Մեկնաբանություն

20.09.2019 14:24


Ռոբերտ Քոչարյանի դատավարության արտաքին հետքը

Ռոբերտ Քոչարյանի դատավարության արտաքին հետքը

Բոլորի համար էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ է հարուցել անձնական վրեժխնդրությունից դրդված։ Նիկոլին ինչպես 2008թ. մարտի 1–ին չէին հետաքրքրում մարդկային կյանքերը, այնպես էլ հիմա չի հետաքրքրում սպանվածների թեման։ Սա քաղաքական մուռ է, այլ ոչ թե իրավական գործընթաց։

«Մարտի 1»–ի գործը մեկ միլիմետր անգամ առաջ չի գնացել Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում։

Ուշագրավն այն է, որ անձնական վրեժխնդրության դրսևորումն այժմ ստացել է աշխարհաքաղաքական տեսք ու սպառնում է մեր երկրի անվտանգությանը։

«Մարտի 1»–ի արտաքին փայատերերը և քաղաքական վենդետտայի աշխարհաքաղաքական բաղադրիչը

Նիկոլ Փաշինյանը չէր պատկերացնում, որ 2–րդ նախագահի դեմ գործ սարքելով լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Նա չէր պատկերացնում, որ Քոչարյանին կպաշտպանեն և՛ ներսից, և՛ դրսից։

Հատկապես Վլադիմիր Պուտինի ռեակցիային նա չէր սպասում, քանզի չէր հասկանում, որ Քոչարյանի դեմ քայլը դասակարգային հակադրություն է առաջացնելու ԵԱՏՄ տիրույթում։

Փաշինյանը սխալվեց, բայց հիմա ոչ թե սխալն ուզում է ուղղել, այլ խորացնում է սխալի հետևանքները։

Ռոբերտ Քոչարյանի հարցը դարձել է անկյունաքարային հայ–ռուսական հարաբերություններում՝ սպառնալով մեր երկրի անվտանգությանը, բայց Փաշինյանը Հայաստանի ու Արցախի հարցը ստորադասում է իր անձնական «բզիկներին»։

Նիկոլն այնքան է խորացել այս դատավարության հարցում ու այնպես է ամբողջ համակարգը ծառայեցնում իր ապօրինի ցանկությանը, որ խոցելի է դարձել «թավշյա» հեղափոխության արտաքին փայատերերի համար, որոնք Քոչարյանի «գործը» սկսել են օգտագործել տարածաշրջանային խնդիրներ լուծելու համար։

Նիկոլին հակաքոչարյանականության մեջ բռնացնելով՝ հակառուսական շրջանակները անցել են գործի ու վարչապետին աքցանի մեջ վերցրել։ Քոչարյանի դեմ «գործն», ըստ այդմ, ստացել է աշխարհաքաղաքական երանգ։

Դրսի ուժերը, որոնց տարածաշրջանային ներկայացուցիչը Թուրքիան է, խնդիր են դրել օգտվել Փաշինյանի թուլությունից ու «բզիկներից» և ՀՀ–ում հակառուսական գիծ անցկացնել այնպես, ինչպես դա արեցին Ուկրաինայում ու Վրաստանում։ Վերջիններս տարածքային կորուստներ ունեցան, բայց դա դրսի շրջականներին չի հետաքրքրում։ Իրենց պետք է ՌԴ–ի շուրջ օղակը սեղմել։

Նույն բանը նրանք ուզում են անել ՀՀ–ում՝ «թավշյա» իշխանության ձեռքերով։ Ու իրենց, բնականաբար, չի հետաքրքրում, որ այդ արկածախնդրության գինը կարող է լինել Արցախը, հետո՝ Հայաստանը։ Իրենց պետք է ՌԴ–ին հանել այս տարածաշրջանից ու փոխարենն ուժեղացնել Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ–ի տարածաշրջանային օպերատոր։

Նիկոլին սրանք բռնել են Ամուլսարի թեմայով ու այն շահարկելով՝ ստիպում են ՀՀ–ի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության գնալ՝ հակառակ դեպքում սպառնալով, որ «կանաչ» հեղափոխության կգնան։ Ասել է թե՝ դրսի ուժերը ՀՀ–ում իրենց գործակալական ցանցի՝ թրքաբոլշևիկների միջոցով շանտաժ են անում իրենց հաճախորդ Նիկոլին։

Դատելով ամենից՝ Փաշինյանը «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերի հետ փորձում է պայմանավորվել «Իմ դեմ հեղափոխություն մի արեք, ես ինքս կտանեմ այն գիծը, որը դուք ուզում եք առաջ մղել» թեմայով։

Հայ–ռուսական հարաբերությունների լարվածության ապահովումը և պաշտոնական Ստեփանակերտի հետ շփման բացասական դինամիկան այն հիմնական ուղղությունն է, որը հնարավորություն է տալու «գունավոր» ու արտաքին վեկտորալ փոփոխության հունի մեջ դնել նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունը։

Քոչարյանին կալանքի տակ պահելը տվյալ դեպքում Փաշինյանի ու նրա արտաքին մոդերատորների համար դառնում է լուրջ գործիք՝ հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու համար։ Փաշինյանը գիտի Պուտինի վերաբերմունքը Քոչարյանի «գործի» կապակցությամբ, սակայն շարունակում է ապօրինությունը, որպեսզի լարվածությունը խորացնի։ Չի բացառվում, որ նա Արցախում պատերազմ հրահրի, որպեսզի հետագայում կորուստները գցի ռուսների վրա ու հակառուսական գիծը «լեգիտիմ» դարձնի։

Հայաստանակենտրոն ուժերին այս սցենարի դեպքում այլ բան չի մնում, քան այլընտրանքային փողոցի ձևավորմամբ, քաղաքական նոր օրակարգով ու բանիմաց թիմով վիժեցնել այն գործընթացները, որոնք 100 տարի առաջ բերեցին պետության կորստին։ Հիմիկվա ու առաջվա տարբերությունն այն է, որ եթե 100 տարի առաջ այնպիսի սցենար եղավ, որը հետագայում հնարավոր դարձրեց անկախ Հայաստան ունենալը, ապա այս անգամ եթե պետություն կորցնենք, ապա դա կլինի վերջին անգամ։

Այնպես որ, Քոչարյանի դատավարությունն արդեն այլ նշանակություն և գին ունի։ Աշխարհաքաղաքական խաղատախտակին դրված է մեր երկրի լինել–չլինելու հարցը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը