Մեկնաբանություն

27.09.2019 14:14


Ինչու և ինչպես է Փաշինյանն ուզում բավարարել ադրբեջանցիներին

Ինչու և ինչպես է Փաշինյանն ուզում բավարարել ադրբեջանցիներին

Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին (բա ասում ես՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», բա Բակո Սահակյանին Արցախի մարզպետ եք ներկայացնում, բա էդ ո՞նց է, որ երբ պետք է լինում, երեք կողմ ես նշում ու հայտարարում, որ արցախցիներին չես ներկայացնում ու չես կարող բանակցել, իսկ երբ պետք է լինում՝ Արցախը դարձնում ես զրո ու Ալիևին «իշմար» տալիս)։

Այս միտքը Նիկոլ Փաշինյանը բազմիցս կրկնել է։ Վերջին անգամ նա այդ հայտարարությունն արեց ՄԱԿ–ի բարձր ամբիոնից։

Ի՞նչ է ուզում դրանով ասել Նիկոլ Փաշինյանը։ Չէ՞ որ պարզ է, որ հիմա և տեսանելի ապագայում չի կարող գտնվել հակամարտության լուծում, որը կբավարարի և՛ Երևանին, և՛ Ստեփանակերտին, և՛ Բաքվին։

Բնության մեջ այդպիսի լուծում չկա։ Եթե Ալիևը Երևանն է պահանջում, իսկ մենք չենք պատկերացնում Արցախի ներառումը Ադրբեջանի կազմի մեջ, ապա ի՞նչ լուծման մասին կարող է խոսք լինել, այն էլ՝ երեք կողմին բավարարող։

Նիկոլի այդ հայտարարությունը միջազգային մասշտաբի պոպուլիզմ է։ Նա ուզում է խաղաղարար երևալ, բայց իրականում պատերազմ է հրահրում։ Գիտակցո՞ւմ է նա, որ պատերազմ է հրահրում, թե՞ ոչ, արդեն էական չէ։ Թերևս, գիտակցում է։ Գիտակցում է ու միտումնավոր գնում սրման ճանապարհով։

Նիկոլի մոտ Հերոստրատի սինդրոմ է։ Նա առաջնորդվում է «Կա՛մ ես կլինեմ վարչապետ Հայաստանում, կա՛մ Հայաստանը չի՛ լինի» սկզբունքով։ Նա պատրաստ է այրել տաճարը, եթե դա իր սեփականը չէ։

Ի դեպ, Արցախում հնարավոր պատերազմի դեպքում մեղավորները Նիկոլի կողմից արդեն նշանակված են։ Դրանք Արցախի «դավադիրներն» են և Կրեմլը։

Նա մի քանի անգամ հայտնել է այն միտքը, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսեց, ապա դա նշանակում է, որ Կրեմլը չի ուզեցել կանխել այն, քանզի եթե ուզենար, ապա կկանխեր։ Բացի այդ՝ նա անձնական շահերից ելնելով Արցախում դավադիրներ է գտել, որոնք, իբր, կարող են պատերազմ հրահրել ու տարածք հանձնել, որպեսզի վնասեն «ժողովրդի» վարչապետին։

Նիկոլը մտածում է, որ կարող է շանտաժի դիմել ու պատերազմ հրահրել, որպեսզի հետո մեղքը բարդի ղարաբաղցիների ու ռուսների վրա և «լեգիտիմ» հնարավորություն ստանա՝ ամբողջությամբ նետվել «թավշյա» հեղափոխության արտաքին փայատերերի՝ Արևմուտքի գիրկը, այսինքն՝ ռուսական դոմինանտությունը Հարավային Կովկասում փոխարինել թուրքականով։

Շտապենք հիասթափեցնել Նիկոլին, որ իր այդ ծրագիրը չի աշխատելու, քանզի եթե Ադրբեջանը անցավ պատերազմական գործողությունների, մենք տվեցինք զոհեր ու վիրավորներ և թեկուզ մեկ միլիմետր տարածք կորցրեցինք, ապա դրա թիվ մեկ ու միակ պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ու ոչ մի «կռուտիտ» նրան չի փրկի։ Այդ թվում՝ երեք կողմերին բավարարելու նրա դեմագոգիկ ցանկությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը