Լրահոս

29.04.2010 14:57


Բագրատ Ասատրյան. «Ինքնին կրճատումն իհարկե դրական երևույթ է»

Բագրատ Ասատրյան. «Ինքնին կրճատումն իհարկե դրական երևույթ է»

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ պետական համակարգում աշխատակիցների կրճատում պետք է լինի, իսկ դրանից գոյացած ֆինանսական միջոցները կմնան նախարարությունների տնօրինման տակ և կուղղվեն աշխատակիցների պարգևատրման ֆոնդին։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը «7օր»-ին ասել է, որ կրճատումը դրական երևույթ է։

-Մենք ունենք անարդյունավետ և ուռճացված կառավարման համակարգ, և իհարկե կրճատումները ցանկալի երևույթ են։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե իրականում կլինի՞ դա, թե՞ հերթական ձևական ակցիան է, ինչպես իշխանությունները վարվում են սովորաբար։ Վախենամ, որ մի քանի տեղ թափուր հաստիքներն իբր կրճատելու են և հետո ասելու են՝ հերթական բարեփոխումն իրականացրինք։ Կրկնում եմ՝ Հայաստանում կառավարման համակարգը, այդ թվում նաև գործադիր իշխանության որակը խիստ ցածր է, ուռճացված է ապարատը, փոքր երկիր, փոքր տնտեսություն, չի կարող այդ բեռը տանել։ Ինքնին կրճատումն իհարկե դրական երևույթ է, բայց չեմ հավատում, որ այս իշխանություններն ի վիճակի լինեն կամ որակական մի լուրջ խնդիր դնեն։ Ես գոնե չեմ տեսել մինչև հիմա,- նշել է Բ. Ասատրյանը,-ես շատ ուրախ  կլինեմ, եթե սխալված լինեմ։ Ես շատ երջանիկ և ուրախ կլինեմ, որ այսօրվա իշխանությունները և կառավարությունը որակական ինչ-որ մի տեղաշարժի գնան, բայց որևէ հիմք չունեմ մտածելու, որ այդպես է լինելու։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը