Մեկնաբանություն

20.09.2019 14:50


Փաշինյանը փնովում է ու գլխավոր խորհրդական նշանակում Օսիպյանին. ինչո՞ւ (տեսանյութ)

Փաշինյանը փնովում է ու գլխավոր խորհրդական նշանակում Օսիպյանին. ինչո՞ւ (տեսանյութ)

Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից հեռացնելուց հետո Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ վարչապետը դժգոհ է եղել նրա աշխատանքից։

Օսիպյանն էլ հրաժեշտի իր տեքստում «ա լյա Վանեցյան» բարձրացրեց սպայի պատվի հարցը։ Ճիշտ է, Օսիպյանը Վանեցյանի պես չասաց, որ Նիկոլը հախուռն է ու տարերային որոշում կայացնող և դա է պատճառը, որ ինքը չի ուզում աշխատել, բայց տողատակերում դա կարդացվում էր։

Օսիպյանը խոստացավ իր հեռանալու պատճառների մասին խոսել հետագայում։ Նա այդպիսով սպառնում էր ասել բաներ, որոնք միգուցե Վանեցյանի ասածների համեմատ ավելի կոշտ լինեին։

Եվ ահա լուծումը գտնվեց։ Փաշինյանը նրան նշանակեց գլխավոր խորհրդական, որպեսզի գնի նրա լռությունը։ Ստացվեց, որ վարչապետը խորհրդական է նշանակում մեկին, ում աշխատանքից դժգոհ է եղել։

Ուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը՝ «Հայկական ժամանակը» բացահայտորեն գրել է, թե ինչու է Օսիպյանից դժգոհ մնացել Փաշինյանը։

«Պատկերացնո՞ւմ եք, ասենք, ոստիկանների աչքի առաջ, տեսախցիկների ներկայությամբ քաղաքացուն ծեծեն, քրեական տարրերն ամենաայլանդակ խոսքերով հայհոյեն ոստիկաններին, ինչ-որ խմբեր ներխուժեն ոստիկանական բաժանմունքներ ու ծեծեն ոստիկաններին եւ այլն, ու բոլոր դեպքերում անպատիժ մնան, եւ այդ ամենից հետո ոստիկանությունում փոփոխություններ տեղի չունենան»,–գրում է Նիկոլի թերթը։

Հիմա հարց է առաջանում՝ բա որ այդպիսի վատ ոստիկանապետ է եղել Օսիպյանը, ապա ինչու է նրան պաշտոնանկ անելուց հետո տարել իր մոտ Փաշինյանը, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։

Ենթադրվում է, որ «ժողովրդի» վարչապետը պատճառ է ունեցել Օսիպյանին մոտը պահելու համար։ Կա՛մ վախեցել է, որ նա կարող է Վանեցյանից էլ «բեթար» բացել բերանը և ամրապնդել «գժի վարկածը», կա՛մ էլ Օսիպյանի հետ Փաշինյանն ընդհանուր գաղտնիք ունի, որի մասին ձեռնտու չէ, որ նախկին ոստիկանապետը խոսի։ Ի դեպ, «Politik.am» կայքն այս առումով մի ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որը ներկայացված է ստորև։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը