ տնտեսություն։ Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն։ Ավելին, գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա։ Սա է Հայաստանի Հանրապետության հեռանկարային եւ երկարաժամկետ զարգացման տեսլականը։ Մենք այլընտրանք չունենք, քան զարգացնել գիտությունը եւ դրա վրա հիմնված տնտեսություն։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես դա անել»։
Տիգրան Սարգսյանը մատնանշել է առաջնային դրույթները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում գիտության զարգացման եւ գիտնականի հեղինակությունը բարձրացնելու համար. «Դուք պետք է մեզ ներկայացնեք' որոնք են Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած մարտահրավերները, որոնք են օրակարգային առաջնահերթ խնդիրները եւ դրանց լուծումները։ Այդ հարցերի պատասխանները ոչ թե կառավարությունից պիտի պահանջեք, այլ հակառակը' պիտի համարձակություն ունենաք հրապարակային ձեւով դրանք մատուցել հանրությանը։ Այդ դեպքում կլուծվի բարոյական խնդիրը, եւ մեր հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի գիտնականին։ Ժամանակակից աշխարհում գիտությունը փողը գիտելիքի վերածելու միջոց է, նորարարությունը' նոր ստեղծված գիտելիքը փողի վերածելու միջոց։ Հայաստանի Հանրապետությունում կա լրջագույն պրոբլեմ, որ այս երկու օղակների միջեւ կապը խզված է»։
Խոսելով գիտական ներուժի գնահատման մեթոդների մասին' կառավարության ղեկավարը նշել է. ,Միայն հրապարակումներով բավարարվել այլեւս չի կարելի։ Կարեւոր է ստեղծել միջավայր, որն ապահովում է գիտության եւ արտադրության կապը։ Հայաստանի Հանրապետությունում գիտությունը զարգացնելու եւ բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու համար խիստ անհրաժեշտ են հաջողված նախագծեր, հաջողված արդյունքներե։
Անդրադառնալով մասնակիցների հարցադրումներին' ԳԱԱ-ի մասին օրենքի նախագծի վերաբերյալ' կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է. «ԱԺ-ում սկսվելու է այս նոր օրենքի նախագծի քննարկումը, եւ սպասվում է բավական հետաքրքիր բանավեճ։ Մենք ակնկալում ենք, որ այդ քննարկումների ժամանակ ձեր կողմից կլինեն առաջարկություններ եւ լուծումներ, որոնք գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Միայն համագործակցելով կարող ենք փոխել վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությունում գիտնականի եւ գիտության նկատմամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը