Կարծիք

06.09.2019 13:25


Հանցավորության դեմ պայքա՞ր, թե՞…

Հանցավորության դեմ պայքա՞ր, թե՞…

Այն, որ հանցագործ աշխարհի դեմ պայքարել է պետք, երկու կարծիք լինել չի կարող։ Այն, որ կազմակերպված հանցագործ հանրույթի՝ նրա լիդերների, մասնավորապես «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհի մյուս հեղինակությունների դեմ ավելի վճռական գործողություններ են հարկավոր իրականացնել, ու դրա նպատակով նաև օրենսդրական փոփոխություններ են պետք, փաստ է, և ոչ ոք դեմ չի դրան: Սակայն որքանո՞վ է այդ ամենը արհեստավարժ ձևով արվելու, որպեսզի ժողովրդական լեզվով ասած՝ ունքը դզելու փոխարեն, աչքն էլ չհանեն:

Ես այդ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին մոտիկից ծանոթ չեմ (նախագիծը չեմ կարդացել), սակայն տեղյակ լինելով այս կառավարության կոմպետենտության աստիճանի ու ընդհանրապես իրենց հայտարարած նպատակների ու իրական ձգտումների անհամապատասխանության մասին՝ կարող եմ ենթադրել, որ հենց այդպես էլ լինելու է՝ ունքը դզելու փոխարեն, աչքն են հանելու: Այսինքն անելու են բաներ, որի արդյունքում հանցավորությունը ոչ թե քչանալու է, այլ ընդհակառակը՝ ավելի է շատանալու:

Հիմա այդ կոնտեքստում մեկ այլ կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ, խոսքը մեր հեռուստաեթերի մասին է, այն, ինչը անում է հեռուստատեսությունը քրեածին միջավայր ստեղծելու առումով, կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ թերագնահատելը անհնար է: Տարիներով գեղարվեստական ոչ մի արժեք չներկայացնող ֆիլմեր ու սերիալներ են նկարվում ու ցուցադրվում, որոնց միակ նպատակը ատելության ու անհանդուրժողականության քարոզն է, պոռնկության, բռնությունների ու հանցագործ աշխարհի բարքերի պրոպագանդան: Այդ կինոնկարներն ու տարբեր տիպի հումորային և ռեալիթի շոուները մարդկանց ուղեղներում ստեղծում են այն կարծրատիպը, համաձայն որի մենք՝ հայերս, ազգովի հանցագործ սուբկուլտուրայի կրող ենք, և որ դա մեր արժեհամակարգն է: Կարծում եմ, որ դա պատահական չի արվում, և դա նույնպես անցեղ ու անհայրենիք մարդու տեսակ ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքների տրամաբանության մեջ պիտի դիտարկենք: Հիմա հա՞րց՝ մեր թավշյաները հանցավորության դեմ պայքարի շրջանակներում այս խնդրին անդրադառնալո՞ւ են, թե ոչ. վստահ եմ, որ ոչ, այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը, ո՞ւմ են ինչ հեքիաթ պատմում: «Օրենքով գողերին» բանտերում փակելով հանցավորության դեմը չես առնի, դրա դեմ կոմպլեքս աշխատանք պիտի տարվի՝ սկսած ընտանիքներից, բակից, դպրոցից ու բանակից, վերջացրած սոցցանցերից, հեռուստատեսությունից, թատրոններից ու այդպես շարունակ, այսինքն այդ վիրուսի դեմ հարկավոր է պայքարել ամենուրեք՝ և՛ անձնական տարածքում, և՛ հանրային տարածքում, թե չէ, ինչ որ հերթական պոպուլիստական հայտարարություն անելով՝ «գողը բանտը իր տունն է համարում, ուրեմն պիտի իրեն ուղարկենք իր տուն», դժվար թե ինչ-որ լուրջ բան փոխվի, առավել ևս, երբ իրականում ինչ-որ բան դրական առումով փոխելու ցանկություն էլ չունեն այդպիսի հայտարարություններ անողները:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը