Մեկնաբանություն

08.09.2019 11:40


Ինչպես ընդդիմադիր Նիկոլը կործանեց վարչապետ Փաշինյանին

Ինչպես ընդդիմադիր Նիկոլը կործանեց վարչապետ Փաշինյանին

Վարչապետի կաբինետ մտնելուն պես Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իր նախորդ կյանքը սխալ է ապրել։

Նա հիմա ատում է անգրագետ պողոսների սիրելի Նիկոլին, բայց ոչինչ չի կարող անել։

Վարչապետ Փաշինյանը չի կարողանում որոշումներ կայացնել, քանզի պոպուլիստ Նիկոլը շատ խորն է նստած իր մեջ։ Եթե Փաշինյանի ձեռքին ճար լիներ, ապա նա կառավարության պատուհանից կճչար, որ ընդդիմադիր Նիկոլը հակապետական տարր է և հանցագործ։ Բայց դրանից հետո պետք է հրաժարական տա, քանզի իր ներսում առնվազն կիսով չափ նստած է ընդդիմադիր Նիկոլը։

Նա ոչ միայն չի կարողանում, այլ նաև վախենում է որոշում կայացնել, քանզի տեսնում է, որ ցանկացած որոշման կայացում միշտ էլ նեղացնում է պոպուլիզմի դաշտը ու նոր դաշտ բացում իր պես նիկոլների համար, որոնք կարող են պոպուլիզմի միջոցով միավորներ հավաքել ու դառնալ պողոսների նոր սիրելին։ Ինքը գիտի, որ պողոսները երախտամոռ են ու թեթևաբարո՝ կարող են տրվել ցանկացած պատահական անցորդի։ Գիտի ու սարսափում է։

Փաշինյանը զզվում է անգրագետ պողոսներից։ Ասել է թե՝ սեփական անցյալից։

Պողոսները տեսարաններ են ուզում, բայց նաև՝ հաց։ Տեսարանների լիմիտն ավարտվում է (ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կալանավորումը գրեթե զրոյական քարոզչական էֆեկտ ապահովեց՝ դառնալով ընդամենը մեկ օրվա լրահոսի մաս), և հիմա գալիս է հաց տալու ժամանակը։ Իսկ հաց չկա։ «Տնտեսական հեղափոխությունից» արդեն չի խոսվում, որովհետև դրանից մնացել են միայն ՀԴՄ կտրոնը, սարերի չհավաքված մոշը և չարտահանված ոչխարը։

Պոպուլիստ Նիկոլը ամբոխին խոստացել է, որ կյանքը լինելու է ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի։ «Ժողովրդի» վարչապետը մնացել է այդ պոպուլիզմի տակ ու փորձում է ապրուստի հարցը գոնե մասամբ լուծել, մասնավորապես, Ամուլսարի հանքը բացելու միջոցով։ Բայց չի կարողանում որոշում կայացնել ու ստիպված շարունակում է պոպուլիզմը։ «Լիդիանի» ղեկավարությանը հանդիպում ու ասում է, որ բացելու է հանքը։ Հանքի ճանապարհը փակողներին հանդիպում ու ասում է, որ հանքը չի բացելու։ Պողոսներին էլ ներկայացնում է, թե բա ժողովրդի շահերն եմ հաշվի առնելու։ Մի խոսքով, մարազմ։

Ամուլսարի պատմությունը ցույց տվեց այս կառավարության կատարյալ անգործունակությունը և ոչ կոմպետենտությունը։ Փաշինյանը հարցը այնքան ձգեց, որ այն դարձավ մատի փաթաթան, ու հիմա փորձում է իր արածի տակից դուրս գալ, բայց ստացվում է ավելի անհեթեթ վիճակ։

Երբ կառավարությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ վարչապետը հանդիպել է Ջերմուկի բնակիչների ներկայացուցիչներին (խոսքը ճանապարհ փակողների մասին է), ապա դրանից հետո կառավարության վրա կարելի է կախել՝ «տեխնիկական պատճառներով չի աշխատում» գրությունը։

Այսպես որ շարունակվի, ապա չի բացառվում, որ խիստ մասնագիտական այդ հարցը Փաշինյանը կառավարությունում քննարկի լողորդների, օդաչուների, պատշարների, փողոցային թիթեռնիկների, ՀՀՇ–ի Գևորիկի, ՀՀԿ–ի տատիկի, պառկած Գասպարիի, գինեկոլոգների, ջեբկիրների, ասֆալտ փռողների և մյուսների հետ։ Չէ՞ որ բոլորն էլ «ժողովուրդ» են։

Այդպես է լինում, երբ կոմպետենտ չես ու վերևում հայտնվել ես ալիքի ուժգնության արդյունքում։ Բայց ջրերն արդեն «նստում» են, փրփուրն էլ հետը։ Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն ամեն օր ավելանում է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը