Լրահոս

27.04.2010 14:48


ԲՀԿ պատգամավորին հետաքրքրել է ՀՀԿ պատգամավորի ամուսնու ազգանունը

 

Այսօր ԱԺ-ում «Գովազդի մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության», «Վարչական իրավախախտումների» մասին օրենքներում լրացումներ կատարելու վեաբերյալ հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը հանկարծ հետաքրքրվել է ամբիոնից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսնու ազգանվամբ: Նշենք, որ օրենսդրական այս փաթեթն ընդհանուր առմամբ այն մասին է, որ թատերահամերգային միջոցառման կազմակերպիչները տվյալ միջոցառման գովազդի ժամանակ պարտադիր պետք է նշեն՝ կատարումները կենդանի՞ են լինելու, թե՞ ֆոնոգրամայով:
Կ. Աճեմյանը պատասխանել է, որ իր ամուսինը դերասան Արա Դեղտրիկյանն է: Էռնեստ Սողոմոնյանը շարունակել է հետաքրքրվել, թե տվյալ օրինագծի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի Կարինե Աճեմյանի ամուսինը:
Այստեղ վրդովված միջամտել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Կ. Աճեմյանին հորդորելով տարբեր հարցերի վերաբերյալ ճշտել ամուսնու տեսակետները և հետագայում հաղորդել Է. Սողոմոնյանին:
-Չմոռանա՛ք հորդորս,- ասել է Հ. Աբրահամյանը:
ԱԺ դահլիճում տեղի ունեցածի կապակցությամբ «7օր»-ի թղթակցի հետ զրույցում Կ. Աճեմյանն ընդգծել է, որ իրենք կենցաղում օրենքների մասին երբեք չեն խոսում:
-Այնպես չի, որ մենք մեր տանն օրենք ենք քննարկում: Նա հնարավոր է՝ ընդհանրապես տեղյակ չլինի՝ ես այստեղ ինչ քննարկումների մեջ եմ: Մենք շատ հարցեր ունենք քննարկելու՝ կապված և՛ արվեստի, և՛ թատրոնի հետ: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում հիմա «Մակբեթ» է բեմադրվում, և նա Մակբեթ է խաղալու,- ասել է ՀՀԿ պատգամավորը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը