Լրահոս

29.04.2010 11:48


ԼՂՀ ԱԺ ընտրարշավն անցնում է առանց քաղաքական սուր պայքարի

ԼՂՀ ԱԺ ընտրարշավն անցնում է առանց  քաղաքական սուր պայքարի

Արդեն երկրորդ շաբաթն է, Արցախում ընթանում է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: ԼՂՀ ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված են 4 կուսակցություններ՝ Արցախի Ժողովրդավարական, «Ազատ հայրենիք», Արցախի կոմունիստական և Արցախում ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները: Նշյալ կուսակցությունները թեկնածուներ են առաջադրել նաև մեծամանսական ընտրակարգով, նույն ընտրակարգով  առաջադրվել են նաև պատգամավորության մի շարք անկախ թեկնածուներ:

Ընտրարաշավն անցնում է առանց  քաղաքական սուր պայքարի:

Ըստ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ Արցախում շատ ավելի բարենպաստ մթնոլորտ է ստեղծված, և ընտրարշավն անցնում է ավելի միասնական,  առանց միմյանց նկատմամբ թշնամանքի դրսևորման, որով իսկ փաստվում է  այստեղ ժողովրդավարության նոր աստիճանի ձևավորումը։

Արցախի քաղաքական դաշտում  որպես ընդդիմություն փորձում է հանդես գալ Արցախի կոմունիստական կուսակցությունը, որի ղեկավար Հ. Մելքումյանը ԼՂՀ վարչապետի խորհրդականն էր: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ  ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր ընտրատարածքում մրցակից չունի:

Համապետական ընտրական գործընթացում Արցախի քաղաքական չորս կուսակցությունները հանդես են գալիս ծրագրային տարբեր ուղղվածություններով: Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագիրն ունի սոցիալական ուղղավածություն, ԱԺԿ-ի ծրագրային  առանցքային կետերը վերաբերում են նոր ձևավորվող խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, «Ազատ հայրենիք» կուսակցությունը շեշտը դնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի աշխուժացման վրա: ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն անդրադառնում է ԼՂՀ-ում առկա խնդիրներին, հատկապես արտաքին քաղաքական բնագավառում, և գտնում է, որ ԼՂՀ հզորացման, ճանաչման և խաղաղության պահպանման հիմնական պայմանը ժողովրդավարական հասարակարգի կառուցումն է և սոցիալական արդարության հաստատումը:

Արցախի հանրությունն աշխուժորեն մասնակցում է թեկնածուների քարոզչական հանդիպումներին՝ գիտակցելով, որ  Լեռնային Ղարաբաղում անցկացվող համապետական յուրաքանչյուր ընտրություն մեկ անգամ ևս փաստում է  ինքնիշխան պետություն հաստատելու գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  բնակչության վճռականությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը