Մեկնաբանություն

28.09.2019 18:30


ԲԴԽ-ն դատապարտում է Նիկոլ Փաշինյանին, ոստիկանությունն էլ ձերբակալելու է

ԲԴԽ-ն դատապարտում է Նիկոլ Փաշինյանին, ոստիկանությունն էլ ձերբակալելու է

Վերջապես լեթարգիական նիրհից արթնացավ Բարձրագույն դատական խորհուրդը և փորձեց ապացուցել, որ ինքը չի մահացել, այլ պարզապես ծանր հիվանդ է։

Բացառիկ օպերատիվ կերպով արձագանքելով չվնգստացող դատավոր Աննա Դանիբեկյանի «նեղսրտելուն»՝ ԲԴԽ-ն հայտարարեց․ «Մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրանց պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»։

Փաստորեն, ԲԴԽ-ն դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իր բազմաթիվ հրապարակային հայտարարություններով ու վիրավորական արտահայտություններով փորձել է հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել կրկին բազմաթիվ դատավորների, ով շրջափակել է դատարանները, ում դրդմամբ մի խումբ քայլարածներ հոգեբանական ճնշման են ենթարկել, վիրավորել և նսեմացրել դատավորներին, ավելին՝ որոշ դեպքերում անգամ ֆիզիկական ոտնձգություն են գործել՝ քաշքշել են և գետնին տապալել։

Փաստորեն, ԲԴԽ-ն հետևողական է լինելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հետ միասին օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն նաև իշխանական այն բոլոր շրջանակները, ովքեր հոգեբանական ճնշման են ենթարկել, վիրավորել և նսեմացրել, ոտնձգություն են գործել դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Բալայանի, Դավիթ Գրիգորյանի և ոչ իշխանահաճո գործելաոճ դրսևորած մյուս բոլոր դատավորների նկատմամբ։

Իսկ եթե ԲԴԽ-ն արձագանքում է զուտ միայն մի դեպքով, և լռում մնացած բոլոր դեպքերում, ստացվում է, որ մահամերձ ԲԴԽ-ի ինքնազգացողությունը բացառիկ դրվագներով է լավանում, և միտքը պայծառանում է այն ժամանակ, երբ դա ձեռնտու է հոգեխանգարմունքի մեջ ընկած շեֆին։

Փաստորեն, նաև ոստիկանությունն է որոշել նույնկերպ օպերատիվորեն բերման ենթարկել, ձերբակալել, «նոր Հայաստանի» բառապաշարով ասած՝ պառկեցնել ասֆալտներին, ծեփել պատերին և փայտով Փաշինյանի ու իր կամակատարների գլխին տալ, որպեսզի հանգի՛ստ նստեն տեղները և հարգեն օրենքն ու Սահմանադրությունը։

Հակառակ պարագայում կստացվի, որ ոստիկանության համար բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ է՛լ ավելի հավասար։

Դե ձեզ տեսնենք, տիկնայք և պարոնա՛յք։

ՀԳ Հայաստան պետությունը չի՛ կործանվելու, որքան էլ դուք այդ ուղղությամբ ջանք գործադրեք։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը