Լրահոս

27.04.2010 17:22


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին  Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում  «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան /հուսախաբությունը/ այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար: Դրանք հետևյալն են.

 1. Նրա վարած քաղաքականության ամենակարևոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների և խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

 2. Այդ անհաջողության հետևանքով հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլևս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

 3. Արձանագրելով այս իրողությունը, Թուրքիան հասավ նրան, որ այսուհետև միջազգային հանրության, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող գերտերությունների ջանքերը ուղղվելու են ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման համար Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուն:

4. Արձանագրություններով նախատեսված պատմաբանների հանձնաժողովի ստեղծման' Թուրքիայի պահանջով արված զիջումը, որին Սերժ Սարգսյանը դիմել էր Թուրքիայի հետ հարաբերությունները առանձին կարգավորելու նպատակով, այսպիսով դառնում է անտեղի և միակողմանի զիջում: Բարոյապես անընդունելի նմամ զիջման համար չկար որևէ քաղաքական անհրաժեշտություն, քանի որ ղարաբաղյան խնդրի լուծելու պարագայում Թուրքիան առաց այդ էլ բացելու էր սահմանը:

 5. Ի դեմս պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի Թուրքիան, առանց որև հատույցի ստացավ այն, ինչը աշխատում է անգամ առանց արձանագրությունների վավերացման, թույլ տալով ԱՄՆ-ին շրջանցել Հայոց Ցեղասպանության ճանաչումը և ընդհանրապես դժվարացնելով ճանաչման գործընթացը:

 6. Անգամ Ղարաբաղի խնդրում Թուրքիայի կողմից պահանջների բավարարման դեպքում Սերժ Սարգսյանը այլևս չի կարող հրաժարվել հանձնաժողովից:

 7. Ստանալով Ցեղասպանության ուրացումը և ոչինչ չհատուցելով դրա փոխարեն, Թուրքիան հիմա զարգացնում է հաջողությունը, պահանջելով սահմանի վերաբացման դիմաց նաև Աղդամի և Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին և, ըստ որոշ տվյալների, արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը:

 Սերժ Սարգսյան, թերևս, իրեն խաբված է զգում Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, սակայն ավելի ծանր է այն հանգամանքը, որ նա խաբել է հայ ժողովրդին: Այս խայտառակ տապալման հիմնական պատճառն այն է, որ Սերժ Սարգյսանը ստիպված մտավ դիվագիտական այնպիսի գործընթացների մեջ, որոնք թույլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրության աջակցությունը և ամրապնդել իր խոցելի և ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում: Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցվեն բռնության և դրսի օժանդակությանը կառչելու փորձերը և երկրում նախաձեռնվեն համերաշխության և ազգային համախմբման գործընթացներ, որոնք կհանգեցնեն Հայաստանում ժողովրդավարության և լեգիտիմ իշխանության ձևավորումը:

Հայ Ազգային Կոնգրես

Այս խորագրի վերջին նյութերը