Մեկնաբանություն

27.09.2019 12:30


Դետեկտիվ սերիալ` «երջանիկ» ֆինալով

Դետեկտիվ սերիալ` «երջանիկ» ֆինալով

Որքան էլ տարօրինակ է, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՔԾ-ի լավաշ հաղորդագրությունը «ֆուրորի» էֆեկտ չգործեց վերջին մեկուկես տարվա «սենսացիոն բացահայտումներից» աչք չբացող հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիների վրա։ Նիկոլի թիվը վերապրածներիս որեւէ բանով արդեն դժվար է զարմացնել։

Անգամ քաղաքականապես ակտիվ հատվածն «ըստ արժանվույն» չգնահատեց իրավական սյուռեալիզմի այդ գլուխգործոցը. շատերը գուցե մինչեւ վերջ չեն էլ կարդացել 10 հարկանի բարդ համադասական եւ ստորադասական նախադասություններով խճողված բառակույտերի այդ զարմանահրաշ ժողովածուն։

Եվ շատ իզուր։ ՀՔԾ-ի հեղինակած «փաստաթուղթը» լիարժեք պատկերացում է տալիս ՀՔԾ քննիչների հեղափոխական մտքի «մահացու թռիչքների» մասին, որոնց միջոցով փորձում են ապացուցել անապացուցելին. որ Մարտի 1-ին քաղաքի կենտրոնը ռազմաճակատի վերածած խառնամբոխը «մեր լեռների պես խաղաղ» Թատերական հրապարակում իր համար մուշ-մուշ քնած`իրավապահները գող-գող եկել, վրա են տվել, ջարդել, փշրել ու դաժանորեն ցրել «խաղաղ ցուցարարներին»։

Հետո, երբ սրանք «ինքնաբուխ»`վերեւից ինչ-որ ձայն լսելով, հավաքվել են Մյասնիկյանի մոտ եւ զինված դիմադրություն ցույց տվել իրավապահներին, օգնության է հասել բանակը եւ լրացրել պակասը, ինչի հետեւանքով 10 մարդ է զոհվել։

Տարբեր ծանրության վնասվածքներ ստացած հարյուրավոր վիրավորված ոստիկանների, այրված մեքենաների, թալանված «օբյեկտների» թեման, բնականաբար, «նրբանկատորեն» շրջանցվում է։

Պարզվում է` 2008 թ. հուլիսի 2-ից ՀՀ նախագահի օգնականի պարտականությունները կատարող Գևորգ Կոստանյանը եւ նույն օրը օգնականի պաշտոնից ազատված ու ոստիկանության պետի տեղակալ նշանակված Գեւորգ Մհերյանը Մարտի 1-ի հետքերը պարտակելու, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով»` Ոստիկանության եւ Զինված ուժերի առանձին ստորաբաժանումների «ապօրինի» գործողությունները «նախապես չխոստացված պարտակելու» մի այնպիսի հուժկու` լայնամասշտաբ, բազմավեկտոր, բազմաքայլ «օպերացիա» են կազմակերպել, որի նմանը աշխարհը չի տեսել։

Եվ դա արել են ոչ թե երկուսով, ճաքի-տրաքի`5 հոգով, օտար աչքերից ու ականջներից հեռու, այլ`«ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` 2008 թ. մայիսի 29-ից ոստիկանության պետ աշխատող Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով»։

Էդպես, հավաքական ուժերով, ձեռք ձեռքի տված`ձեռքի տակ ընկածը կեղծել են, «իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն»։

Այդ չար նպատակով «մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են ՀՀ ոստիկանության վարչական շենք», որտեղ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել «ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունների պետերի» մասնակցությամբ, ներկայացրել իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու աշխատանքային պլանը, ինչպես նաեւ 25 կետից բաղկացած հարցաշար այդ ողբերգական օրը ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ։

Եվ, ուշադրությո՛ւն, այդքան մարդու ներկայությամբ` «ափաշքյարա», հանձնարարական է տրվել բոլորին, բոլորին, բոլորին` «հետին ամսաթվերով կազմել եւ պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր», ինչն էլ արվել է։

Այդ «կոլեկտիվ հանցագործության» մեջ ներքաշվել են մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող լուսահոգի Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալը` Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ։

Մասնավորապես, «փետրվարի 29-ի թվագրմամբ կազմվել, ստորագրվել եւ շրջանառության մեջ են դրվել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր» Թատերական հրապարակում կուտակվող զենք-զինամթերքի, պայթուցիկ սարքերի մասին։

Ի լրումն` «զինված ուժերի ապօրինի մասնակցության, նրանց կողմից հրազենի կիրառման նախապես չխոստացված պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, նրանց կողմից կատարված գործողությունները ոստիկանության զորքերին վերագրելու նպատակով զրուցել ենթակա անձնակազմի հետ` հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին»։

Վերջում` Գեղամ Պետրոսյանին հանձնարարել են դեպքի վայրում հայտնաբերված`«զինծառայողների կողմից տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող պարկուճները փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով»` հանցավոր համագործակության մեջ մտնելով Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։

Գեղամ Պետրոսյանը, երեւի մտածելով` «շատ լինի, քիչ չլինի», իր հերթին ընդլայնել է«կեղծարարների» շրջանակը նոր պերսոնաժով` ներգրավելով ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանին, որի գլխավորությամբ էլ Արարատի մարզի Գետազատ գյուղի մարտական կրակակետում տարբեր տեսակի ինքնաձիգներից «կրակվել» են անհրաժեշտ թվով փամփուշտներ։ «Կեղծ փամփուշտները», որպես «կեղծ» ապացույցներ, փոխանցվել են քննիչ Արմեն Հակոբյանին, նրա միջոցով` փամփուշտների դատաձգաբանական փորձաքննություն իրականացնող Արթուր Հովհաննիսյանին։

Մի խոսքով, ի՞նչ երկարացնենք` ոստիկանության ամբողջ համակարգը վերեւից ներքեւ, ներքաշվել է փաստաթղթեր եւ իրեղեն ապացույցներ «կեղծելու» մեգաօպերացիայի մեջ։

Ահա թե ինչու մեկուկես տարի է` փորում են, փորում, բայց այդպես էլ տեղ չեն հասնում` չեն գտնում մարդասպաններին։

«Սցենարի հեղինակների» կարճ խելքով` ոչ գիտական ֆանատաստիկայի ժանրին պատկանող «դետեկտիվ» սույն պատմությունը, բացի իրենց անգործությունն արդարացնելուց, պետք է մտորելու թեմա դառնա ՄԻԵԴ դատավորների համար, որ նենգափոխված «կեղծ փաստաթղթերին» հավատալու փոխարեն հալած յուղի տեղ ընդունեն սերիալային այս էժանագին սյուժեն եւ մեր վնգստացող դատավորների օրինակով վավերացնեն երկրորդ նախագահի գլխավորությամբ կատարված «առանձնապես ծանր հանցագործությունը»` «սահմանադրական կարգի տապալումը»։

Բա գիտեք, մարդա մեկը որ ասում էր` «Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բացահայտված է», կատա՞կ էր անում...

Տեսնես քանի՞ անուղեղ կհավատա նիկոլական իրավապահների այս հեքիաթին։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը