Լրահոս

29.04.2010 09:04


Այսօր Սերժ Սարգսյանը կմեկնի Չինաստան

Այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Չինաստան' մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի  բացման արարողությանը:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Այցի ընթացքում ՀՀ Նախագահն առանձնազրույց կունենա ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հետ:  Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի □Շանհայ-Էքսպո-2010□  համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Միջազգային այս ցուցահանդեսը տեղի է ունենում տարբեր երկրներում' հինգամյա պարբերականությամբ եւ ներկայացնում է  երկրների  նորագույն նվաճումները տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը Հայաստանի տաղավարից զատ կայցելի նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տաղավարներ:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի  նաեւ Ձզյանսի  նահանգի Սուժոու քաղաքում: Նախագահ Սարգսյանը կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի եւ արվեստի կենտրոն, նաեւ' գիտության եւ կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում:

Նախագահ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում  ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի' քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 3-ին:

Այս խորագրի վերջին նյութերը