Մեկնաբանություն

18.09.2019 23:23


Սպայական կիսապատիվը կամ կիսասպայական պատիվը

Սպայական կիսապատիվը կամ կիսասպայական պատիվը

Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի տեքստն այնքան զրնգուն չէր, ինչպես Արթուր Վանեցյանինը, բայց սպայի պատվի մասով նույնական էր:

Օսիպյանն էլ, ինչպես Վանեցյանը, խոսել է սպայի պատվի և արժանապատվության մասին:

Թե ինչ նկատի ուներ Վանեցյանը «սպայի պատիվ» ասելով, կարելի էր գլխի ընկնել նրա հրաժարականի տեքստից: Ըստ ամենայնի՝ անսթափ, տարերային ու հախուռն որոշումներ կայացնող, առաջնայինը երկրորդականից չտարբերող Նիկոլ Փաշինյանը տվել է այնպիսի ապօրինի հանձնարարականներ, որոնց կատարումը Վանեցյանի համար սպայի պատիվն արատավորող է եղել:

Ուշագրավն այն է, որ երկուսն էլ իրենց հայտարարություններից հետո որոշակի սրբագրումներ կատարեցին: Այսինքն՝ սպայի պատիվը «կիսեցին»՝ դարձնելով այն կիսապատիվ: Կամ էլ սպայի կարգավիճակը կիսեցին՝ դարձնելով կիսասպա: Մեկը դա արեց խոսքով, իսկ մյուսը՝ գործով:

Վանեցյանն իր հայտարարության հաջորդ օրը մեղմեց դրա բովանդակությունը, իսկ Օսիպյանը սպայի պատիվը կիսեց՝ համաձայնելով աշխատել Փաշինյանի գլխավոր խորհրդական:

Թե ինչու սույն նախկին ու տարած և հետ բերած պաշտոնյաները այդպես վարվեցին, իրենց գործն է, բայց, միևնույն է, խոսքն արդեն ասված է: Քաղաքական դաշտում լուրջ ուշադրության պետք է արժանանան ԱԱԾ նախկին տնօրենի բնութագրումները: Դրանք հենց այնպես չեն կարող անցնել ու գնալ: Դրանք լուրջ մեղադրանքներ են: Այդ մեղադրանքներին պետք է անդրադառնա Փաշինյանը, պետք է փակագծերը բացի Վանեցյանը, և այդ գնահատականները պետք է քննության առարկա դարձնեն քաղաքական դաշտն ու հանրությունը:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը