Տնտեսական

05.09.2019 18:03


ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ կառավարությանը լրացուցիչ 4 մլն 785 հազար դոլար կտրամադրի

ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ կառավարությանը լրացուցիչ 4 մլն 785 հազար դոլար կտրամադրի

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակից ստացվել է առաջարկ փոփոխություն կատարել 2013թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության հետ կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում` տրամադրելով 4,785,000 ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում` ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ լրացուցիչ ֆինանսական հատկացումներ են նախատեսվում պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության, մակրոտնտեսական ոլորտներում, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ և արագ իրականացման ապահովումը:

«Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, առավել կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Համաձայնագրի վերոնշյալ փոփոխությամբ ֆինանսական պլանի ցանկը լրացվել է նոր՝ մակրոտնտեսական ոլորտով, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանում տնտեսական աճի համար, քանի որ այն միտված է ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր»,-ասաց նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը