Մեկնաբանություն

24.09.2019 01:05


Ա-ն ասելուց հետո պետք է Բ-ն ասել․ ժողովուրդը պիտի ճանաչի իր «հերոսներին»

Ա-ն ասելուց հետո պետք է Բ-ն ասել․ ժողովուրդը պիտի ճանաչի իր «հերոսներին»

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը` հակադարձելով Փաշինյանի մեղադրանքին, թե Արթուր Վանեցյանը ոտնատակ է տվել սպայի պատիվը`դեռ հրաժարական չտված, ընդվզելով «գերագույն հրամանատարի» դեմ։

«Գերագույն հրամանատարն» էլ ո՞վ է. բանակից թռած նախկին սկանդալային լրագրողը`պուճուր մարդը, որ սպայի պատվի մասին ականջի ծայրով լսել է, բայց մինչեւ հիմա չի հասկացել` ինչո՞վ են դա «ուտում»։

Վանեցյանի հայտարարությունը եւս մեկ հիմնավոր փաստարկ է, որ միայն դեմարշ անելը` չիմացած բաների մասին հավակնոտ հայտարարություններ անող, «տարերային, հախուռն» որոշումներ կայացնող անմեղսունակ «գերագույն հրամանատարից» (հիշեցնենք, որ վարչապետը, Սահմանադրության համաձայն, այդ «պատվավոր առաքելությունն» ստանձնում է բացառապես պաշտոնապես «գրանցված» պատերազմի պայմաններում) հրապարակավ տարանջատվելը շատ քիչ է նման մեկի հետագա պաշտոնավարման վտանգները`ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար։

Եթե կամ մի բան, որի մասին Վանեցյանը գիտի, բայց չի ասում` իր ձեռքի տակ ունի այնպիսի փաստեր, որոնց հրապարակայնացումը կանխելը կենաց-մահվան հարց է Փաշինյանի համար, ապա ժողովուրդը պիտի իմանա այդ մասին։

Առավել եւս, երբ, ըստ օդում կախված լուրերի, ԱԱԾ արխիվներից առեղծվածային պայմաններում կորած փաստաթղթերի տրցակում եւս կան Փաշինյանի ընդդիմադիր «ժամանակվա» բուռն գործունեության մութ էջերը լուսարձակող նյութեր, որոնց հրապարակայնացումը կարող է էապես խառնել «գերագույն հրամանատարի» խաղաքարտերը`ցնցել «թավշյա կառավարության» հիմքերը։

Սա այն դեպքը չէ, երբ կարելի է օդի մեջ մի բան ասել եւ անցնել առաջ։ Ա-ն ասելուց հետո պետք է Բ-ն ասել` Վանեցյանն ուղղակի պարտավոր է բացել փակագծերը։ Հակառակ դեպքում`եթե, Աստված մի արասցե, բանը բանից անցնի, ինքն էլ կհայտնվի իրավապահների տեսադաշտում` կդատվի հանցագործության մասին «իմանալ-չհայտնելու» հոդվածով։

Քաղաքացին պետք է ճանաչի իր «հերոսներին»։

Եթե ոչ` «մեր ժամանակի հերոսն» իսկապես կդառնա «յուբկա» հագած բեմի վրա նազանքով սահող «տղամարդը» եւ ադրբեջանական դրոշի մոտ նկարված իգական սեռի «անհայտ կենդանին»։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը