Մեկնաբանություն

16.09.2019 12:36


Ռոբերտ Քոչարյանի «գործով» սահմանադրական կարգը կտապալվի՞

Ռոբերտ Քոչարյանի «գործով» սահմանադրական կարգը կտապալվի՞

«Մարտի 1»–ի թեմայով Նիկոլ Փաշինյանն ինքն իր դրած ծուղակն է ընկել։ Նա հրապարակավ հայտարարել է, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտված է, բայց նման բան չկա, քանզի հայտնի չեն 10 զոհերի հեղինակները և սպանության հանգամանքները։

Ոչ մի նոր բան չկա գործում։ Կա միայն քաղաքական վենդետտայի փորձ։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ պարզապես «գործ» է կարվել։

Փաշինյանը վրեժ է լուծում ՀՀ 2–րդ նախագահից այն բանի համար, որ 2008–ին չի կարողացել սահմանադրական կարգի տապալում կազմակերպել և իշխանության գալ։ Սա ակնհայտ է բոլոր ողջամիտ մարդկանց համար։ Պատահական չէ, որ նույնիսկ «Իմ քայլի» ճնշող մեծամասնությունը չի մտնում այս արկածախնդրության մեջ ու քաղաքական փաստաբանություն չի անում Փաշինյանի համար։

Ն. Փաշինյանն այժմ վերադարձել է իր նախկին կարգավիճակին։ Այսինքն՝ դարձել է Լևոն Տեր–Պետրոսյանի գործիքը։ Դա է պատճառը, որ «Մարտի 1»–ի թեմայով Նիկոլի սարքած «գործին» դատարանում տեր են կանգնում միայն ՀԱԿ–ի փոքրիկ խմբակը, զոհերի մոլորեցված հարազատներն ու մի քանի վարձկան։

Հիմա ունենք շատ հետաքրքիր պատկեր. 2008–ին սահմանադրական կարգը տապալելու փորձ անողները՝ Տեր–Պետրոսյանն ու իր փոքրաթիվ թիմակիցները և սահմանադրական կարգը մինչև վարչապետ դառնալն ու վարչապետի կարգավիճակով բազմիցս խախտած Նիկոլ Փաշինյանը փորձում են վիճարկել ՍԴ որոշումը ու Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելը կանխել։

Եթե Քոչարյանի կալանքի որոշումը չվերացվի և այդ սարքած գործը չկասեցվի, ապա մենք ականատեսը կդառնանք սահմանադրական կարգի տապալման հերթական դրսևորման, ինչը շատ լուրջ հանցագործություն է։ Պետական դավաճանությանը համարժեք արարք։

Վաղը պարզ կդառնա, թե Փաշինյանը ո՞ր «հոդվածով» է գնալու։ Եթե «բզիկները» չբռնեն ու նա Ռ. Քոչարյանի մասով չխոչընդոտի դատավորի օրինական որոշման կայացմանը, ապա հետագայում կարող է ակնկալել հումանիտար միջանցք։ Իսկ եթե հակառակն անի ու Քոչարյանը մնա կալանքի տակ, ապա ինքն իրեն շատ ծանր վիճակի մեջ կդնի՝ իր և Հայաստանի համար անցանկալի տարբերակով։

Ընտրությունն առայժմ իրենն է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՌԴ նախագահ Պուտինի այցից առաջ Քոչարյանի կալանքը չեղարկելը հնարավորություն կտա Փաշինյանին մասամբ ռեաբիլիտացվել և թուլացնել հայ–ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, որը, հասկանալի պատճառներով, պայմանավորված է նաև ՀՀ 2–րդ նախագահի դեմ իրականացվող քաղաքական հետապնդմամբ։

Հ.Գ.-2։ «Ազատություն» ռադիոկայանը Ռոբերտ Քոչարյանի դեմ տենդենցիոզ քարոզ է տանում, ինչը քննության առարկա պետք է դառնա անխուսափելի իշխանափոխությունից հետո։ Այդ լրատվամիջոցն իրականում վնասում է հայ–ամերիկյան հարաբերություններին, ինչը չի բխում ոչ մեկի շահերից։

«Ազատության» նման պահվածքը ձեռնտու է միայն թուրք–ադրբեջանական դուետին։ Հետագա «հերձումը» ցույց կտա, թե ինչքանով էր այդ լրատվամիջոցն ինտեգրված մեր երկրի դեմ թշնամական պետությունների քարոզչական համակարգի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը