Մեկնաբանություն

14.09.2019 08:30


Նիկոլի թվի վերջը եկել է` վրան խաբար չկա

Նիկոլի թվի վերջը եկել է` վրան խաբար չկա

Կույր պետք է լինել` չտեսնելու համար, որ Փաշինյանի օր օրի վտանգավոր դարձող «կրեաԾիվ» նախաձեռնությունները, անգամ կառավարության որոշ անդամների համար անհասկանալի`ռացիոնալ որեւէ տրամաբանության մեջ չտեղավորվող «էկզոտիկ» հանձնարարականները, անվերահսկելի վարքագիծը արդեն իր թիմակիցների կողմից էլ միանշանակ չեն ընդունվում։

Ինչին ձեռք է տալիս` դեռ չսկսած, խոփը քարին է դեմ առնում, Ամուլսարի հանգույցը, ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թնջուկը, Արցախյան հիմնախնդիրը, բանկային գաղտնիքը «բացելու» հարվածային գործողությունը, դատական համակարգը «փորձաճագար» դարձնելու մտասեւեռումը կամ հանրային հնչեղություն ունեցող որեւէ այլ խնդիր։

Հարց է առաջանում. ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր «կոտրած ձեռքով» առանց հետ նայելու` մեթոդաբար եւ հետեւողականորեն քանդել տասնամյակների ընթացքում ձեւավորված, լավ թե վատ աշխատող տնտեսական, քաղաքական եւ իրավական բոլոր կառուցակարգերը` ո՛չ մեկի համար բացառություն չանելով։

Ինչո՞ւ պիտի հերթով կազմալուծի կայացած ինստիտուտները` բանկային եւ դատական համակարգերից մինչեւ Զինված ուժեր, անխնա մսխի արտաքին քաղաքականության ոլորտում կաթիլ-կաթիլ կուտակված ներուժը`անընդհատ սրելով հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ, խրտնեցնելով գործընկեր երկրներին իր անկանխատեսելի քայլերով եւ չկշռադատված հայտարարություններով, անհիմն լարվածություն ստեղծի Արցախի հետ հարաբերություններում` զուգահեռաբար «բարելավելով» հարաբերությունները հակառակորդի հետ, եթե, իհակե, դա ընդհանրապես հնարավոր է։

Իսկապե՞ս անմեղսունակ է, իրեն հաշիվ չի՞ տալիս` ինչ է անում, չի՞ հասկանում իր չհաշվարկված քայլերի եւ լեզվական «մտավարժանքների» հետեւանքները։

Միտումնավո՞ր է դա անում`զբաղված է խափանարար գործունեությամբ, գիտակցաբար ցնցում է պետության հենասյուները` սպասարկելով օտարի շա՞հը։

Այնքան միամիտ է, որ կարծում է` կողքից չի՞ երեւում, թե ում ջրաղացին է ջուր լցնում։

Հավատում է, որ իշխանությունը հավե՞րժ է` 40 տարի «իշխելու» է եւ մարսելո՞ւ է` կո՞ւլ է տալու իր ցանած թունավոր սերմերի պտուղները։

Կամ գուցե, հակառակը, կարծում է`աշխարհի վերջը եկել է, կարելի է սրտի ուզածն անել`չմտածելո՞վ վաղվա օրվա մասին...

Լավ, մեկը չկա՞ էդ մարդուն ասի` տղա՛ ջան, հանգի՛ստ նստի տեղդ. վաղը պատասխա՛ն ես տալու կերածդ «շաղգամների» համար` եթե ոչ օրենքի, ապա պատմության առաջ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը