Լրահոս

26.04.2010 15:59


Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներին եւ Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներին:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ անհրաժեշտ է համարում Ակադեմիայի վերջերս անցկացված տարեկան ընդհանուր ժողովից հետո գիտնականների հետ քննարկել գիտության զարգացմանը խոչընդոտող  խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները: «Այս թեմայով մինչ այժմ եղած քննարկումները նախանշում են ճիշտ ճանապարհը. կարծում եմ' մեր առաջնահերթ խնդիրը գիտությունը կրթության եւ տնտեսության հետ սերտ շաղկապելն է»,-ասել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը խոսել է  մեր երկրում գիտությունը եւ կրթությունը զարգացնելու երեք առանցքային ուղիների մասին.  «Առաջին ճանապարհը, որով մենք պետք է շարժվենք, առկա ուսումնական եւ գիտական հաստատությունների վերակազմավորումն ու ավելի արդյունավետ օգտագործումն է, այսինքն' բարեփոխումների շարունակականության ապահովումը: Երկրորդ ճանապարհը նոր տիպի ուսումնական եւ գիտական հաստատությունների ստեղծումն է, ինչպիսին, օրինակ, հիմնադրեցինք Տավուշում' ժամանակակից ինտերնատ- դպրոց, որտեղ ուսուցումը լինելու է օտար լեզվով եւ կիրառվելու են ուսման բնագավառում ամենաժամանակակից ձեռքբերումները: Երրորդ ճանապարհը մեր   ուսանողներին  եւ երիտասարդ գիտնականներին աշխարհի լավագույն ուսումնական ու  գիտական հաստատություններում կրթվելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելն է»,- նշել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս տարի բազմապատկվելու  են հայաստանցի ուսանողների ուսումն արտերկրյա առաջատար բուհերում ֆինանսավորող «Լույս» հիմնադրամի միջոցները, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ կարողանան ուսանել արտերկրում: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստվելու  հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը' ասելով, որ այդ ուղղությամբ եւս պետք է քայլեր ձեռնարկվեն: Հանրապետության նախագահը  խոսել է նաեւ պետության պատրաստակամության մասին'  լուծելու երիտասարդ գիտնականների սոցիալական որոշ խնդիրներ. «Գիտեմ, որ երիտասարդ գիտնականներին բնակարաններով ապահովելու խնդիր կա, եւ մենք պատրաստ ենք շատ լուրջ ներդրում կատարել այս գործում: Սակայն, այդ աջակցությունը պետք է ստանան միայն ու միայն այն երիտասարդ գիտնականները, ովքեր գիտության մեջ իսկապես խորանալու մտադրություն ունեն, ոչ թե նրանք, ովքեր ասպիրանտուրան ավարտելուց հետո մի քանի ամիս ինչ-որ գիտական հաստատությունում աշխատում են եւ հետո գնում այլ  ուղղությամբ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Ակադեմիկոսները երկրի ղեկավարի հետ զրուցել  են գիտության զարգացումը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին: Դրանցից առաջնահերթ է համարվել այն, որ Ակադեմիան համապատասխան փորձակոնստրուկտորական ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում իր գիտական արդյունքները լիարժեք  ներդնել տնտեսությունում: Նրանց խոսքով' նման կառուցվածքի բացակայությունը նաեւ անհնար է դարձնում մասնավոր կապիտալի հոսքը դեպի գիտություն, ինչը նոր հետազոտություններ կատարելու  եւ գիտական արդյունք ձեւավորելու գործում  էական նշանակություն ունի: Խոսվել է նաեւ ԳԱԱ ճյուղային ինստիտուտների եւ տնտեսության համապատասխան ճյուղերի միջեւ համագործակցության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղիների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են հասարակագիտական գիտությունների, մասնավորապես' հայագիտության զարգացումը խթանող պայմանների ստեղծման անհրաժեշտությանը: ՀՀ Նախագահը նշել է, որ խրախուսիչ պայմաններ պետք է ստեղծել նաեւ հայագիտությամբ զբաղվող արտերկրի գիտնականների համար: Խոսվել է նաեւ հայ գիտնականների աշխատությունները օտար լեզուներով լույս ընծայելու, դրանք նաեւ էլեկտրոնային ռեսուրսներում ներկայացնելու գործընթացի կազմակերպման մասին:

Գիտության զարգացման խնդիրներից բացի, ակադեմիկոսներն անդրադարձել են նաեւ այս օրերին ակտիվորեն քննարկվող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Նրանք ասել են, որ սատարում են ՀՀ Նախագահին այս գործընթացում եւ նրա ձեռնարկած քայլերը համարում արդյունավետ:

Գիտնականները Նախագահ Սարգսյանին նաեւ  առաջարկել են նման  հանդիպումները դարձնել ավանդական'  ասելով, որ ծավալված քննարկումը ցույց տվեց, որ դրանք կարող են շատ օգտակար լինել:

Երկրի ղեկավարը հավանություն է տվել գիտնականների առաջարկին եւ շնորհակալություն հայտնել անկեղծ ու շահագրգիռ  զրույցի համար' նշելով, որ այն հնարավորություն տվեց ոչ միայն արձանագրել խնդիրները, այլեւ նախանշել դրանց լուծման կոնկրետ  ուղիներ:

Այս խորագրի վերջին նյութերը