Քաղաքական

13.09.2019 15:18


Դատարանը որոշեց կալանավորել ՀՀ երրորդ նախագահի եղբորը

Դատարանը որոշեց կալանավորել ՀՀ երրորդ նախագահի եղբորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Ամրամ Մակինյանից։

Հարցին՝ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, թե ոչ, պաշտպանն արձագանքեց. «Այս պահին դեռ այդ հարցը չեմ քննարկել իմ վստահորդի հետ։ Ինքս դեռ ծանոթ չեմ դատարանի որոշմանը։ Հիմնավորումներին ծանոթ չեմ և չեմ կարող մեկնաբանել։ Եզրափակիչ մասի հետ, իհարկե, համաձայն չենք»,-նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ իր ազդեցությունը շահադիտական նպատակներով օգտագործելու համար։ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ավելի վաղ տեղեկացել էին, որ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ավելի վաղ Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ Լևոն Սարգսյանը տեղյակ է նոր քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված լինելու մասին։
«Նա ծանոթ է մեղադրանքի փաստական և իրավական կողմերին։ Լևոն Սարգսյանն ամբողջությամբ չի ընդունում այն, քանի որ գտնում ենք՝ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ։ Նա առնչություն չունի իրեն մեղսագրված արարքին»,-նշեց պաշտպանը։

Այսպիսով՝ Լեւոն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն է ընտրվում արդեն երկու քրեական գործով։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Լեւոն Սարգսյանը հետախուզման մեջ է գտնվում դեռեւս 2018թ.-ի հուլիսից։ «Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 6-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին»,-հայտարարել է ՀՔԾ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը