Լրահոս

26.04.2010 17:29


Շիրակի մարզի Սարագյուղ համայնքը համաճարակի վտանգի առա՞ջ

Ընդամենը մի քանի օր առաջ Շիրակի մարզի Սարագյուղ համայնքի բնակիչները բողոք էին ներկայացրել լրատվամիջոցներին, որ իրենց մատակարարվող չքլորացված և սանիտարական որևէ չափանիշի չհամապատասխանող ջրի դիմաց ջրամատակարար «Հայջրմուղի» Աշոցքի տարածքային բաժանմունքը դատի է տվել համայնքի բնակիչներին և պահանջում է վճարել ջրի դիմաց: Սարագյուղցիների հավաստմամբ՝ սույն ընկերությունն արդեն 10 տարուց ավելի որևէ մասնակցություն չի ունեցել համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման գործին, և նրա ներկայացրած պահանջները հիմնավոր չեն:

«Հայջրմուղ» ընկերության Աշոցքի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Արկադի Հասրաթյանի հավաստմամբ՝ իրենց ընկերությունը դեռևս դատի չի տվել սարագյուղցիներին, սակայն պատրաստվում են. «Գյուղի 90 տոկոսի հետ ջրամատակարարման պայմանագիր է կնքվել, որի շրջանակներում էլ, որպես իրավաբանական փաստաթուղթ, կարգավորվել են այդ հարաբերությունները: Սակայն Սարագյուղ համայնքը մասսայական վճարումներ չի կատարել. կատարվել են մասնակի վճարումներ, որոնք բավարար չեն եղել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար: Կան բաժանորդներ, որոնք գյուղի 10 տոկոսը չեն կազմում: Նրանք, ըստ ՀՀ կառավարության 2004թ. N 130 որոշման, հանդիսանում են ապօրինի ջրօգտագործողներ, որոնց նկատմամբ հայցեր կներկայացնենք դատարան»,-խնդիրն իրենց տեսակետից է ներկայացրել «Հայջրմուղ» ընկերության Աշոցքի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Արկադի Հասրաթյանը:

Իսկ այն հարցին, թե եթե համայնքի բնակիչները սանիտարական չափորոշիչներին չհամապատասխանող ջուր են օգտագործում, այդ դեպքում դա չի՞ համարվում «Հայջրմուղի» կողմից պայմանագրի կետերի խախտում, Արկադի Հասրաթյանը պատասխանել է. «Որևէ լրագրող իրավունք չունի որոշելու՝ ջուրը համապատասխանո՞ւմ է ստանդարտներին, թե՞ ոչ: Դրա համար մեր երկրում գոյություն ունեն համապատասխան կառույցներ, որոնք տալիս են համապատասխան եզրակացություն»:

Հավանաբար Արկադի Հասրաթյանը պատասխանելուց առաջ տեղյակ չէր, որ իրենց մատակարարած ջրի սանիտարական չափորոշիչներին չհամապատասխանող եզրակացությամբ փաստաթուղթ գյուղի բնակիչներն արդեն ունեն:

Նույն խնդրի կապակցությամբ Շիրակի մարզի հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Կարինե Թաիրյանը մեզ հավաստիացրեց, որ իրենք մեկ անգամ չէ, որ ահազանգել են, և այդ մասին տեղեկացվել են բոլոր այն ջրամատակարար ընկերությունները, որոնց մատակարարած ջուրը չի վարակազերծվում: Իսկ Սարագյուղը պատկանում է այն համայնքների թվին, որտեղ ջուրը չի քլորացվում:

«Ջուրը Սարագյուղում ոչ մի անգամ չի քլորացվել, և այդ մասին հակահամաճարակային տեսչությունը բազմիցս տեղյակ է պահել «Հայջրմուղին»: Տարիներ շարունակ մարդիկ այդ ջուրն օգտագործել են: Սակայն, փա՛ռք Աստծո, դեռևս չեն հիվանդացել: Բայց սա այն պահը չի, որ ասենք՝ եթե չեն հիվանդացել, վերջացնենք, ո՛չ քլորացման մասին մտածենք, ո՛չ հետազոտենք և այլն»,- ասել է Կարինե Թաիրյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը