Լրահոս

27.04.2010 14:50


Կոռուպցիոն հնարավոր ռիսկերը աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացում

2. Հերթացուցակ

Աղետի գոտու բնակարանաշինության և բնակբաշխման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին իմ նախորդ նյութում անդրադարձել էի անօթևաններին հատկացվող բնակարանների հասցեագրման  և բնակարանների վիճակահանության փուլին: Այս անգամ կփորձեմ անդրադառնալ այդ գործընթացի մեկ այլ' անօթևանների հաշվառման և հերթացուցակի կազմանն բաղադրիչում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին:

Աղետի գոտում արտահերթ բնակարան ստանալու իրավունքի վավերացումը և անօթևանների հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 1999թ. N432 և 2008թ. 1024-Ն  որոշումներով: Ըստ այդ որոշումներով հաստատված'Աղետի գոտու  բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի'

- բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բնակարանը, բնակելի տունը, տան մի մասը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի,

-աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը,

- բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի' համայնքի ղեկավարին:

Աղետի գոտու բնակավայրերում  երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ ՀՀ կառավարության 2008թ. 1024-Ն որոշմամբ սահմանվել էր 2008թ. նոյեմբերի 1-ը:

Նախ ասեմ, որ  վերոհիշյալ որոշումներում առկա «արտահերթ» բառը որևէ մեկի մոտ թյուր տպավորություն թող չստեղծի, թե դա նշանակում է շուտափույթ. հավանաբար այս պարագայում այդ բառը ... բառիս բուն իմաստով չի գրված, իսկ աղետի գոտում այն կարող է և 22 տարուց ավելի տևել:

Ինչևիցե, այդ որոշումների համաձայն աղետի գոտում բնակարանների բաշխումից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր հասցրել են հաշվառվել մինչև նշված ժամկետը: Միայն Գյումրու անօթևանների հերթացուցակում կա այդպիսի կարգավիճակ ունեցող 4245 անօթևան ընտանիք:

Ի դեպ, բնակարան ստանալու իրավունքը վերականգնել կամ առնվազն հերթացուցակում հաշվառման կանգնել հնարավոր է նաև դատական ճանապարհով, հիմնականում այն դեպքերում, երբ տեղական իշխանությունները քաղաքացուն ինչ-ինչ պատճառներով չեն հաշվառել: Գյումրու անօթևանների հերթացուցակում դատական ճանապարհն անցած բազմաթիվ քաղաքացիներ կան: Առհասարակ  դատական  ճանապարհով բնակարանային իրավունքի վերականգնման թեման բավական տարողունակ է  և արժանի է  հատուկ ուսումնասիրման: Ինքս առիթ ունեցել եմ ծանոթանալու նմանատիպ մի քանի վճիռների: Դրանցում կան  այնպիսիները, որոնց ակնհայտորեն թխած ու բառիս բուն իմաստով սարքովի լինելը պարզապես հնարավոր չէ չկասկածել. դե, մենք մեր դատարաններին լավ գիտենք...

  Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն  այդ ճանապարհը մեկ տարուց ավելի է' փակ է: Հենց իրենց' դատավորների խոսքերով, վերևից դատարաններին  իջեցված հատուկ ցուցում կա բնակարանային իրավունքի վերականգնման  ոչ մի գործ վարույթ չվերցնելու մասին: Մոտավորապես հասկանալի են նման հրահանգի դրդապատճառները, որպիսիք են անօթևանների ցուցակները չավելացնելը, դատական վճիռների օրինականության հանդեպ վերևներում նստածների մեջ ևս անվստահության առկայությունը, անօթևանների հանդեպ պետության պարտավորությունները օր առաջ ավարտված համարելու ձգտումը  և այլն:

Բոլորիս է հայտնի, որ հետերկրաշարժյան տարիներին սոցիալ-տնտեսական և այլ պայմանների պատճառով Հայաստանից ու հատկապես աղետի գոտուց հազարավոր ընտանիքներ  արտագաղթեցին:  Եվ փաստորեն երկրաշարժից իրենց բնակարանները կորցրած, սակայն վերահաշվառման ժամանակ Հայաստանից բացակայող անօթևան ընտանիքները զրկված են բնակարան ստանալու իրավունքից: Ավելին, նույն որոշման համաձայն սահմանված ժամկետում դիմում չներկայացրած անձանց նկատմամբ բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության պարտավորությունները համարվում են դադարեցված: Եվ սա այն դեպքում, երբ աղետի գոտում կան  2008-ից հետո Հայաստան վերադարձած ու նման կարգավիճակում հայտնված բազմաթիվ ընտանիքներ, որոնց թվաքանակը գնալով ավելանում է:

Այնուամենայնիվ այդպիսի ընտանիքների խնդրին, տարբեր մակարդակների իշխանավորների կողմից տրված հավաստիացումների համաձայն,  պետությունը  մտադիր է անդրադառնալ  2008թ.-ին հաստատված հերթացուցակներում առկա անօթևանների փոխհատուցումից հետո  միայն: 

Անօթևանների հերթացուցակում հաշվառվելը իհարկե առաջին նախապայմանն է ապագայում բնակարանատեր դառնալու համար, սակայն ոչ պակաս կարևոր է, թե քաղաքացին հերթացուցակի որ հորիզոնականում է հաշվառվում: Իսկ դա կախված է անօթևանի  ունեցած առաջնահերություն կամ արտոնություն կոչվածից, որը նույնպես սահմանված է ՀՀ Կառավարության N432 որոշմամբ:

Ընդհանուր առմամբ հերթացուցակը բաղկացած է  30 կետից, իսկ որոշ կետեր էլ իրենց հերթին' բազմաթիվ ենթակետերից: Իսկ վերը նշված, այսպես ասած, արտոնությունները ուժի մեջ են, եթե դրանք առկա են եղել մինչև 1999թ. հունվարի մեկը, այսինքն դրանից հետո հերթացուցակում բնակարան ստանալու առաջնահերթությունը կարող է փոփոխվել միայն համայնքի  ղեկավարի միջնորդությամբ և բնակարաների բաշխման հանձնաժողովի համաձայնությամբ: Այստեղ անօթևանի առաջնահերթություն կամ  արտոնութուն ասվածը բավական հարաբերական հասկացություն է և բնակարան հատկացնելու որոշում կայացնողներին հնարավորություն է տալիս հարցին մոտենալու  ըստ սեփական հայեցողութան,  այսինքն առկա է կոռուպցիոն ռիսկը: Բնակարանների սպասող անօթևանների շրջանում և բնակարանների բաշխման հանձնաժողովում երբեմն վեճի առարկա են դառնում հենց այդ' այս կամ այն ընտանիքի առաջնահերթության վերանայման կամ համայնքի ղեկավարի միջնորդագրերը հիմք ընդունելով  հերթացուցակի ստորին մասերում ընդգրկված որևէ ընտանիքին արտահերթ  բնակարան հատկացնելու դեպքերը: Օրինակ' բնակբաշխման այս փուլում նման միջնորդությամբ բնակարաններ հատկացվեցին Գյումրիում կառուցվող «Փառքի բլուր»  հուշահամալիրի տարածքում բնակվող մի քանի ընտանիքների, որոնք հերթացուցակում 29 և 30-րդ կետերի արտոնություններ ունեն:  Բնակարան հատկացնելու ժամանակ առավել առաջնահերթություն ունեցող ընտանիքները իրավացիորեն բողոքեցին, որ հերթացուցակի ավելի ստորին մասում հաշվառված անձանց բնակարան տալով մեխանիկորեն իրենց հերթը հետ է ընկնում:

Անօթևանների ցուցակների  հերթականությունը երբեմն վերանայվում է բնակարանների բաշխման ժամանակ հանձնաժողովի կողմից վերջնական ուսումնասիրություններից հետո, երբ պարզվում է, որ մի դեպքում համապատասխան որոշումր շրջանցվել է և հաշվի են առնվել ավելի ուշ, 1998թ.-ից հետո ի հայտ եկած ու տվյալ ընտանիքին առաջնահերթություն բերող բաղադրիչները, իսկ մյուս դեպքում ճիշտ հակառակը' սահմանված ժամկետում եղածներն անտեսվել են .... Նման դեպքերը երբեմն էլ  բացահայտվում են հենց իրենց'  անօթևանների կողմից: Յուրաքանչյուր անգամ բնակարանների վիճակահանության մասնակիցների ցուցակները հրապարակելուց հետո մենք ստանում ենք նման բողոքներ, միայն թե շատ դեպքերում բողոքողները խուսափում են նշել որևէ մեկի անուն - ազգանունը:

Ուստի այդպիսի միջնորդություններում ևս առկա է կոռուպցիոն ռիսկը:

 Ինչպես արդեն ասացի, այնուամենայնիվ առավել կարևորը հերթացուցակում հայտնվելն է, որի համար անհրաժեշտ է ունենալ կամ ձեռք բերել երկրաշարժից փլված կամ առնվազն բնակության համար ոչ պիտանի դարձած բնակարանի հասցեի գրանցում: Աղետի գոտում անցած տարիներին բազմաթիվ են խոսակցություններն  այն մասին, որ բազմաթիվ անօթևան ընտանիքների բնակարանների հասցեներում հայտնվում են այնպիսի մարդկանց գրանցումներ, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել տվյալ անօթևան ընտանիքի հետ: Լինում են դեպքեր, երբ  տվյալ ընտանիքը իր բնակարանի հասցեում չգիտես ինչպես հաշվառված անձնավորության մասին կամ առհասարակ չի իմանում, կամ իմանում է միայն այն ժամանակ, երբ վերջապես գալիս է նաև իրենց բնակարան ստանալու հերթը.... Իհարկե, տվյալ պարագայում նման անօթևան ընանիքը հայտնվում է աննախանձելի վիճակում և ընկնում է քաշքշուկների մեջ:

 Մենք գիտենք նաև, որ աղետի գոտում հարյուրավոր ընտանիքներ 1988-ի դաժան երկրաշարժին զոհվեցին ամբողջովին: Իսկ նման ընանիքների հասցեներում անօրինական գրանցման և այդ ճանապարհով բնակարան ստանալու դեպքերի բացահայտումը  գրեթե անհնարին է:

  Առհասարակ անօթևանների հերթացուցակում առկա են 3 տեսակի կարգավիճակ ունեցող ընտանիքներ' մինչև օրս կորցրած բնակարանի դիմաց ամենևին չփոխհատուցված, մասնակի փոխհատուցված, այսինքն մեկ անգամ արդեն բնակարան ստացած, սակայն երկրաշարժին կորցրած սենյակների թվից պակաս թվով սենյակներ ստացած, և միայն դրամական փոխհատուցման ենթակա քաղաքացիներ: Վերջիններս այն ընտանիքներն են, որոնց վրա տարածվում է նախկին'1998թ.-ից առաջ գործող որոշումը, ըստ որի անօթևան ընտանիքներին բնակմակերես հատկացվում էր ընտանիքի անդամների թվի հաշվով և ըտանիքի մի մասը նախկինում ստացել է բնակարան:

 Իհարկե, բնակբաշխման գործընթացը լի է կոռուպցիոն ռիսկերով ու բացերով, սակայն պատշաճ վերահսկողության և բնակբաշխման հանձնաժողովի օրինապահ աշխատանքի պարագայում միանգամայն հնարավոր է խուսափել սխալներից, որոնք տվյալ պարագայում անօթևան ընտանիքների համար առանց չափազանցության կյանքի արժեք ունեն:

Վահան Թումասյան

 «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ

Հ.Գ. Բնակբաշխման գործընթացի բնակարանների հատկացման և ժամանակավոր կացարաններից տարածքների ազատման ոչ պակաս կարևոր փուլերի հնարավոր կոռուպցիոն ռիսկերին ու բացերին կանդրադառնամ հաջորդիվ:

Այս խորագրի վերջին նյութերը