Մեկնաբանություն

26.09.2019 13:37


Դիակապտողներն իրենց բնական տարերքի մեջ են

Դիակապտողներն իրենց բնական տարերքի մեջ են

Զարմանալի կլիներ, եթե նիկոլալեւոնական «կայացած» դիակապտողները չօգտագործեին Հայկ Հարությունյանի ողբերգական մահը դիակապտության հերթական «ակտը» իրականացնելու համար` մատը դարձյալ եւ կրկին չտնկեին իրենց ուղեղի մորմոքը, գլխացավը, պարբերական սրացումներով ուղեկցվող անանցանելի «փորացավը» դարձած Ռոբերտ Քոչարյանի վրա։

Հողաթափիկ այս ինֆուզորիաների գլխում այլ «միտք» չէր կարող ծնվել (եթե, իհարկե, խոսքը խնամքով պլանավորված, հաշվարկված միտումնավոր ապատեղեկատվության մասին չէ), քան այն, որ դա բանտում նստած Քոչարյանի եւ (կամ) նրան աջակցող շրջանակների «ձեռքի գործն» է։

Նիկոլն էլ, եթե հիշում եք, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցների շրջանառության դրվելուց անմիջապես հետո մատը տնկեց Ռոբերտ Քոչարանի եւ նրան աջակցող շրջանակների վրա` սպառնալով բոլորին հատ-հատ փռել ասֆալտին եւ պատերով տալ։ Ինչո՞ւ խոփը քարին դեմ առավ` ավելորդ է ասել. ստի ոտքը կարճ է, ու դրանով ամեն ինչ ասված է։

Ուրիշի դժբախտությունից քաղաքական շագանակներ թռցնելու գործում մասնագիտացած մարդանման այս կենդանիները միշտ դիմացինին իրենց արշինով են չափել եւ չափում`ամեն ինչին ու բոլորին նայում են սեփական «փչացածության» նեղ պատուհանից եւ ունեն իրե՛նց խեղված կամ ծռված պատկերացումները մարդկային հարաբերությունների, պատվի, տղամարդկային արժանապատվության եւ բարոյականության մասին։

Ճիշտ պահին դավանափոխ լինելը, մի ճամբարից մյուսը «ցատկելը», կայծակի արագությամբ «շրջակա միջավայրին» հարմարվելը, «տերերին» հընթացս փոխելը, սեփական անցյալը ջնջելը եւ փաստերն «ըստ անհրաժեշտության» շուռումուռ տալը, չունեցած «սկզբունքներից» 180 աստիճան շրջադարձ անելը, առանց աչքը ճպելու նախկին վերադասին, ընկերոջը, գործընկերոջը դավաճանելը եւ զրպարտելը, սեփական խոսքերից հրաժարվելը եւ ոչ հեռու անցյալի իրադարձությունները նորովի վերաշարադրելը` «Նիկոլի թվի» պահանջներին հարմարեցնելը, սրանց համար թքելու պես բան է։

«Նորմալ» է, նույնիսկ խրախուսելի, երբ իր պարտականություններում թերանալու համար գործից հեռացված պաշտոնատար անձը գործ է տալիս նախկին գլխավոր հրամանատարի վրա, հեչի պես ստում է` սուտ ցուցմունք է տալիս`ասելով այն, ինչ «պահանջվում է», ու դրա համար «պարգեւավճար» է ստանում խորհրդականի պաշտոնի «տեսքով»։ Որ Սահմանադրության վրա ոտքերը սրբող խեղափոխական պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությամբ ԱԺ «մտած» գլխավոր դատախազը մի գիշերում դառնում է նրա սրտի գլխավոր դատախազը եւ կուրորեն ծառայում նոր շեֆին` անամոթաբար աչք փակելով նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի վրա։

Հոգին սատանային ծախած այդ կերպարները դույզն-ինչ կասկած չունեն, որ Հայկ Հարությունյանը «միանշանակ» տեղի էր տալու թավշյա հալածանքներին ու վազելու էր դատարան`ցուցմունք տալու Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Նախկին նախագահն էլ պատվիրելու էր սպանել կամ ինքնասպանության հասցնել նախկին ոստիկանապետին, որի հետ երկար տարիներ շատ արդյունավետ աշխատել է, որի նախաքննական ցուցմունքներն ամբողջությամբ հաստատում են Մարտի 1-ի իր «տեսլականը», ինչ է թե` հետ չկանգնի իր ցուցմունքներից եւ չասի Նիկոլի եւ իր սրտի մանկլավիկների սրտի ուզածը։

Եվ, իհարկե, իրենք իրենց հարց չեն տալիս. եթե ուներ այնքան լծակներ, որ նույնիսկ ճաղերի հետեւից կարող էր «վնասազերծել» անցանկալի վկային, ինչո՞ւ իր դեմ ցուցմունք տված`«ուսադիրներն աղբի ամանը գցած» միակ պաշտոնյայի` տխրահռչակ Արշակ Կարապետյանի սպանությունը չպատվիրեց, որ դատարանում չկրկնի այն, ինչ բլթացրել էր նախաքննության ժամանակ. այն, ինչ պետք է Նիկոլին ու իր «հարամզադաներին»։

Ընդհանրապես, ինչպե՞ս է լինում, որ ինչ լինում է, Լեւոնին ու Նիկոլին «չէ» ասած պաշտոնյաներին է լինում` Վազգեն Սարգսյան (որի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ Տեր-Պետրոսյանն ստիպված եղավ հրաժարական տալ), նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան (որ «ճիշտ ժամանակին» գնդակահարվեց իր շքամուտքում` կիսատ թողնելով Վանո Սիրադեղյանին մեղսագրված հանցագործության քննությունը), ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Արծրուն Մարգարյան (որին ուզում էին, բայց չկարողացան օգտագործել այն ժամանակ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Քոչարյանի դեմ դեմարշ անելու համար) եւ այլն, եւ այդպես շարունակ, իսկ իրենց գլխից մազ չի պակասում։

Նկատի ունենալով, որ դեպքի առնչությամբ քրեական գործը հարուցվել է «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով, իսկ Նիկոլի սրտի քննիչները երբեք հենց այնպես ոչինչ չեն անում, շատ հավանական է, որ գործը կտանեն իմքայլական կարկառուն`ԱԺ փոխխոսնակ ծանծաղամիտ Ալենի բարձրաձայնած սցենարով, որի մասին ակնարկեց նաեւ հայկական Վիշինսկին` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այն է`մարդուն հասցրել են ինքնասպանության, որ Քոչարյանի դեմ վկայություն չտա. «անհերքելի ապացույց», որ ազատության մեջ գտնվելու դեպքում կխոչնդոտի դատաքննությանը։

Այդքանից հետո թո՛ղ որեւէ մեկը մտքի ծայրով անցկացնի անգամ ակնարկել հույժ վտանգավոր «հանցագործի» խափանման միջոցը`կալանքը վերացնելու մասին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը