Կարծիք

08.09.2019 14:56


Նորից հանցավորության դեմ ձեռնարկվող, իբրև թե, պայքարի մասին

Նորից հանցավորության դեմ ձեռնարկվող, իբրև թե, պայքարի մասին

Հանցավորությունը պետության բորբոսն է, երբ պետությունը անգործության է մատնվում ու չի կատարում կամ թերի է կատարում իր գործառույթները, գտնվում են մարդիկ՝ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, որոնք իրենց վրա են վերցնում պետության գործառույթները, ու դա անում են սեփական օրենքներով՝ սկսած հարկահանությունից (բիզնեսմեններից налог-ների հավաքագրում) մինչև բարոյական արժեհամակարգի (понятии) ներդնում: Այսինքն պետության մեջ ձևավորում են սուբպետություն, որը, իհարկե, անկախ չէ ու գործում է պետական մարմինների հետ ինչ-որ հակաօրինական սխեմաներով (դրան արտասահմաններում մաֆիա են ասում):

Հիմա մեր թավշյաները հայտարարում են, որ սկսելու են ավելի վճռականորեն պայքարել հանցավորության դեմ, ու դրա համար «օրենքով գողերին» ու մյուս քրեական հեղինակություններին միայն իրենց այդ ստատուսը ունենալու համար բանտերում են փակելու: Լավ, ասենք թե փակեցիք, հետո՞, չէ՞ որ հանցավորության պատճառը դուք դրանով չեք վերացնում, չէ՞ որ նրանց բանտերում փակելու դեպքում, անմիջապես նրանց փոխարինողներ են ծլելու, ինչպես կասեին ռուսները՝ свято место пусто не бывает: Կամ հենց այդ նույն «օրենքով գողերը» իրենց կանոնադրությունն են (понятии) փոխելու և իրենց «օրենքով գող» լինելու հանգամանքը այլևս չեն հանրայնացնելու:

Հիվանդության դեմ պայքարելու համար հիվանդության պատճառներն են վերացնում, այլ ոչ թե հետևանքների դեմ են պայքարում կամ ավելի ճիշտ՝ թաքցնում:

Եթե պետության ղեկավարությունը իսկապես ուզում է պայքարել հանցավորության դեմ, առաջին պայմանը նորմալ պետություն ստեղծելն է, այսինքն պիտի ստեղծվի այնպիսի պետություն, որը կկատարի իր բոլոր գործառույթները, որը չի ստեղծի իշխանության վակուում, որը չի իրականացնի պատվերով արդարադատություն, որը կպաշտպանի մարդկանց իրավունքներն ու ազատությունները, հատկապես նրանց արժանապատիվ կյանքի ու աշխատանքային իրավունքները, որը կերաշխավորի նրանց սեփականության ու բիզնեսի անձենմխելիությունը, և այլն, ու այդպես շարունակ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը`politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը