Լրահոս

28.04.2010 17:16


Վլադիմիր Կարապետյան. «Դավիթ Հարությունյանը ոչինչ չի արել թուրք պատգամավորի ընտրությունը խափանելու համար»

Վլադիմիր Կարապետյան. «Դավիթ Հարությունյանը ոչինչ չի արել թուրք պատգամավորի ընտրությունը խափանելու համար»

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Ստրասբուրգում և Բրյուսելում իր ունեցած հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հարցը քննարկվելիք ամենակարևոր հարցերից չի եղել, և ինքն էլ առաջին հերթին ուշադրությունն այդ խնդրի վրա չի հրավիրել։

Նրա կարծիքով ՀԱԿ-ը պարտավորություն ունի Հայաստանում զարգացնել ժողովրդավարությունը, երկրորդ քննարկվելիք խնդիրը ՀԱԿ մոտեցումներն էին, որտեղ ինքը շեշտադրումները դրել է քաղբանտարկյալների և մամուլի ազատության խնդրի վրա։

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի հայտարարությանը, թե ինքը ցանկանում է գլխավորել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ենթահանձնաժողովը, Վլ. Կարապետյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարող, ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը ոչինչ չի արել թուրք պատգամավորի ընտրությունը խափանելու համար. ընդհակառակը՝ պասիվ դիրքորոշմամբ նպաստել է դրան։

-Նա առաջին իսկ նախաձեռնությամբ վերակենդանացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ենթահանձնաժողովը, ինչը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից, և, բացի դրանից, նա հավակնություն ունի գլխավորել այդ հանձնաժողովը։ Հաշվի առնելով, որ թուրքերը բավական պատկառելի պատվիրակություն ունեն Եվրոպայի խորհրդում (էլ չեմ ասում, որ Ադրբեջանի պատվիրակությունն էլ շուրջ երկու անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի պատվիրակությունը), կարելի է պատկերացնել, թե ԵԽ-ում պատվիրակների ուժերի ինչ բալանս կլինի՝ հաշվի առնելով մեր պատվիրակների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը, էլ չասեմ լեզվի տիրապետումը,- ասել է Վլ. Կարապետյանը և նշել, որ մեծ մտահոգություն ունի, որ հանձնաժողովն իր աշխատանքի արդյունքում կնախապատրաստի մի զեկույց, որտեղ կլինեն մոտավորապես նույն շեշտադրումները, որոնք կային 2008թ. մարտի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևում։

Նա նշել է, որ Թուրքիայի ակտիվությունը, ներգրավվածությունն ու ազդեցությունը ԼՂ հարցում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող ավելի մեծ պահանջները և փաստաթղթի վերաբերյալ հրապարակումները վկայում են, որ Հայաստանը բարենպաստ վիճակում չի, և վտանգներն ավելի տեսանելի են։

-Ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեր տարբերակն այն է, որ մենք ավելի ամուր կանգնած լինենք ոտքի վրա, չունենանք այն խնդիրները, որոնք նշեցի, և այն պարագայում, երբ չկան ճնշումներ քո և քո երկրի վրա, ավելի ամուր դիրքերից կարող ես խոսել և ավելի նպաստավոր փաստաթուղթ պահանջել,- նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը