Լրահոս

24.04.2010 11:43


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել

Սիրելի հայրենակիցներ

95 տարի առաջ տեղի ունեցավ հրեշավոր ու աննախադեպ մի ոճրագործություն' Հայոց ցեղասպանությունը: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի զոհ դարձան միլիոնավոր հայեր, թալանվեցին ու քանդվեցին հազարավոր հայկական եկեղեցիներ ու վանքեր, դպրոցներ ու վարժարաններ, ոչնչացվեց մի ուրույն քաղաքակրթություն: Հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը' սփռվելով աշխարհով մեկ:

Այս 95 տարիները մեր ժողովրդի համար մաքառումի ու արարման, հանուն գոյատեւման ու պատմական արդարության վերականգնման պայքարի տարիներ էին: Սակայն մենք մենակ չէինք այդ պայքարում, մեր կողքին էր աշխարհի առաջադեմ մարդկությունը: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այն ծանր տարիներին օգնության ձեռք մեկնեցին ու ապաստան տվեցին կոտորածներից մազապուրծ եղած ու գաղթական դարձած հայերին:

Շատ երկրներ ընդունեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Դա կարեւոր է ինչպես մեզ, այնպես էլ համայն մարդկության համար' հետագա ցեղասպանությունները կանխելու ու բացառելու տեսակետից: Անպատժելիությունը նույնպես չարիք է, որը ծնում է նոր ոճիրներ: Դրա ապացույցը եղան նացիստների կողմից կազմակերպված հրեաների ցեղասպանությունը, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերը եւ բազմաթիվ այլ ոճրագործություններ:

Թանկագին բարեկամներ

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Նրանց հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցը անկախ ու հզոր պետականության կերտումն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդումը, համազգային ծրագրերի ու նպատակների իրականացումը: Յուրաքանչյուր հայի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր Հայրենիքը լինի ուժեղ ու անհաղթ, ծաղկուն ու բարգավաճ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը