Հարցազրույց

24.09.2019 20:56


Փաշինյանը ստեղծում է հատուկ ահաբեկչական խմբեր, բանդաներ, որոնց հետո օգտագործելու է իրեն չհնազանդվողների դեմ (տեսանյութ)

Փաշինյանը ստեղծում է հատուկ ահաբեկչական խմբեր, բանդաներ, որոնց հետո օգտագործելու է իրեն չհնազանդվողների դեմ (տեսանյութ)

Ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի ինքնասպանության հավանական պատճառների, Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան «փոխհրաձգության» և հնարավոր հետագա զարգացումների մասին 168.am-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին

-Ընդհանրապես ինքնասպանության դեպքերում միշտ չէ, որ ինքնասպանությունը վերագրվում է մարդուն, ով դա կատարել է. մարդուն կարող են հասցնել ինքնասպանության։ Նախ՝ ցավակցում եմ Հայկ Հարությունյանի ընտանիքին, հարազատներին։ Շատ լավ ճանաչելով նրան՝ կասեմ, որ շատ համեստ էր, բարեկիրթ։ Երբ 1990-ականներին Գերագույն խորհրդում Իրավական հարցերի հանձնաժողովում էի, հարցեր կար, որոնք նա էր գալիս ներկայացնելու, դեռ այդ ժամանակներից շատ լավ գիտեմ իրեն։ Իսկ երբ ինքը ՆԳ նախարար էր, ես այդ ժամանակ նախագահի ապարատում էի աշխատում, էլի առիթներ ունեցել ենք շփվելու։ Հետո որ Քրեակատարողական վարչության պետն էր, դարձյալ առիթներ են եղել հանդիպելու առօրյա կյանքում։ Նա շատ հավասարակշռված մարդ էր, մարդ, ով երբեք իրեն ավելորդ բան թույլ չի տալիս, չի անում, և հիմա, երբ առավոտյան իմացա այդ ինքնասպանության վարկածի մասին, մտածեցի, որ չի բացառվում, որ այս մարդուն ուղղակի հասցրել են։

Ընդամենը մի քանի օր առաջ, երբ վարչապետն ընդունել էր «Սասնա ծռերի» ղեկավարությանը, հենց 168.am-ի հետ զրույցում եմ ասել, որ սա հիմք է հանդիսանալու քաղաքական սպանությունների, և դրանց ողջ պատասխանատվությունն ընկնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Եվ սա, հավատացեք, որ առաջին սպանությունն է, երբ մարդուն ինքնասպանության ես հասցնում։

Ես չեմ բացառում, որ իրեն պարտադրել են նաև ցուցմունքներ տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ես ցավում եմ Հայկ Հարությունյանի համար, ով իսկապես մարդ էր, ով «պատիվ ուներ»։ Եվ էդ մարդուն հասցրել են ինքնասպանության, ո՞վ գիտի՝ ի՞նչ ահաբեկումներով։

Վարչապետի ու «Սասնա ծռերի» համագործակցության մասին

-Մարդիկ հարձակվել ու գրավել են Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) գունդը, սպանել են 3 ոստիկանի, ուսադիր կրողների, պատանդ են վերցրել գնդապետների։ Այդքանից հետո դրանց ազատ են արձակում դատարանի դահլիճից, իբրև թե ինչ-որ մարդկանց միջնորդությամբ, երբ մենք տեսանք, որ նախագահների միջնորդությունն այս իշխանությունների մոտ դեր չի խաղում։ …Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է ազատ արձակել նրանց, ովքեր մարդ են սպանել։ Վարչապետը երբ ընդունեց «Սասնա ծռերի» ղեկավարությանը, ըստ էության նա ՀՀՇ-ի բանդաների օրինակով հիմք դրեց բանդայի ստեղծմանը։ …Եվ սրանք ցանկացած մեկին ահաբեկելու են։

Ժիրայր Սէֆիլյանն այդ հանդիպումից դուրս գալուց հետո ասում է, որ՝ «մենք ցանկացած գնով թույլ չենք տալու հին իշխանություններին ռևանշ վերցնել, կրկին իշխանության գալ», իսկ ՀՀԿ-ի մասին խոսելիս՝ ասում է «ինչի իրենք դեռ կա՞ն, կենդանի ե՞ն»։ Պարզ է, չէ՞։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է հատուկ ահաբեկչական խմբեր, բանդաներ, որոնց հետո օգտագործելու է քաղաքական ուժերի, դեմքերի, լրատվամիջոցների, իրեն չհնազանդվողների դեմ։

ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի ու դրան հետևած իրադարձությունների մասին

-Պարոն Վանեցյանի հրաժարականի տեքստում գրվածը խտացված այն է, ինչ գոյություն ունի այսօրվա իշխանությունների ներսում։ Եվ Վանեցյանը սա հասկացավ։ Շատ կարևոր է, որ հիմա պարոն Վանեցյանը շատ զգույշ լինի։ Շատ բան գիտի։ Չմոռանանք, որ շատերի հրաժարականները պահանջելիս, ահաբեկելիս՝ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել էր հենց ԱԱԾ պետի վրա։ Եվ Արթուր Վանեցյանը գիտի, չէ՞՝ իրեն ինչ հանձնարարականներ են տվել, որոնք է կատարել, որոնք՝ ոչ։ Եվ հիմա պիտի Վանեցյանն անպայման խոսի։ Վանեցյանի լռությունը վերջում նույն էֆեկտն է ունենալու, ինչ Հայկ Հարությունյանի պարագայում։ Հայկը համեստ էր։ Եթե ինքը ժամանակին բարձրաձայներ, թե ինչ ճնշումներ են իր վրա գործադրվում, թե ոնց են ուզում իրեն պարտադրել, որ «Մարտի 1»-ի գործով Քոչարյանի դեմ ցուցմունք տա, հավատացեք՝ այս դեպքը տեղի չէր ունենա։

Եթե Արթուր Վանեցյանը լռի, անպայման կրկնելու են, որովհետև նա մարդ է, ով ամեն ինչ գիտի և շատ ավելին գիտի, քան Նիկոլ Փաշինյանն ու մնացածները, և դա վտանգ է իրենց համար։ Եվ չի բացառվում, որ նրանք այս գործողություններով ցանկանում են մյուսներին ահաբեկել։ Սա ահաբեկչական ակտ է։ Սա ահազանգ է մյուսների համար, զգուշացում։

Արթուր Վանեցյանի՝ վարչապետին ուղղված պատասխանի մասին

-Արթուր Վանեցյանը համարժեք է պատասխանել։ Նա այնպիսի բան չի ասել, որ երկրին վտանգի, իսկ եթե ոչինչ չասի, իրեն կվտանգի ուղղակի։

Անկախության տարիների ընթացքում մեր ԱԱԾ-ում չկա այն գաղտնիքը, որ ինչ-որ երկրներ հանկարծ կիմանան, ու չի կարելի։ Ինչի՞ այս 1.5 տարում Փաշինյանն ինչ-որ գաղտնիք գիտի՞։ Կամ այս 1.5 տարում ինչ-որ հատուկ օպերացիա են իրականացրել Ադրբեջանում կամ Թուրքիայում, որ հանկարծ վաղը կիմանա, որ մեր երկիրն ուժեղ հետախուզական ծառայությո՞ւն ունի։

Նույնիսկ կոչեր են հնչում, թե՝ մի խոսեք։ Ինչի՞ չխոսի, մարդն իր կյանքը վտանգի տակ է դնում։ Միշտ չէ, որ լռությունը ոսկի է։

Արթուր Վանեցյանի հնարավոր կալանավորման մասին

-Ես այս իշխանություններից, իսկ իշխանություն ասելով՝ ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին, ամեն ինչ սպասում եմ։ Այս դատախազից ու ՀՔԾ պետից ամեն բան սպասելի է։ Եթե անկախ Արցախի առաջին նախագահին են բացարձակ անհիմն կալանավորում, ու Ադրբեջանի ազգային հերոս դատավոր Աննա Դանիբեկյան, դատախազներ, իրենց երեխեքի դիակները ծախած ծնողները մեղադրում են նրան, ի՞նչ դժվար է Արթուր Վանեցյանին կալանավորելը։ Ես դրա համար ուզում եմ՝ Վանեցյանը նախ շատ զգույշ լինի, իր կյանքն ապահովի, որովհետև նրա կյանքին այսօր Փաշինյանի կողմից, կլինի «Սասնա ծռերի» թե այլոց միջոցով, վտանգ է սպառնում։ Այս իշխանություններն իրենց 1.5 տարվա վայելքը տեսել են արդեն, էլ ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ հանրային կարծիք։ «Գեղցիները» (գյուղացիների հետ, խնդրում եմ, չխառնել), որ չեն տեսել պատից կախ, տեսան ճակտից կախ, հիմա տեսել են այդ իշխանության վայելքները։ Սրանք ամեն ինչ ոչնչացնելու են, միայն թե այդ իշխանությունը պահեն։ Արցախն էլ են տալու, հայրենիքն էլ են դավաճանելու, անմեղ մարդկանց էլ են սպանելու։ Բավական է, որ մեր ժողովուրդը սկսի հասկանալ սա։

Հավանական ռեպրեսիաների մասին

-Ես չգիտեմ, թե իշխանություններն ի՞նչ ռեսուրսներ ունեն ռեպրեսիաների դիմելու, որովհետև մեր ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները կույր ու գուլ մարդիկ չեն, որ կուրորեն կատարեն Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Կյանքը ցույց տվեց, որ ով որ սպա է՝ չգնաց դրան։ Ես վստահ եմ, որ Վանեցյանը հասկացավ, որ վաղը, մեկ է, Նիկոլը խույս է տալու պատժից, ասելու է՝ ես հրապարակավ հայտարարել եմ, որ ոչ մի բանի հետ կապ չունեմ, Վանեցյանն իր գլխու է արել ամեն ինչ։

Վանեցյանը սա հասկացավ, և դրա համար գրեց իր հրաժարականի նման տեքստ։ Եվ եթե ԱՄՆ ես գնացել ու մինչ այդ մարդիկ ես ուղարկել, խնդրել ես, որ լուռ մնա, որ իրավիճակը չլարվի, ու դու այնտեղ հենց միկրոֆոն ու ամբոխ ես տեսնում, հոգեկանդ ներսում խառնվում է և սկսում ես արդեն ամեն ինչ ասել՝ առանց հասկանալու. Էլ եկեղեցուն «չոքացնել», էլ այլ բաներ… Հասկացանք՝ այդ մարդիկ հիվանդ են, բայց հո ազգը կրակը չի՞ ընկել հիվանդ մարդկանց ձեռքը։ Իսկ այդ մարմինները նրա համար են, որ թույլ չտան մարդկանց ասֆալտին ծեփել։ Դա Նիկոլ Փաշինյանը չի հասկանում և չի էլ հասկանալու, որովհետև ՀՀՇ-ից եկած նրա կնքահայրերը երկիրը բանդաներով են ուզում պահել։ Ժամանակին կային Արմեն Տեր-Սահակյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Բուդոյի, Գագիկ Ջհանգիրյանի բանդաները, իսկ Ջհանգիրյանն այսօր արդարացվում է։ Սրանք պատահական ահազանգեր չեն։ Բնականաբար, այս պարագայում Հայկ Հարությունյանին այլ բան չի մնում, որովհետև նա հասկանում է, որ իր գոյությամբ ինքը վտանգում է իր հարազատների կյանքը։

Հավանական զարգացումների մասին

-Շատ ծանր, վտանգավոր զարգացումներ են հնարավոր։ Հասարակությունը պետք է հասկանա, որ սա ջարդվելու է իր գլխին, և այն «կանգ առ»-ը, որ Վանեցյանն ասել է, իրականացնի կյանքում։ Այս իշխանությունները ոչ թե իշխանության են եկել օրենքով, այլ զավթել են այն։ Այդ իշխանությունը պետք է ազատագրել արագ, նոր ընտրությունների միջոցով։ Հայկ Հարությունյանը նախանշանն էր։ Մի գեներալ ասաց՝ կանգ առ, մյուսն իր կյանքով ցույց տվեց, որ՝ ժողովուրդ, սա է լինելու բոլորիդ վերջը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը