Լրահոս

21.09.2019 12:18


Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ամ­բող­ջու­թյամբ խե­ղա­թյուր­վել է թե՛ ձև­ով, թե՛ բո­վան­դա­կու­թյամբ

Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ամ­բող­ջու­թյամբ խե­ղա­թյուր­վել է թե՛ ձև­ով, թե՛ բո­վան­դա­կու­թյամբ

Հրաժարականների և պաշտոնանկությունների գործընթացը նորմալ կդիտվեր այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենար կայուն կառավարման համակարգ: Այս կարծիքին է հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը, որն այս առումով մի քանի գործոններ է առանձնացնում:

«Հիմա մեզ մոտ անորոշությունների բարձր մակարդակ կա, ու իշխող ուժը որոշումների կայացման ամբողջ գործընթացը կենտրոնացրել է մեկ ձեռքում: Բացի այդ, իրենց տեսակետից տարբերվող այլ կարծիք չեն ընդունում, ուստի նման կոնֆլիկտ է առաջանում, որը նաև սրվում է: Այդ իրավիճակը հանգեցնում է հրաժարականների և պաշտոնանկությունների հախուռն ընթացքի, ինչն իր հերթին ապացուցում է, որ իշխող ուժն ամբողջությամբ ռեպրեսիայի է ենթարկում ուժային կառույցներին, դատաիրավական ու քաղաքական համակարգերին: Նման ճնշումների ներքո մարդը չի կարող աշխատել:

Պրոֆեսիոնալ մասնագետները չեն կարող աշխատել նման պայմաններում, այդ պատճառով հրաժարականները տրամաբանական են, և այդ շղթան դեռ կարող է շարունակվել՝ նորանոր զարգացումներով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սերոբյանը:

Նրա խոսքով, հրաժարականներն ու պաշտոնանկությունները կարող էին նաև դրական ազդեցություն ունենալ, բայց միայն այն դեպքում, երբ ճիշտ մասնագետը ճիշտ տեղում չլիներ.

«Օրինակ՝ Արթուր Վանեցյանն ամեն դեպքում այդ համակարգից էր, բացի այդ, հեղափոխության ամբողջ կերպարի մեջ ժողովուրդը նրան ընդունում էր ու սիրում: Հիմա, փաստորեն, իրենց կարկառուն ներկայացուցիչներից մեկը հրաժարական է տալիս, ինչը նաև մտածելու տեղիք է տալիս, թեպետ նրա տեքստի բովանդակությունն ամեն ինչ ասում է, որ ինչ-որ կարևոր կոնֆլիկտ է եղել, համաձայն որի՝ Ն. Փաշինյանի հետ աշխատելն անհնար է եղել:

Մեծ հաշվով, այսպես ասենք, ստացվում է, որ հեղափոխության կադրերին խժռում են հեղափոխության մյուս զավակները: Իսկ իշխող քաղաքական ուժն ամեն կերպ պահում է իր գոյությունը՝ չնայած բազմիցս է նշվել վարկանիշի անկման մասին: Նման կարկառուն ներկայացուցիչների հրաժարականներն ու պաշտոնանկությունները կրկին վարկանիշի որոշակի տոկոսի անկման են հանգեցնելու»: Խնդիրը դիտարկելով ավելի գլոբալ համատեքստում՝ մեր զրուցակիցը նկատեց.

«Որքան էլ փոխեն կադրերին, միևնույն է, նպատակները, գաղափարախոսությունը և ուղղվածությունը չի փոխվում. երբ տիրում է տոտալիտար համակարգ, տոտալ վերահսկողություն, և այդ համակարգի մեջ բազմակարծությունը խեղճացվում է, ապա այդ համակարգը երկար չի կարող գոյատևել:

Պետական կառավարման համակարգն ամբողջությամբ խեղաթյուրվել է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Նույն կադրային քաղաքականությունը պետք է իրականացվեր մերիտոկրատիայի սկզբունքի հիման վրա. այսինքն՝ կադրերը պետք է ընտրվեին ըստ արժանիքների և գիտելիքի: Բայց ընտրության չափորոշիչները «ով քայլել է», «ով ճանապարհ է փակել», «ով ծանոթ-բարեկամ է» սկզբունքներն են եղել: Այդ հանգամանքներն են հնարավորություն տվել նշանակվել այս կամ այն պաշտոնում, որտեղ նրանք չեն փայլել իրենց պրոֆեսիոնալիզմով, հմտությամբ և ոչ էլ սովորելու ունակությամբ:

Պրոֆեսիոնալիզմից, մարդկային արժեքներից զատ կարևոր են նպատակները, որոնք ևս չկան: Կադրերն իրենց չարդարացրեցին, որովհետև ամեն մի բաղադրիչը կարևոր է, ինչպես մարդու օրգանիզմում.

երբ մի կենսական օրգան չի աշխատում, ամբողջ օրգան համակարգի ֆունկցիաները խախտվում են»:

Հանրային կառավարման մասնագետը նկատում է՝ կադրերի խնդիրը մեզ մոտ միշտ է եղել, բայց փոփոխությունների փուլ պետք է լիներ, որոնք գոնե հույս ներշնչեին, որ այդ մասով այլ պատկեր կլինի: Բայց այսօր, ըստ նրա, այլ իրողություններ ենք տեսնում:

«Գլոբալ առումով՝ մեր երկրում բացակայում է ժողովրդավարական կառավարումը: Եթե այն լիներ, ուրեմն, օրենսդիր, գործադիր և դատական մարմինները պետք է անջատ լինեին, գործեին փոխադարձ հարգանքի մթնոլորտում, մեկը մյուսին պետք է զսպեր ու հակակշռեր: Բայց այսօր ողջ պետական համակարգը մեկ անձի որոշումներից է կախված:

Երբ ամբողջ իշխանությունը մեկ անձի շուրջ է, եթե անգամ միայն այդ մեկ անձը սխալ գործի, ամբողջ պետական համակարգը կարող է նույնիսկ փլուզվել: Այս ամենը հղի է լուրջ վտանգներով. նախ՝ որոշումները կարող են ընդունվել միայն մեկ անձի մտահորիզոնի ու գիտելիքների համապատասխան, կարող են ընդունվել ոչ պետականամետ որոշումներ:

Իսկ թե ինչո՞ւ հանգեցինք այս իրավիճակին, պատճառը պարզ է. իշխող քաղաքական ուժը գործում է՝ ելնելով բռնապետական սկզբունքներից:

Մեզ պետք է հզոր ընդդիմություն՝ իշխանության ամբիցիաները ճնշելու համար, որը կհանգեցնի ճիշտ որոշումների»,-ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ նման համակարգերում ընդդիմության ձևավորման հարցը ևս հեշտ չէ:

«Երբ գործընթացները կենտրոնացվում են մեկ ուժի ձեռքում, և իշխանությունը դրա համար կենտրոնացնում է իր ռեսուրսները և լծակները, մնացածը դառնում են անկարող: Բայց խնդիրն այն է, որ իշխանությունն իր ձեռքն է վերցրել անձ, որն իրեն զգում է դեռ ընդդիմության կարգավիճակում, այս ամենի մեջ դեռ մեղադրում է նախկիններին:

Բայց եթե նախկինում ասում էին, որ որոշակի բռնապետական սկզբունքներ են օգտագործվում պետական կառավարման մեջ, հիմա մեր համակարգերն ամբողջապես գնում են դեպի մենիշխանություն, որը վաղը-մյուս օրը հանգեցնելու է շատ լուրջ հիմնախնդիրների՝ թե՛ իրավաքաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ արտաքին քաղաքական ուղղություններում:

Մենք այնքան խնդիրներ ունեինք լուծելու, այնինչ համակարգերը տարան դեպի կործանման ու խորտակման, իսկ եթե խնդիրները չեն լուծվում, դրանով համակարգերը դարձնում ենք ոչ արդյունավետ. եթե ես գիտեմ, որ միայն ես եմ որոշում կայացնելու, այլ կարծիք ինչո՞ւ պետք է լսեմ, կանեմ այն, ինչ ուզում եմ:

Ի վերջո, ամենաթողություն է սկսվելու մեր երկրում, և դա՝ սկսած ամենափոքր օղակում գտնվող կառավարչից: Ամենաթողության շղթան է ձայն բարձրացնում»,-ընդգծեց մասնագետը՝ բերելով ասվածի օրինակը:

«Օրինակ է գործադիրի և իրավական համակարգի փոխհարաբերությունը, երբ առաջինը մյուսի վրա ճնշում է գործադրում՝ թույլ չտալով, որ իրավական համակարգը կատարի իր գործառույթները»,-շեշտեց նա:

Հաշվի առնելով իշխանության անցած մեկուկես տարվա աշխատանքը՝ Սիրանուշ Սերոբյանը հավելեց. «Մեծ հաշվով, այսօրվա իշխանությունը չկարողացավ փոխել պետական կառավարման համակարգը՝ ճիշտ կադրերին ներգրավելու միջոցով:

Երբ սխալ կադրերի նշանակեցին, արգելապատնեշ առաջացավ:

Իսկ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ իրենք վստահ են, որ ամեն ինչ գիտեն. կա իքնասիրահարվածության ու ինքնավստահության բարձր մակարդակ, ինչով պայմանավորված՝ վստահ են, թե երկիրը ճիշտ ուղիով են տանում»:

Զրույցի վերջում Սիրանուշ Սերոբյանն անդրադարձավ նաև այն օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական.

«Փաստորեն, ապաքաղաքական կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքականացվում են, և 25 տարին լրացած անձը կարող է նշանակվել ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն:

Առնվազն նորմալ չէ, որ երկրի ուժային կարևոր կառույցների ղեկավարները կարող են լինել անփորձ երիտասարդներ, երբ այստեղ կարևորը պրոֆեսիոնալիզմն է»:

Աղբյուրը՝ past.am

Այս խորագրի վերջին նյութերը