Լրահոս

29.04.2010 17:49


ՀԱԿ–ը կարժանանա՞ «Արդարություն» դաշինքի ճակատագրին` ՀԱԿ անդամը չի կարող հստակ պատասխան տալ

ՀԱԿ–ը կարժանանա՞ «Արդարություն» դաշինքի ճակատագրին` ՀԱԿ անդամը չի կարող հստակ պատասխան տալ

-Ես հույս ունեի (հիմա ավելի քիչ հույս ունեմ), որ հայ-թուրքական գործընթացի  աշխուժացումը  կհարստացնի մեր քաղաքական դաշտը, իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ստիպված որակը բարձրացնելու խնդիր կդնեն, որը մեր քաղաքական համակարգը հակադրության ռեժիմից կփոխանցի գաղափարային մրցակցության դաշտ։ Աստված տա՝ սխալվեմ, բայց մի տեսակ քաղաքական կյանքի ճահճացում եմ նկատում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե հաշվի առնելով այդ կանխատեսումը՝ հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն էլ արժանանա «Արդարություն» դաշինքի ճակատագրին, նա ասել է, թե մի քանի հստակ առանձնահատկություններ կան, որ ՀԱԿ-ին տարբերում են «Արդարություն» դաշինքից։

-Նախ՝ ՀԱԿ-ի  մոտիվացիոն բազան ավելի ամուր է զուտ այն պատճառով, որ շարժումը ղեկավարում է շատ ավելի փորձառու և շատ ավելի հմուտ քաղաքական գործիչ, որը հեղափոխական վիճակներ երկրում չի խոստանում։ Երբեք նրանից չենք լսել հեղափոխական վիճակի խոստումներ կամ կոնկրետ ժամկետներ իշխանափոխություն իրականացնելու համար։ Այսինքն, չի կարելի ՀԱԿ-ին մեղադրել հասարակությանը ժամկետներ ասելու, հետո հուսախաբ անելու համար։ Մյուս կողմից, չլիներ «Արդարություն» դաշինքի՝ տարիներ շարունակ անկեղծ, ազնիվ, ինչ-որ տեղ նաև ինքնազոհ պայքարն իշխանությունների դեմ, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին չէր հաջողվի ձևավորել որակով ավելի բարձր ընդդիմություն։ Պատահական չէ, որ «Արդարություն» դաշինքի առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի, այսպես ասենք, առաջատար եռյակի անբաժանելի մասն են,-նշել է նա։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ դաշինքները ստեղծվում են ընտրությունից ընտրություն, և շատ բնական է, որ 2007-ին «Արդարություն» դաշինքը հին ձևաչափով ընտրություններին մասնակցել չէր կարող։ Պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ-ն է՞լ չի կարող նույն ձևաչափով մասնակցել հաջորդ ընտրություններին, նա ասել է, թե չի կարող հստակ պատասխան տալ։

-Եթե հասնի մինչև հերթական ընտրություններ, ոչ մի տարբերակ էլ չեմ բացառում, բայց արտահերթ ընտրությունների պարագայում  հաստատ ֆորմատը չի փոխվի։ Եթե բանը հասավ հերթական ընտրություններին, գիտեք՝ դոգմաներ չկան։ ՀԱԿ-ն ընդամենը քաղաքական գործիք է, և քաղաքական գործիքն  ու քաղաքական նպատակը եկեք իրարից տարբերենք,-ասել է նա։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը