Մեկնաբանություն

02.10.2019 10:00


Ե՞րբ այսքան անտարբեր դարձանք Արցախը 30 արծաթով ծախելու մասին վայրահաչությունների հանդեպ

Ե՞րբ այսքան անտարբեր դարձանք Արցախը 30 արծաթով ծախելու մասին վայրահաչությունների հանդեպ

Միակ բանը, որ անցած մեկուկես տարում Փաշինյանին «հաջողվել» է, բացի երկիրը ներքին առճակատման եւ թշնամանքի պատանդ դարձնելուց, Արցախը եւ ազատագրված (կամ, ինչպես կասեր նախկին խմբագրապետ Փաշինյանը, «եթե կուզեք` օկուպացված») տարածքները ծախելու «գաղափարի» շուրջ հասարակական հանդուրժողականության կամ առնվազն անտարբերության մթնոլորտ ստեղծելն է։

Իզուր չէր, որ քայլ առ քայլ՝ մեթոդաբար եւ հետեւողականորեն արժեզրկում էին մեր հաղթանակները`Արցախյան ազատամարտը ստորադասելով «թավշյա, ոչ բռնի իշխանափոխության» համար «սրբազան պատերազմում» տարած պյուռոսյան հաղթանակին, Արցախի հերոսներին, ինքնապաշտպանական մարտերի կազմակերպիչներին ու համակարգողներին, գեներալներին ներկայացնում որպես «մեծ ճանապարհի ավազակների», թալանչիների, «սերմացու գողացող մկների» եւ քրեական գործեր կարում «սահմանադրական կարգը տապալելու», «խաղաղ ցուցարարների վրա կրակելու» փուչ մեղադրանքով։

Այդքանը քիչ համարելով`թափանցիկ ակնարկներ էին անում, թե`մեր տղաները զոհվել են «հանուն ոչնչի», Նիկոլի ասածին «չէ» ասելու դեպքում՝ սպառնում դադարեցնել Արցախին տրվող ֆինանսական «օգնությունը» (մինչդեռ Արցախի մասնաբաժինը արտահանվող եւ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերից գոյացող հասույթների հաշվեկշռում ծածկում է այդ «օգնության» ծավալը, դեռ մի բան էլ` ավելին։ Ընդհուպ` «ահաբեկում» էին, թե` եթե այդքան ինքնուրույն եք, բարի եղեք ինքներդ պաշտպանել ձեր սահմանները` «մեր տղաներն ինչո՞ւ պիտի ծառայեն Արցախում»։

Այս ամենը բնականաբար անհետեւանք չէր կարող մնալ ու չի մնացել` նստվածք է թողել մարդկանց մեջ` գոնե ենթագիտակցական մակարդակով։

Այլապես ինչպե՞ս բացատրել այն «քար լռությունը», որով հասարակության նիկոլասեր հատվածն ընդունեց «Նեզավիսիմայա գազետա»-ի հրապարակումը «օկուպացված» 5 շրջանները 5 միլիարդ դոլարի դիմաց Ադրբեջանին «վերադարձնելու» գործարքի վերաբերյալ։ Իսկ հանձնել 5 շրջանները` նույնն է թե կրկնապատկել, եռապատկել շփման գիծը պաշտպանելու համար անհրաժեշտ մարդկային, ֆինանսական եւ ռազմատեխնիկական ռեսուրսները, վերջին հաշվով` կորցնել Արցախը։

Պատկերը կամբողջանա, եթե ավելացնենք Արցախի` Հայաստանի մարզերից մեկը, Արցախի նախագահի` Հայաստանի մարզպետներից մեկը հռչակելու «ծուռ» գաղափարախոսությունը, որով փորձում են պատրանք ստեղծել, թե Հայաստանում չկա միասնական տեսակետ խնդրի կարգավորման վերաբերյալ. մի մասը Արցախի անկախության միջազգային ճանաչման կողմնակից է, մյուսները`ստատուս-քվոն պահպանելու համոզված ջատագով, մի մասը երազում է «միացման» մասին, իսկ «ամենաառաջադեմ» հատվածը Նիկոլի հանգույն կարծում է, որ ցանկացած լուծում «պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի» համար։

Ո՞րն է այն լուծումը, որը ընդունելի է կամ երբեւէ կարող է ընդունելի լինել Ադրբեջանի համար` գաղտնիք չէ։ Այն է` Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» սակարկության ենթակա չէ եւ օր առաջ պետք է վերականգնվի «ողջ ծավալով». զոռո՞վ, թե՞ խաթրով, փողո՞վ, թե՞ անհատույց նվիրատվության կարգով`կախված է նրանից, թե որքան արագ Նիկոլը կկարողանա ամրապնդել իր դիրքերը եւ այդ «նվիրական գաղափարն» ընդունելի դարձնել զոմբիացած մեծամասնության համար։

Եվ, դատելով ամենից, կեղծ պացիֆիզմի «թավշյա քարոզչությունն» արել է իր սեւ գործը. եթե առաջ միայն ԼՏՊ-ն ու իր սակավաթիվ կողմնակիցներն էին Արցախը համարում բեռ, որից ամեն գնով պետք է ազատվել, հիմա «5 շրջանը 5 միլիարդ դոլարով ծախելու» միտքը քչերին է զայրացնում. լսում են ու անցնում առաջ, կարծես՝ ոչինչ չի եղել։

Հայաստանի ոչ բարով վարչապետն էլ, որ իր ընտանիքին վերաբերվող որեւէ «կեղծ հրապարակում» ականջի հետեւ չի գցում`տեղնուտեղը հերքում է եւ ամոթանք տալիս լրատվամիջոցներին սուտ լուրեր տարածելու համար, այս դեպքում բերանը ջուր առած` համեստորեն լռում է։

Եվ իհարկե, աչքը չի թարթում, երբ «մայդանի» իր ընկերներն Ուկրանիայում պաշտոնապես արգելում են իրենց քաղաքացիներին այցելել Արցախ եւ սպառնում քրեական պատասխանատվության ենթարկել... Ադրբեջանի Սահմանադրությունը խախտելու համար...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը