Քաղաքական

06.09.2019 14:29


Ոխերիմ բարեկամների հանդիպումը խոսում է Փաշինյանի դիրքերի թուլացման մասին, հետհաշվարկի ժամացույցը միացված է․ Ա․ Թևանյանը՝ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպման մասին

Ոխերիմ բարեկամների հանդիպումը խոսում է Փաշինյանի դիրքերի թուլացման մասին, հետհաշվարկի ժամացույցը միացված է․ Ա․ Թևանյանը՝ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպման մասին

Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռեր»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ խոսում է Փաշինյանի դիրքերի թուլացման մասին։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում նման հանդիպումներ չեն եղել, ավելին՝ միմյանց նկատմամբ եղել է կոշտ քննադատություն, բայց հիմա իրավիճակ է փոխվել և կառավարության համար իրավիճակն օր օրի վատանում է։

«Պատահական չէ, որ տարբեր մարգինալ շրջանակներ ակտիվանում են, փորձում են իրենք էլ օգտվել Փաշինյանի դիրքերի թուլացումից, որ որոշակի դիրքեր վերցնեն, քաղաքական առանցքի մեջ մտնեն։ Այս հանդիպումը թուլության նշան է։ Եթե հիշում եք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Սասնա Ծռեր»-ի կողմից հայտարարվում էր, որ սրանից հետո ևս մեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ինչին վարչապետը բավականին կոշտ արձագանքեց։ Այն ժամանակ իր այդ արձագանքին հակահարված չեղավ, հետագայում ևս այդ ուժերի միջև շփումները բավականին դառն էին, կար նաև քննադատություն գործող վարչապետի նկատմամբ, որ նա արմատական հեղափոխական քայլերի չի գնում և այլն։ Այս 2 ուժերին կարելի է անվանել ոխերիմ բարեկամներ, բայց գնում են, շփվում են ներքաղաքական հարցերով, ինչը խոսում է այն մասին, որ իրենց միավորել է ընդհանուր վտանգը»,-ասաց նա։

Թևանյանը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված նույնիսկ խմբակցության ներսում չկարողացավ միասնականություն ապահովել, սրան զուգահեռ վարչապետի վրա կան ներքին, արտաքին ու տնտեսական ճնշումներ։ Նա շեշտեց՝ իշխանություններին ու «Սասնա Ծռեր»-ին միավորում է քաղաքական զարգացումների հետ կապված ընդհանուր վախը։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ վարչապետ Փաշինյանը նման հանդիպումներով փորձում է խոստումների դիմաց երաշխիքներ ստանալ առ այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում աղմուկ չեն բարձրացնի, Անդրանիկ Թևանյանը նշեց, որ այս թեմաները վարչապետի համար ներկայումս ունեն ֆոնային դերակատարություն։ Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրն այսօր դարձել է իր «աթոռի» պահպանումը։

«Ավելի շատ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հարցն է, ներիշխանական, ներքաղաքական հարցերի հետ կապված ունի լուրջ մտահոգություններ։ Այս ամենից ելնելով էլ ինքը չի զգում, թե ինչ վտանգավոր քայլեր է ձեռնարկում կամ էլ Փաշինյանի քայլերը հաշվարկված են, որոնք երկրի անվտանգության համար լուրջ խնդիրներ են ստեղծում»,-նշեց Անդրանիկ Թևանյանը։

Երկրի անվտանգային խնդիրների մեջ Թևանյանն առանձնացրեց հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը։ Նրա խոսքով՝ այս հարաբերությունների ամրությունը կարևոր է թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի համար։ Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակում պահպանվում է տարածաշրջանի փխրուն բալանսը, հայ-ադրբեջանական սահմանին պահվում է կիսախաղաղ վիճակը և այլն։

«Վերջին շրջանի քայլերում, հարցազրույցներում շանտաժի լեզու կա՝ ուղղված ՌԴ-ին. սորոսականներին ուղարկում են Արցախ՝ դիտորդական առաքելության, բայց հասկանում ենք, որ սա այլ նպատակ է հետապնդում։ Հանդիպել մի կուսակցության հետ, որն ընդգծված հակառուսական դիրքորոշում ունի, որը Ուկրաինայի աջ ծայրահեղականների հայաստանյան տարբերակն է, այն էլ Պուտինի այցից առաջ, շատ վատ մեսիջ է ՌԴ-ին։ Սա կա՛մ նշանակում է հարաբերություններում միտումնավոր լարվածություն մտցնել, կա՛մ այնքան է խորացել ներքաղաքական խնդիրների, աթոռի պահպանման մեջ, որ չի հաշվարկում, թե գործողություններն ինչ հետևանքներ կունենան ՀՀ-ի ու Արցախի անվտանգության համար»,-ընդգծեց Անդրանիկ Թևանյանը։

Այս պատկերը Թևանյանին թույլ է տալիս ենթադրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաքելությունն ավարտված է, ավելին՝ սկսել է իշխանությունը կորցնելու հետհաշվարկի գործընթացը։

«Հետհաշվարկի ժամացույցը միացված է, միայն խնդիրն այն է, որ ամեն ինչ պետք է անել, որ երկրում կայանալիք փոփոխությունները լինեն անցնցում։ Կարծում եմ՝ առողջ քաղաքական ուժերն ու անհատները պետք է գտնեն բանաձև այդ փոփոխություններին անցնցում հասնելու համար։ Ի դեպ, առողջ շրջանակներ՝ նկատի ունեմ նաև իշխանության մեջ գործող որոշակի ողջամիտ ու առողջ թևերին»,-եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը