Լրահոս

27.04.2010 15:03


Պերճ Զեյթունցյան. «Ես շատ դեմ եմ տարածքներ հանձնելուն»

Պերճ Զեյթունցյան. «Ես շատ դեմ եմ տարածքներ հանձնելուն»

Երեքշաբթի «Դե ֆակտո» ակումբում հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը խոսել է ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Արցախյան հիմնահարցի մասին։

Նա նշել է, որ մինչև 1965թ. հայոց ցեղասպանության մասին շատ քիչ բան է իմացել, ցեղասպանության մասին լսել է միայն բանավոր զրույցներից, և 1965թ. հրապարակ դուրս եկած բազմահազարանոց ժողովուրդն իր համար չտեսնված բան է եղել։

Նրա խոսքերով՝ հիշողությունը բարոյականություն է, և այն ժողովուրդը, որը կարող է մոռանալ իր անցյալը, անբարո է։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, նա ասել է.

-Ես թուրքերին ատում եմ, սակայն հարևաններ ենք  և պետք է միասին ապրենք։ Մեր միջև համերաշխություն երբեք չի լինի, սակայն դիվանագիտական հարաբերություններ կարելի է հաստատել։ Նման օրինակները բազմաթիվ են։ Ես դրան կողմնակից եմ, սակայն շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։

Նրա կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանին կտան ճանապարհ և առևտրատնտեսական հարաբերություններ։ Պետք է նաև դեսպանատուն ունենալ, որն ինչ-որ տեղ ճնշում և լարվածություն է այլ երկրի համար։ Սահմանի բացումից, նրա խոսքերով, վախենալ պետք չէ, սակայն այլ բան է անդունդը, որն առաջացել է երկու ժողովուրդների միջև.

-Որոշ թուրքերի անկեղծությանը ես հավատում եմ, սակայն շատ քչերի։ Բայց երբևէ հնարավոր չէ մոռանալ այն անդունդը, որ կա մեր ժողովուրդների միջև։ 1,5 մլն մարդը կատակ բան չէ։ Իմ խոսքն ընդամենը քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու մասին է,-նշել է նա։

Հայոց պատմական հողերի վերադարձի մասին խոսելիս Պերճ Զեյթունցյանն ասել է, թե դրան չի հավատում. «Միգուցե հրաշք տեղի ունենա, սակայն առանց կռվի հող չես կարող վերցնել»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն բառն արտասանել-չարտասանելու անհրաժեշտությանը՝ նա նշել է, թե դա, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, սակայն ինքը չի հասկանում, թե քանի՞ անգամ պետք է նախագահն ասի այդ բառը, քանի որ ԱՄՆ նախագահ Ռեյգանն արդեն իսկ ընդունել է ցեղասպանությունը։

Անվանի գրողը համակարծիք չէ նաև այն տեսակետի հետ, թե ցեղասպանությունը հայ ժողովրդի մեջ զոհի բարդույթ է առաջացրել։

Նա նշել է, որ իրեն այսօր չի հետաքրքրում թուրքի մասին հայի կամ օտարերկրացու կարծիքը, իրեն հետաքրքրում է թուրքի կարծիքը թուրքի մասին։ Այս կապակցությամբ նա մեջբերել է Աթաթուրքի ներքոհիշյալ խոսքերը և հավելել, որ դրան ավելացնելու բան այլևս չունի. «Մեր արյունակիցները կատարեցին անանցելի ոճիր՝ տեղում կազմակերպեցին տեղահանում և կոտորած։ Ծծկեր երեխաների վրա նավթ էին թափում ու վառում նրանց, բռնաբարում կանանց և աղջիկներին՝ ձեռքերն ու ոտքերը կապած ծնողների աչքի առաջ, յուրացնում էին շարժական ու անշարժ գույքը։ Նրանք հայերին դնում էին այնպիսի անտանելի վիճակի մեջ, որ մինչ այդ ոչ մի ժողովուրդ չի տեսել պատմության մեջ»։

Նա նշել է նաև, որ այսօր ավելի շատ վախենում է ոչ թե թուրքերից, այլ «ազերներից», քանի որ նրանք ընդհանրապես վայրի ժողովուրդ են։ Ադրբեջանցիների կողմից վայրագությունների մի քանի օրինակներ հիշելով՝ Պերճ Զեյթունցյանը զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ նման փաստերը շրջանառության մեջ չեն դրվում։ Նրա կարծիքով հայկական քարոզչությունը բավական թույլ է։

Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով՝ Պերճ Զեյթունցյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղն իր համար Հայաստան է.

-Այսպես ասած գրավյալ տարածքները ո՞րն են։ Ես շատ դեմ եմ տարածքներ հանձնելուն։ Դրանք տարածքներ չեն, դա հայրենիք է։ Ես ինչպե՞ս ասեմ, որ հայրենիք հանձնելը ճիշտ է։ Հերիք է կորցնենք, գոնե մի անգամ ինչ-որ բանի տեր լինենք,-ընդգծել է Պ. Զեյթունցյանը։

Հայ ժողովրդին նա խորհուրդ է տվել սիրել այս հողը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը