Կարծիք

26.09.2019 14:00


Սորոս-Ալիև-Փաշինյան խաղերը խիստ վտանգավոր են Արցախի համար

Սորոս-Ալիև-Փաշինյան խաղերը խիստ վտանգավոր են Արցախի համար

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ իրեն իր երկրում քննադատում են արցախյան կոնֆլիկտի կողմերի միջև հավասարության նշան դնելու համար:

Ադրբեջանի ժողովրդի համար սրտացավ մեր վարչապետը երևի չի հասկանում կամ իրեն անհասկացող է ձևացնում, թե ինչպես կարելի է հավասարության նշան դնել ագրեսորի և զոհի միջև: Փաշինյանն ու իր քաղաքական շրջապատը ունենալով հավի հիշողություն՝ չեն մտաբերում, թե ինչպիսի վայրագությամբ էին կոտորում հայերին Սումգայիթում ու Բաքվում, ինչպիսի դաժան ու անմարդկային կերպով էին հալածում ու արտաքսում Ադրբեջանից մեր ծերերին, երեխաներին, հղի կանանց՝ միայն այն բանի համար, որ հայերն այլևս չէին ուզում ապրել ադրբեջանական լծի տակ:

Փաշինյանը չգիտես ինչու չի շեշտում, չի բարձրաձայնում, որ ադրբեջանական ագրեսիան է եղել արցախյան պատերազմի բուն պատճառը, և որ Արցախի ժողովրդին մեծ վտանգ է սպառնում դարձյալ Ադրբեջանի կազմ վերադառնալու դեպքում:

Փոխարենը Նիկոլը շատ մեղմ ձևակերպումներով, կիսավախվորած տոնայնությամբ կոչ է անում Ադրբեջանի նախագահին՝ հակառակորդ երկրի առաջնորդին՝ խնդրելով, որ վերջինս ցուցաբերի ողջախոհություն և մտածի հարցի խաղաղ կարգավորման մասին:

Եթե մենք խորությամբ ուսումնասիրենք Փաշինյանի 1,5 տարվա գործունեությունը, կտեսնենք, որ նրա յուրաքանչյուր քայլը բխել է Ադրբեջանի շահերից: Արցախի հերոս, Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանելը, գեներալներ Մանվել Գրիգորյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին քրեական հետապնդման ենթարկելը, փաշինյանական թիմի ներկայացուցիչների կողմից արցախյան հաղթանակը նսեմացնելն ու թավշյա «հեղափոխությունը» նրանից վեր դասելը, Ասյա Խաչատրյանի նմանների կողմից Ադրբեջանի դրոշի ֆոնին նկարվելն ու ադրբեջանասեր քարոզը, ակտիվիստ Ջիվանիկի կողմից Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ջարդելու մասին սպառնալիքը, այս ամենը թուրքահպատակ քաղաքականություն է:

Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այդչափ մեծ սերը առ Ադրբեջան ծնվել ու զարգացել է Ալիևի մտերիմ Ջորջ Սորոսի փողերի ազդեցության շնորհիվ: Փողեր, որոնցով իրականացավ Հայաստանի գունավոր հեղափոխությունը, և որոնցով Սորոսը 18 պատգամավոր գործուղեց ՀՀ խորհրդարան:

Սորոս-Ալիև-Փաշինյան եռակողմ խաղերի հետևանքները կարող են շատ ցավալի լինել Հայաստանի և Արցախի համար, և ելնելով մեր ազգային անվտանգությունից՝ Նիկոլ Փաշինյանը անհապաղ պետք է հեռացվի իշխանությունից ու ենթարկվի պատասխանատվության:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը