Մեկնաբանություն

10.09.2019 16:20


Բյուջեից մսխված գումարներ` վասն ոչնչի

Բյուջեից մսխված գումարներ` վասն ոչնչի

Իներցիայի ուժով էժանագին սերիալի պես շարունակվող անվերջանալի «լայվերում» եւ «գովազդային» գրառումներում Փաշինյանն այդպես էլ կես խոսք չասաց`ինչի՞ց ելնելով հե՛նց Սորոսից ֆինանսավորվող երկու կազմակերպությունների`«Իրազեկ քաղաքացիների միությանը» եւ «Թրանսփերնսի ինթերնեշնլ»-ին պետական բյուջեից 34 միլիոն դրամ (մոտ 71 հազար 500 դոլար) հատկացրեց «Արցախի ՏԻՄ ընտրություններին հետեւելու» համար։

Հարկատուների փողերը մսխեց, որ ի՞նչ անի. մեջբերի «ընտրախախտումների բացահայտման գլխավոր մասնագետ» Իոաննիսյանին եւ արձանագրի այն, ինչը ի սկզբանե պա՞րզ էր բոլորի համար, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են Արցախի ընտրություններին երբեւէ հետեւելու առիթ ունեցած բոլոր միջազգային եւ տեղական դիտորդնե՞րը. որ «աղաղակող խախտումներ» չեն եղել` «խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ` չիմացության բնույթ», եւ «միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա»։

Նույն կերպ`չբացատրեց, ի՞նչ իմաստ ուներ «Էլարդ» ընկերությանը 400 հազար դոլար տրամադրել Ամուլսարի հանքավայրի շահագործման օգուտների եւ վնասների վերաբերյալ «վերջնական ուսումնասիրություն» անցկացնելու եւ «հավաստի կարծիք» ներկայացնելու համար`մերժելով նույն ծառայությունը 180 հազար դոլար գնահատած ընկերությանը, եթե մեկ է` հիմք չէր ընդունելու փորձաքննության եզրակացությունը եւ հանձնարարելու էր նոր ՇՄԱԳ անցկացնել հանքանյութի արդյունահանման անվնաս լինելու մեջ համոզվելու համար։

Ո՞վ է պատասխան տալու բյուջեի վատնված միջոցների համար։ Նրա՛ համար, որ «անհայտ պայմաններում» հաղթող ճանաչված «թանկաբազար» ընկերությունն իր գործը կիսատ-պռատ է արել` խորքային ուսումնասիրություններ, այսպես ասած`«դաշտային հետազոտություններ» չի կատարել. ընդամենը ամփոփել է ձեռքի տակ եղած փաստերը եւ փաստաթղթերը, համեմատել «կողմերի», իր իսկ գնահատմամբ` թերի ուսումնասիրությունների արդյունքները, փաստարկները եւ հիմնավորումները։

Եվ այդքանից հետո`գրեթե նույնությամբ երկրորդել է «Լիդիանի» տեսակետը, որ հանքավայրի շահագործման բիզնես-պլանը համապատասխանում է միջազգային չափանիշներին, վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի եւ բնակչության համար։

Սա՞ է տնտեսական հեղափոխությունը:

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը