Լրահոս

28.04.2010 16:57


ԱԱԾ-ի համար ՀԱԿ անդամ ազատամարտիկը զեղծարար է ու փաստաթուղթ կեղծող

«Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ղեկավարությանն ու աշխատակիցներին ապացուցելու եմ, որ ես ոչ թե զեղծարար եմ կամ փաստաթուղթ կեղծող, այլ արցախյան հերոսամարտի մասնակից ու ազատամարտիկ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժորա Աթոյանը, ում դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով (փաստաթղթեր կեղծելու համար): Ըստ բանախոսի՝ ինչ-որ մեկն ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում հայտարարություն է տվել այն մասին, թե Ժորա Աթոյանը 1994թ. պատերազմի ժամանակ ոչ թե վիրավորվել է, այլ մեկ այլ հիվանդությամբ է բուժվել ու շինծու փաստաթղթերով թոշակառու ազատամարտիկ ձևակերպվել:

«Ինձ շինծու, պատվիրված մեղադրանք է ներկայացվել, որ իբր թե ես 1994թ. արցախյան պատերազմի ժամանակ ոչ թե վիրավորվել կամ կոնտուզիա եմ ստացել, այլ չգիտեմ՝ ինչ հիվանդությամբ տեղափոխվել եմ Երևան բուժման համար, որից հետո ես, իբր, շինծու փաստաթղթեր եմ վերցրել, որ կոնտուզիա եմ տարել արցախյան պատերազմի ժամանակ»,- ասել է Ժորա Աթոյանը, ով նաև ՀԱԿ անդամ է:

ԱԱԾ-ից Աթոյանը պահանջում է հայտնել իր դեմ ներկայացրած հայտարարության հեղինակի ով լինելը, եթե նման անձնավորություն իրոք գոյություն ունի: Բանախոսը նաև հայտարարել է, որ ունի հստակ տվյալներ, թե ինչպես է Ազգային անվտանգության ծառայությունը որոշ ազատամարտիկների օգտագործում Աթոյանի դեմ ներկայացրած մեղադրանքը հիմնավորելու համար:

Ժ. Աթոյանն իր դեմ կազմակերպված հետապնդման երկու դրդապատճառ է տեսնում՝ կա՛մ իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, կա՛մ այն հանգամանքը, որ ինքն ընդգրկված չէ ԵԿՄ-ի կազմում.

«Երևի թե հենց դրա համար էլ միայն ես չեմ այսօր մեղադրվում. կան նաև մարդիկ, ովքեր քաղաքականության հետ բացարձակ կապ չունեն, բայց չեն առնչվում Երկրապահի հետ: Նրանք էլ են կարծես պատժվում»,-ասել է Ժորա Աթոյանը:

Այսօրվա մամուլի ասուլիսին ներկա էին նաև Ժ. Աթոյանի մարտական ընկերները, որոնք հաստատում էին, որ Ժ. Աթոյանն իրոք մասնակցել և վիրավորվել է արցախյան պատերազմի ժամանակ, և պատրաստակամություն հայտնեցին յուրաքանչյուր ատյանում վկայություն տալ այդ մասին:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը