Խմբագրական

01.05.2010 19:05


Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 6

Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 6

սկիզբը՝ տե՛ս

Իշխանությունները հիմա չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը խոշոր սեփականության, իսկ ավելի ճիշտ՝ ֆինանսական հոսքերի վերաբաշխումն է։ Իսկ դա նշանակում է, որ սերժսարգսյանական թիմը լրջագույն բարդությունների առաջ է կանգնելու, քանի որ համակարգային փոփոխությունների ձգտող հանրային լայն շրջանակներն առաջիկա ընտրություններում կարող են ունենալ բազում աջակիցներ նաև իշխանական համակարգի ներսից, որոնք «տրոյական ձիու» դեր կկատարեն գործող ռեժիմի համար և մինչև այժմ գործող «իշխանության մուտքը ներսի կողմից է» հակաժողովրդավարական բանաձևը կսկսի աշխատել վարչակազմի դեմ։ Ասել է թե՝ հնարավորություն կստեղծվի որպես գործիք օգտագործել մինչև այժմ բացասական դեր կատարած կլանաօլիգարխիկ համակագի ներսում գտնվող մի շարք սուբյեկտների ներուժը, ապամոնտաժել բարոյապես ու ֆիզիկապես մաշված այս համակարգն ու ստեղծել նոր, բաց տնտեսական հարաբերություններ։

Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք։ 2008-ից հետո ձևավորված իշխանությունը գործող համակարգը տանում է ինքնաոչնչացման ճանապահով, և դա շատ լավ գործընթաց է։ Անշո՛ւշտ, նրանք չեն զգում իրենց քաղաքական մազոխիզմի հետևանքները և չեն էլ կարող զգալ, բայց դա արդեն էական չէ։ Եթե զգան էլ, ապա չեն կարող փրկվել։ Եթե քաղցկեղով հիվանդը վերջին փուլում հասկանա, թե ինչն ինչոց է, ապա ի՞նչ պետք է անի։

Հիմա շատ լավ շանս է առաջացել համակարգափոխության համար, քանի որ դրան ակամայից աջակցում է նաև իշխանությունը։ Համակարգափոխության հասնելու և այդ ճանապարհին իշխանության ընտրակեղծիքների մեխանիզմից խոշորին տարանջատելու ու այդպիսով ընտրակեղծիքների արատավոր մեքենան խափանելու համար խոշոր բուժուազիային անհրաժեշտ է երաշխիքներ տալ, որ իշխանափոխությունից հետո «վհուկների որս» չի լինելու, բայց մյուս կողմից խաղի նոր կանոններն այլևս չեն ենթադրելու իշխանական հովանավորչություն, այլ գործելու են շուկայական հարաբերություններ. ով կդիմանա մրցակցությանը, թող դիմանա։ Իսկ եթե հասարակությունն առաջնորդվի խոշորին «մորթելու» իռացիոնալ ցանկություններով, ապա դրանով ակամայից կաջակցի Սերժ Սարգսյանի «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրին։

Ս. Սարգսյանի ծրագրի իրականացման դեպքում Հայաստանը կվերածվի ադրբեջանական կամ թուրքմենական տիպի սուլթանական պետության (բայց առանց նավթի ու գազի) և շատ կարճ ժամանակահատվածում, արտաքին ու ներքին մարտահրավերներին չդիմանալով, բառիս բուն իմաստով կփուլզվի։

Կուլակաթափության տրամադրությունների գերակայության դեպքում զարգացումների մյուս տարբերակն այն է, որ խոշորը, զգալով, որ իր համար ձեռնտու չէ Հայաստանում գործելը, կա բոլշևիզմի վտանգ, և երաշխիքներ չկան սեփականության պահպանման համար, պարզապես կփախցնի իր կապիտալն այստեղից։ Դրա արդյունքում Հայաստանը և ՀՀ քաղաքացին կրկին չեն շահի։ Սարգսյանի ծրագիրն այս դեպքում մասամբ կիրականացվի, քանի որ նա չի կարողանա փողերի վերաբաշխումն իր ուզած ձևով անել, բայց մեր երկրի հեռանկարն էլի նույնը կլինի, քանի որ խոշորի արտագաղթը ոչ մի լավ բան չի տա մեզ։

Խաչատուր Սուքիասյանի օրինակն ասվածի վառ ապացույցն է։ Եկեք մի պահ վերանանք անձերից ու քաղաքական գործընթացներից և տեսնենք, թե ինչ ստացավ ՀՀ-ն «ՍԻԼ»-ի դեմ իրականացվող արշավանքներից։ Միայն վնասներ։ Կայացած բրենդ «Բջնին» խաղից դուրս բերվեց։ Եվ ի՞նչ շահեց քաղաքացին, երբ հանքային ջրի այդ տեսակի վրա իշխանությունը ֆաշիստական ոճի հարձակում իրականացրեց։ Հանքային ջրերն էժանացա՞ն, աշխատատեղերն ավելացա՞ն, թե՞ «Բջնին» դարձավ ավելի որակյալ, իսկ թոշակներն էլ բարձրացան կուլակաթափությունից հետո։ Կարծում եմ, որ բարձրացված հարցերի պատասխանը հայտնի է բոլորիս. «Բջնիի» գործից շահեց միայն Սերժ Սարգսյանի նեղ շրջապատը, ում նպատակը ոչ միայն և ոչ այնքան Սուքիասյանին պատժելն էր, այլ սեփականության վերաբաժանման մոդելի փորձարկումը։ Մյուս բիզնեսմեններին եթե թվում է, թե «ՍԻԼ»-ի ճակատագիրն իրենց չի սպառնում, քանի որ իրենք աջակցել են Սերժ Սարգսյանի ընտրվելուն, ապա չարաչար սխալվում են։ Իսկ հասարակությունը պետք է չուրախանա, եթե իշխանությունը հիմա էլ «յուրային» բիզնեսմեններից սկսի խլել սեփականությունը։ Նույն արդյունքն է լինելու, ինչ «Բջնիի» դեպքում։ Ինչո՞ւ եք կարծում, որ Սուքիասյանի դեմ իրականացվողը վատ բան էր, իսկ ահա մյուսներին կարելի է «մորթել»։

Ում հանդեպ կուլակաթափության փորձ լինի, դա չի տարբերվելու «Բջնիի» գործից։ Բոլորն էլ կգնան այստեղից, ինչպես Սուքիասյանն է հայտնվել Գերմանիայում, և հիմա այնտեղ է զարգացնում իր բիզնեսը։ Ի դեպ, Գերմանիայում գտնվելով, Սուքիասյանը չի տուժում։ Տուժում է Հայաստանի տնտեսությունն այնքանով, որքանով գումարները դուրս են եկել մեզ մոտից և ծառայում են այլ պետության շահերին. կապիտալը հայրենիք չի ճանաչում, կապիտալը բարիք է բերում այն երկրին, որտեղ կան աճելու բարենպաստ պայմաններ։ Սա՛ է պետք հասկանալ, այլ ոչ թե մեղադրել բիզնեսին։

Դե հիմա պատկերացրեք, թե որքան սուքիասյաններ կան Հայաստանում, ինչքան գումարներ ունեն նրանք, և ինչ կլինի մեր տնտեսության հետ, եթե բոլորը որոշեն իրենց բիզնեսն անել գերմանիաներում։ Սերժ Սարգսյանի քայլերի դեմը չառնելու դեպքում Հայաստանից կապիտալի արտահոսքը վտանգավոր չափերի կհասնի։ Հայաստանը կկանգնի կոտրած տաշտակի առջև, և պետք չէ դրա մեջ մեղադրել բիզնեսին։ Բիզնեսմենի նպատակը շահույթն է, և եթե իշխանությունները զրկում են նրան այդ նպատակին հասնելու հնարավորությունից, ապա բնական է, որ բիզնեսը միգրացիայի ճանապարհն է բռնում։

Եվ ուրեմն իշխանական նեղ շրջապատի ծրագրերն ամեն գնով պետք է խափանել։ Ասվածից ամենևին չի հետևում, որ հարկ է պահպանել այսօրվա համակարգը և ընդամենը թույլ չտալ ավելի վատ բնույթ ունեցող սերժսարգսյանականը։ Գործողությունների տրամաբանությունը հետևյալը պետք է լինի՝ այսօրվա կլանաօլիգարխիկ համակարգի բացասական էլեմենտներն օգտագործել նույն այդ համակարգի դեմ և դրանից հետո տրանսֆորմացնել տնտեսաքաղաքական այն հարաբերությունները, որոնք խոչընդոտում են մեր զարգացմանն ու սպառնում անվտանգությանը։ Այս կոդի տարածման և համապատասխան հանրային գիտակցության ձևավորման դեպքում իշխանափոխությունը կդառնա տեխնիկայի հարց։

Սխալ հարցադրումներ և կարծրատիպեր

«Խոշոր բիզնեսն ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի մրցակցային դաշտ տեղափոխվելու հարցում, եթե իրենց հարստացման հիմնական աղբյուրը մրցակցության բացակայությունն է եղել։ Մի՞թե այսօր իշխանություններն իմիտացիա չեն անում, երբ թիրախ են հայտարարում խոշորին։ Այս իշխանությունը ձևավորվեց խոշոր բիզնեսի և իշխանական կլանի օգնությամբ, և հետևաբար ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը, ով այդ կլանի պարագլուխներից է եղել, կտրի այն ճյուղը, որի վրա նստած է»,- կհարցնի բիզնես դաշտի հարաբերություններից հեռու գտնվող և նախկինում ձևավորված կարծրատիպերով առաջնորդվող ՀՀ միջին քաղաքացին։

Սրանք հարցեր են, որոնք այս կամ այն կերպ քննարկվում են մամուլում և մարդկանց շփումների ժամանակ։ Նման թեմաներով քննարկումներից այնպիսի տպավորություն ես ստանում, կարծես մեր երկրի թիվ մեկ խնդիրն այս կամ այն փողատերն է. հենց նրան բռնեն, հայ ժողովուրդը կապրի ուրախ ու երջանիկ։ Բայց չէ՞ որ դա սխալ մտածելակերպ է։ Խնդիրը համակարգային բնույթ ունի, և անձերի մակարդակով դատողություններ անելն առնվազն քաղաքականապես անգրագետ լինելու վկայություն է։

Իրականությունը հետևյալն է՝ այո՛, խոշորը շահագրգռված չէ իշխանական հովանավորչության արտոնություններից զրկվելու մեջ, բայց այդ արտոնություններն ուզում է վերացնել Սերժ Սարգսյանը, ով իր «գործիք» վարչապետի միջոցով գնալու է «մեկ մարդու տնտեսության» կառուցման ճանապարհով։ Այսինքն, ոչ թե խոշոր բիզնեսմենները հանկարծ ու որոշել են իրենք իրենց զրկել «տանիքից», այլ այդ «տանիքն» է նրանց վտարում, որպեսզի սեփականաշնորհի Քոչարյանի կառավարման շրջանի քվոտայավորված տնտեսական հարաբերությունների ժամանակաշրջանում կլանի կուտակած միջոցները։ Նպատակը ոչ թե ազատ շուկա ձևավորելն է, ինչպես որ փորձում են քարոզել «միջազգային կենտրոնների» սիրահարները, այլ թուրքմենբաշիզմ կառուցելը։

Այդ ծրագրի շրջանակներում իշխանությունն օգտվում է բոլշևիկյան հռետորաբանությունից և հանրային քննարկումները փորձում է ուղղորդել սոցիալական պոպուլիզմի ոլորտ՝ «Բա թոշակ չտա՞նք, բա հերիք ու բոլ չեղա՞վ էս օլիգարխների «բեսպրեդելը»» թեմայով, որը խոշորագույն դեմագոգիա է։ Ու քանի որ մարդկանցից շատերը մակերեսային վերլուծություններ են սիրում անել, ուստի իշխանական պոպուլիզմը մասամբ կարող է աշխատել։

Պարզ է, որ իշխանություններին ձեռնտու չի լինի իրական բանավեճ ծավալելն այս թեմայով, որից պարզ կդառնա, որ նախ «օլիգարխ» կոչվածները հենց իրենք են՝ դասախոսական առոգանության ու նյուրենբերգներ պահանջելու քողածածկույթով, և երկրորդ՝ հենց իրե՛նց «բեսպրեդելը» պետք է վերացնել։ Ու քանի որ «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները փակ են նման քննարկումների համար (անցանկալի անձանց մուտքն արգելված է), ուստի իշխանական դեմագոգիան հուժկու հակահարվածների առայժմ չի հանդիպում, և հանրային կարծիքը լրիվ այլ բանաձևերի մեջ է տեղավորվում։ Բայց դա չի փրկելու իշխանությանը։

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը

Հանրությունն այժմ չի հավատում, որ իշխանությունը կգնա խոշորի դեմ, քանի որ դեռևս նույնացնում է ընտրակեղծիքների միասնական թիմ ձևավորած իրական օլիգարխներին (իշխանության վերին օղակին) և խոշոր փողատերերին։ Իր այդ «անհավատությամբ» ՀՀ քաղաքացին (եթե նույնիսկ շատ ընդդիմադիր է գործող ռեժիմին) հայտնվում է կեղծ բանավեճի մեջ ու աջակցում իշխանությանը՝ «Ասում են, բայց կանե՞ն» հարցադրմամբ։ Իսկ կեղծ է այդ բանավեճն այն պարզ պատճառով, որ խոշորին «մորթելը» կամ «չմորթելը» չեն Հայաստանի իրական խնդիրները։ Նույն Խաչատուր Սուքիասյանին երբ «հոշոտեցին», մեր խնդիրները լուծվեցի՞ն, տնեսությունը զարգացա՞վ, Սերժ Սարգսյանն ավելի լեգիտի՞մ դարձավ, հանքային ջրերի ոլորտում որակական փոփոխություննե՞ր եղան։ Իհա՛րկե ոչ։

Թողնենք այն հարցը, որ Սուքիասյանն աջակցել էր հակաիշխանական թեկնածուին և միգուցե այդ առումով որոշակի համակրանք է վայելում բողոքական էլեկտորատի մոտ։ Բայց սխալ է իշխանության բոլշևիզմը բացասական գնահատել այն դեպքում, երբ հակաիշխանական բիզնեսմենն է շարքից հանվում, իսկ դրական՝ երբ իշխանության «յուրային» մականունավորներն ընկնեն «պլանի» տակ։ Դա պարզունակ և անսկզբունքային մոտեցում է։ Եթե «Բջնիի» գործը հակաշուկայական խաղի կանոնի դրսևորում էր, ապա նույն գնահատականը պետք է տրվի նաև մյուս դեպքերում։ Միայն թե չասեք, որ «ՍԻԼ»–ը բյուրեղյա մաքրություն ուներ, իսկ մյուսները կեղտի մեջ թաղված են։ Այդպիսի բան չկա։ Ուղղակի երբ իշխանությունն ուզում է կուլակաթափ անել՝ ոչնչի առաջ կանգ չի առնում ու միշտ էլ մի հիմնավոր կամ անհիմն պատճառ գտնում է իր հակառակորդի դեմ։

Եկեք հարցն այլ կերպ դիտարկենք։ Սուքիասյանն էլ իր նախնական կապիտալի կուտակման պատմությամբ գրեթե չի տարբերվում այն մյուս խոշոր գործարարներից, ովքեր այսօր դեռևս չեն «հոշոտվել» իշխանության կողմից։ Ինչո՞ւ ենք այդ դեպքում կարծում, որ Սուքիասյանի դեմ արվածը վատ բան էր, իսկ մյուսներին «հասնում» է, որովհետև նրանք մասնակցել են ընտրակեղծիքներին։ Բայց չէ՞ որ Սուքիասյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ պակաս «ակտիվությամբ» աչքի չի ընկել, իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք երբեք չի եղել ռեժիմի քննադատը, այլ ընդհակառակը՝ սերտաճվել է իշխանության հետ, զարգացրել է իր բիզնեսը և մշտապես ունեցել պատգամավոր ընտրվելու հնարավորություն։ Թե՞ կարծում եք՝ Քոչարյանի իշխանության օրոք այնքան ժողովրդավարություն կար, որ Սուքիասյանն ի հեճուկս իշխանության ցանկության էր մշտապես ընտրվում։ Եթե այդպես է, ապա թող հիմա էլ ընտրվեր կամ աջակցեր իր թիմակցին։ Բա ինչո՞ւ այս տարի իշխանությունները թիվ 10 ընտրատարածքում, որտեղից միշտ պատգամավոր էր դառնում Սուքիասյանը, ամբողջությամբ կիրառեցին կեղծիքների մեքենան։ Նախկինում չկա՞ր այդ հնարավորությունը։ Հը՞։

Առաջարկում եմ մտածել այս ամենի շուրջ և հասկանալ, որ կապիտալի նախնական կուտակման փուլը բոլոր երկրներում էլ զուլալ չի եղել, և խոշոր բիզնեսը մեղավոր չէ, որ խաղի կանոններն են այդպիսին։ Հետևաբար խոշոր բիզնեսը չէ մեր երկրի թիվ մեկ խնդիրը։ Խնդիրը համակարգն է, որը պետք է փոխել։

Ժամանակին բոլշևիկներն էլ էին ասում, թե բանվորի ու գյուղացու կյանքի բարելավումը կախված է միայն հաջող կուլակաթափությունից, բայց կյանքը ցույց տվեց, որ կուլակաթափությունն ավելի վատացրեց բանվորի ու գյուղացու կյանքը. մարդիկ սովի մատնվեցին։ Այդ հետո պրոլետարիատը հասկացավ, որ խաբվել է, բայց արդեն ուշ էր։ Ով էլ որ խոսում էր բոլշևիկ-դեմագոգների դեմ ու հիշեցնում տված խոստումները, աքսորվում կամ գնդակահարվում էր։

Հիմա մեր տնաբույծ բոլևիկները նույն ոճով են գործում, ու եթե մեր հանրությունն իրական վտանգները չտեսնի ու կուլ տա իշխանական քարոզչամեքենայի խայծը, ապա մեր համընդհանուր կոլապսն անխուսափելի է լինելու։

Հիշե՛ք՝ մենք «սառը» պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ։ Սարգսյանի պատկերացրած տնտեսաքաղաքական մոդելով մենք առանց կրակոցի երկիրը հակառակորդին կհանձնենք։ Սարգսյանն այդպես չի ցանկանում, բայց այդպես կստացվի։ Պետք է թույլ չտալ։

Հիտլերն էլ չէր ուզում փլել Գերմանիան, բայց այդպես ստացվեց։ Գորբաչովն էլ չէր ուզում վերացնել ՍՍՀՄ-ը, բայց այդպես ստացվեց։ Հեյդար Ալիևն էլ չէր ուզում կորցնել Աղդամն ու մյուս շրջանները, բայց այդպես ստացվեց։ Ի դեպ, թվարկածս բոլոր գործիչների օրոք իրենց պետության մեջ, այս կամ այն առանձնահատկությամբ, գործել է «մեկ մարդու տնտեսության» մոդելը։ Ինչևէ։

Տեսակը տեսակին է գտնում

Այժմ անդրադառնամ այն հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը փորձում դուրս գալ իր շրջապատի դեմ, և ո՞րն է այդ ցանկության տրամաբանությունը։

Այստեղ կան և՛ հոգեբանական, և՛ տնտեսաքաղաքական պահեր։ Դա տեսակի և մտածողության հարց է։ Այո՛, Սերժ Սարգսյանն իշխանության եկավ «Երկու մարդու և նրանց կից երկու-երեք տասնյակի հասնող ընտանիքների տնտեսության» մոդելով գործող համակարգի միջոցով, այո՛, Սարգսյանի նախագահ դառնալու մեջ մեծ էր Ռոբերտ Քոչարյանի դերը, բայց դա ոչինչ չի նշանակում։

Ճիշտ է, Ս. Սարգսյանը լիուլի օգտվել է այդ համակարգից և կլանի ներսում իրեն ներկայացրել որպես այդ համակարգի «բարի քննիչ» (Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանը կլանին մատուցում էր «չար քննիչի» դերում՝ «Հեսա ես նախագահ կդառնամ ու սաղիդ լավ աչքով կնայեմ» բլեֆի շրջանակներում), ինչը հիմք էր տվել կլանին եզրակացնելու, որ Սարգսյանի գալով ավելի շատ փող է աշխատելու։ Բայց հիմա լրիվ ուրիշ բան է ստացվել։ Պարզվում է, որ Սարգսյանը երկուսի փոխարեն ուզում է մեկի վրա հիմնված կլան ունենալ, իսկ հարակից ընտանիքների քանակն էլ որքան հնարավոր է՝ կրճատել։ Այսինքն, Սարգսյանը պատերազմ է հայտարարել խոշոր բիզնեսին, կամ, որ նույնն է, իշխանության մի մեծ շերտի։ Եվ այդ ամենն առանց քաղաքական ռեսուրսի ու աջակցության։

Միակ ռեսուրսը, որը կազատեր Սերժ Սարգսյանի ձեռքերը «ոխերիմ բարեկամներից» և կարճաժամկետում կուժեղացներ նրան «մեկ մարդու տնտեսության» ստեղծման գործում՝ հայ-թուրքական սահմանի բացման գնով որոշակի լեգիտիմություն ստանալն էր, բայց այդ ուղղությամբ հիմա կատարյալ ձախողում է, և ՀՀԿ «ճկուն» նախագահը գնում է իր ծրագրերի իրագործմանն արդեն առանց հանրային լուրջ աջակցության և վա-բանկ տարբերակով, քանի որ հետ դառնալու ձև չունի։ Ուզի էլ՝ չի կարող, քանի որ խոշոր բիզնեսը 2007-ից զգում է Սարգսյանի բոլշևիկյան ախորժակը և հնարավորության դեպքում պատասխան հարված է հասցնելու։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ Սարգսյանն ինչ-որ պահի, զգալով իշխանության կորստի վտանգը, հետ քայլ կանի, ապա միևնույն է՝ խոշորը դա կգնահատի ոչ թե բարի կամքի, այլ թուլության նշան և կանցնի հակագրոհի։

Ինչպես Թուրքիայի վարչապետ Էրդողանը թուլության նշան գնահատեց Սերժ Սարգսյանի քիրվայական դրսևորումները և անցավ լայնամասշտաբ հարձակման, այնպես էլ ՀՀ խոշոր բիզնեսը չի ների Սարգսյանին, եթե նույնիսկ վերջինս ստիպված առաջարկի վերադառնալ քոչարյանական շրջանի մոդելին։

Այնպես որ վիճակը նետված է։ Ոչ ոք հետդարձի ճամփա չունի։ Դա մեկ։ Եվ երկրորդ՝ Սերժ Սարգսյանը շատ հեռու է գնացել ու չի էլ կարող դադարեցնել բիզնեսի դեմ պատերազմելու իր քայլերն այնպես, ինչպես չի կարողանում դուրս գալ հայ-թուրքական գործընթացից։ Թուրքիայի մասով, օրինակ, Սարգսյանն ուզում է դուրս գալ սեփական «նախաձեռնողականության» ճիրաններից, բայց չի կարողանում ու ստիպված «հայրենասիրությամբ» է զբաղվում՝ Վիլսոնի գերեզմանի մոտ նկարվելով ու անապատների ֆոնին «Հայկական Նյուրենբերգից» խոսելով։

Այսպիսով, Սերժ Սարգսյանը 2008-ի ընտրություններից հետո իրեն պահում է այն սպասավորուհու նման, ով երբ իր մյուս ընկերուհի սպասավորների օգնությամբ ու խարդավանքներով հանկարծ դառնում է տանտիրուհի, անմիջապես տանից վտարում է իրեն աջակցած նախկին ընկերուհիներին, քանզի ոչ թե երազել էր ազատություն ու լավ կյանք բոլորի համար, այլ որ միայն ի՛նքն ունենա ճնշելու ու հրամայելու հնարավորություն։ Համ էլ նորահայտ տանտիրուհին այլևս չի ուզում իր կողքին տեսնել իր նախորդ կարգավիճակի կենդանի վկաներին, ովքեր միշտ կարող են հիշեցնել իր ով լինելը, և դրա համար էլ կատաղի պայքարում է նախկին ընկերուհիների դեմ։

Ճիշտ այդ տրամաբանությամբ է հիմա գործում իշխանությունը, որի հավաքական կերպարը 4 մարդու տեսքով է ներկայացված՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Արթուր Բաղդասարյան և Արտաշես Գեղամյան։ Ու կապ չունի՝ նշված մարդկանցից ով ինչ դիրք ունի։

Տեսե՛ք՝ Սերժ Սարգսյանը քաղաքական ու մարդկային առումներով «քցեց» իրեն իշխանության բերած խոշոր բիզնեսին, ինչպես նաև հանրության այն շերտին, որը, Լևոն Տեր-Պետրոսյանի քիրվայական գաղափարները չընդունելով ու չընդունելով նաև Սերժ Սարգսյանին, չարյաց փոքրագույնն էր տեսնում վերջինիս որպես ազգային դաշտի գործիչ։ Սարգսյանն իր քաղաքականությամբ «քցեց» գրեթե բոլոր այդ շրջանակներին, փորձեց այլ տիպի հենարանով իրականություն դարձնել հայկական սուլթանատ սարքելու իր ցանկությունը՝ թուրքերի հետ «ջան գյուլում» անելով, բայց արդյունքում մնաց մենակ։

Նույն «քցողական» ձևով գործեց նաև 2008-ի մարտի 1-ի նախօրեին Ս. Սարգսյանին միացած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նա անամոթաբար խաբեց փոքր ու միջին բիզնեսին, ում շահերի պաշտպանի դերում էր հանդես եկել և՛ 2007-ի ԱԺ-ի, և՛ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ։

Մեջբերեմ «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրից մի հատված, որը ներկայացվել էր 2007-ին, և ամեն ինչ պարզ կդառնա. «Ցածր հարկերը տնտեսական աճի կարևոր նախապայման են։ Հնարավորինս պետք է ընդլայնել հաստատագրված հարկերի կիրառումը մանր ու միջին գործարարության, ծառայությունների, սպասարկման և այլ ոլորտներում»։ Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի կառավարությունը շարունակեց վարչապետ Սերժ Սարգսյանի այն քայլերը, որոնք ճիշտ հակառակ տրամաբանության մեջ էին, ինչը գրված էր ԱԽՔ-ի վերածված Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցության ծրագրում։ Փաստն այն է, որ այս իշխանություններն, Ա. Բաղդասարյանի հետ միասին, փոքր ու միջին բուրժուազիային գրեթե զրկեցին հաստատագրված վճարի հնարավորությունից, ՀԴՄ-ացրին առևտուրն առանց փաստաթղթաշրջանառության ամբողջական շղթան ապահովելու և այլն, և այլն, և այլն։ Եթե սրան ավելացնենք նաև այն, որ Ա. Բաղդասարյանը նախագահական ընտրությունների ժամանակ խոստանում էր վերականգնել պարզեցված հարկի մասին օրենքի նախկին տեսքը, որը վերացրել էր Սերժ Սարգսյանի մեծամասնության խորհրդարանը, բայց հենց մտավ կոալիցիա, մոռացավ նաև այդ խոստման մասին, ապա ԱԽՔ-ի քաղաքական դիմագիծն ամբողջական կդառնա։

Այդ աստիճանի քաղաքական դավաճանությունից հետո Բաղդասարյանին մնում էր միայն Սերժ Սարգսյանի հետ համատեղ ինքնամոռաց գովերգել հայ-թուրքական «ֆուտբոլը»։ Այնպես գովերգել, որ նույնիսկ ՀՀԿ-ականներից շատերը, ովքեր ի պաշտոնե փառաբանում են Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ, ամոթից կարմրեն։

Հայտնի է, որ քաղաքական գործչի կողմից ընկերոջ դավաճանությունը, որպես կանոն, ավարտվում է հայրենիքի դավաճանությամբ։ Այդպես է ստացվում բոլոր այն դեպքերում, երբ «քցում» ես քո միջավայրին և սկսում առաջնորդվել բոլշևիկյան տրամաբանությամբ։ Դրանից հետո միակ հույսդ դառնում է Թուրքիան և այդպիսով վերածվում ես թրքաբոլշևիկի։ Փաստորեն, շերտային դավաճանությունից դեպի թրքաբոլշևիզմ մեկ քայլ է։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը