Մեկնաբանություն

25.09.2019 09:15


Եւս մեկ զոհ` Մարտի 1-ի զոհասեղանին

Եւս մեկ զոհ` Մարտի 1-ի զոհասեղանին

Լոսանջելեսյան «շռնդալի» ասուլիսում Փաշինյանն ուշագրավ բացահայտում արեց. ասաց, որ սարերն էլ շուռ գան, հետ է պտտելու պատմության անիվը` վերականգնելու է 1998-ի «ստատուս-քվոն»։

Այն, ինչի մասին տեւական ժամանակ ահազանգում են ընդդիմադիր մամուլը, ընդդիմությունը, վերլուծաբանների եւ քաղաքագետների ճնշող մեծամասնությունը`պնդելով, որ «նոր» Հայաստան «պոռալով»` մեզ տանում են հետ, դեպի «հնագույն Հայաստան»։

Իհարկե, սա ասվեց «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ քաղաքական հետապնդում իրականացնելու համատեքստում։ Բայց դե` հասկացողը հասկանում է, որ Նիկոլի «հեռահար պլաններն» այսքանով չեն սահմանափակվում. եթե վերադարձ 1998-ի ակունքներին (ավելի ճիշտ կլիներ ասել` 1997-ի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո` ընդամենը 10 ամսում, տնտեսությունը սկսել էր կենդանության նշաններ ցույց տալ), ապա` բոլոր ուղղություններով, Ղարաբաղի փուլային հանձնման «տեսլականից» մինչեւ իրավական բեսպրեդել, որ հոգեվարքի ցնցումների մեջ գտնվող ՀՀՇ-ական ռեժիմը փորձում էր ստեղծել`ջանալով կանխել անդառնալին։

Հենց այդ ժամանակ էր, որ ԼՏՊ-ի եւ իր մանկլավիկների թեթեւ ձեռքով հայ հասարակության մեջ ներդրվեց «ղարաբաղցի-հայաստանցի» հակասությունների որոմը, ասպարեզ նետվեց «մեր բոլոր դժբախտությունների պատճառը Ղարաբաղն է» ի սկզբանե կեղծ թեզը, եւ մահափորձերը, սպանությունները, ինքնասպանությունները եւ ինքնասպանության փորձերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին` անկայունության պատրանք ստեղծելով եւ հասարակական կարծիքն ուղղորդելով «ղարաբաղյան կլանի» դեմ։

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության (կամ` սպանության) մասին լուրը ցավալիորեն հիշեցնում է 1998-ի հունվարին-փետրվարի սկզբներին գոյություն ունեցող իրավիճակը։

Ողբերգական այդ միջադեպի նախնական վարկածը շրջանառության մեջ դրեց իշխանամերձ («Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր(ուհի)ներից մեկի կողմից տնօրինվող) կայքը` հղում անելով իր «հավաստի աղյուրներին» եւ հայտնելով. կան ականատեսներ, որոնք պատմում են, որ գեներալը խմած է եղել, անկեղծացել է, թե` քննիչները «դիվադադար» են անում ինձ, կանչում են հարցաքննության, փորձում են ցուցմունքներ կորզել Ռոբերտ Քոչարյանի, պաշտոնատար այլ անձանց, այդ թվում` իր նախկին ենթակաների դեմ, ինչը կտրականապես դեմ է իր արժանապատվությանը, անցած ճանապարհին եւ դավանած արժեքներին։

Րոպեներ անց նույն կայքում հայտնվեց Հայկ Հարությունյանի հարցաքննության սղագրությունը, որ ուղղակիորեն հաստատում է Քոչարյանի եւ իր փաստաբանների փաստարկները եւ առաջադրված անհեթեթ մեղադրանքին ի հակակշիռ բերվող հակափաստարկները։

Այդ ցուցմունքից մի՛ բան է հետեւում` թե՛ նախագահը, թե՛ ոստիկանությունը` նախագահի ցուցումով, ամեն ինչ արել են` բախումներից խուսափելու համար։ Մարտի 1-ի առավոտյան, օպերատիվ տվյալներ ունենալով Թատերական հրապարակում կուտակված զենքի մասին, ոստիկանական ստորաբաժանումները գնացել են «դեպքի վայր»` տեղազննում անցկացնելու եւ առգրավելու այդ զենքը։ Բայց «խաղաղ ցուցարարները» նախապես տեղյակ են եղել այդ մասին` դիմադրություն են ցույց տվել, եւ ոստիկաններն, ստիպված` ուժ են գործադրել, ցրելով ցույցը։

Քննիչներին այս ցուցմունքը, բնականաբար, չի բավարարել. ակնհայտ ուղղորդված հարցերով` նույն հարցը տարբեր փաթեթավորմամբ դեմ են տվել որպես վկա անցնող նախկին ոստիկանապետին` փորձելով «մեղադրական» ցուցմունքներ կորզել Քոչարյանի դեմ։ Մասնավորապես` պաշտպանության նախարարի 0038 հրամանի եւ բանակն իբր ապօրինաբար քաղաքական գործընթացների մասնակից դարձնելու` առանց արտակարգ դրություն հայտարարելու «փաստացի արտակարգ դրություն» մտցնելու վերաբերյալ։ Բայց այդպես էլ չեն հասել իրենց «մուրազին»` չեն ստացել այն, ինչը կհիմնավորեր քննիչների նախանշած վարկածը։

Եվ, ի՞նչ իմանաս, թե Հայկ Հարությունյանին էլ մեղադրանք չէին առաջադրի` «նստեցնելով» մեղադրյալի աթոռին։

Եթե նախկին ոստիկանապետն այն ժամանակ «չհամառեր»`Նիկոլի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանի օրինակով ասեր այն, ինչ իրենից պահանջվում է, ՀՔԾ քննչական խումբը չշարունակեր միջնադարյան ինկվիզիտորների համառությամբ «հետապնդել» գեներալին, կլինե՞ր այն, ինչ եղավ. նա կգնա՞ր այդ քայլին` լրացնելով Մարտի 1-ից զոհերը ցուցակը եւս մեկ` 11-րդ զոհով։

Նիկոլը, իր սրտի ՀՔԾ պետը եւ քննիչները տվե՞լ են, տալի՞ս են իրենց այս հարցը, թե՞ այս դեպքում էլ մեղավորներին «դրսում» են փնտրում` այնտեղ, որտեղ դրանք չկան ու չեն կարող լինել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը