Լրահոս

27.04.2010 17:33


Վ. Հովհաննիսյան. «...հասկանալի չէ, թե ինչ է փոխվել»

Վ. Հովհաննիսյան. «...հասկանալի չէ, թե ինչ է փոխվել»

ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցմանը և նշել, որ ՀՅԴ կարծիքով դա արվել է ոչ ամբողջությամբ և ճիշտ կերպով։

Վ. Հովհաննիսյանը նշել է, որ ինքնին ողջունելի է, որ ՀՀ իշխանությունները վերջերս սկսել են հասկանալ, որ թուրքերի հետ նախապայմաններով, Հայաստանի վզին փաթաթած օրակարգերով բանակցելը վտանգավոր է։

-Եթե Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգից հարցը հանված չէ, ապա հասկանալի չէ, թե ինչ է փոխվել,- ասել է նա և հավելել, որ մնացածն արդեն արվել էր ԱԺ նախագահի կողմից, քանի որ արձանագրությունները չէին վավերացվում։

Ճիշտ ընթացակարգն, ըստ Վ. Հովհաննիսյանի, պետք է լիներ հետևյալը, ինչն էլ բխում է ՀՀ նախագահի հրամանագրից. նախագահը պետք է արձանագրությունները հետ տաներ նախագահական՝ վերադարձնելու կամ չվերադարձնելու կամ հետագայում վերապահումներով վերադարձնելու համար։ Այդուհանդերձ, ամենաճիշտ տարբերակը, Վ. Հովհաննիսյանի համոզմամբ, արձանագրություններից ստորագրությունները հետ վերցնելն է, որովհետև քանի դեռ այդ փաստաթղթի տակ կա Հայաստանի ստորագրությունը, Հայաստանը ենթակա է ճնշումների.

-Ամեն կերպ փորձ է արվելու Թուրքիայի համար նոր դուռ բացել վավերացնելու իմաստով, և ես մտահոգություն ունեմ, որ դա արվելու է, կամ փորձ է արվելու դա անել մեր հաշվին՝ Ղարաբաղում մեզ միակողմանի զիջումներ պարտադրելով։ Ուրեմն մեր խորհրդարանը, մեր հասարակությունը և երկրի ղեկավարությունը պետք է պատրաստ լինեն դիմակայել նման ճնշումների, որոնք, կարծում եմ, անխուսափելի են, իսկ դուք, կարծում եմ, արդեն սովորել եք, որ եթե մի բան կանխատեսում ենք, այդպես էլ ստացվում է,- ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ այդ ֆոնի վրա հասկանալի չէ, երբ «նորից ակտիվացած» արտգործնախարարը նշում է, որ արձանագրություններին Հայաստանում դեմ են ընդամենը մի քանի ընդդիմախոսներ. «Եթե նա համարում է, որ արձանագրություններին դեմ ստորագրած քառորդ միլիոն մարդը մի քանի ընդդիմախոսներ են, կարծում եմ, որ այս պայմաններում որոշ պաշտոնյաներ չպետք է սպասեն, մինչև նախագահն իրենց հեռացնի գործից, և լրջորեն մտածեն, որ այս պայմանների մեջ նախագահին և Հայաստանը գցելու համար պետք է կամավոր հրաժարվեն իրենց պաշտոնից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը