Մեկնաբանություն

03.10.2019 14:06


Ինչո՞ւ է Փաշինյանը պայքարում ՍԴ նախագահի դեմ և ուզում սեփականաշնորհել դատարանները

Ինչո՞ւ է Փաշինյանը պայքարում ՍԴ նախագահի դեմ և ուզում սեփականաշնորհել դատարանները

Եթե կարճ, ապա պատճառն այն է, որ Հրայր Թովմասյանը շարժվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներով, այլ Սահմանադրությամբ, օրենքներով ու սեփական համոզմունքով։ Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքած գործի ընթացքն ասվածի վառ ապացույցն է։

Իսկ եթե ավելի հանգամանալից անդրադառնանք ՍԴ–ն ու ընդհանրապես դատական համակարգը գրավելու նիկոլական ամբողջական շարժառիթներին, ապա դրանք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական շերտեր ունեն։

Բացարձակ այլասերման հակվածությունը

Նիկոլ Փաշինյանը ձգտում է բացարձակ իշխանության։ Այսինքն՝ բացարձակ այլասերման։ Դա արվում է կապիտալի նախնական կուտակման գործընթացն արագացնելու և թալանի աննախադեպ մասշտաբներ ապահովելու համար. իշխանության են եկել երիտասարդ, անգրագետ և սոված մարդիկ, որոնք աճող օրգանիզմին ներհատուկ հատկանիշներով ուզում են շատ կարճ ժամանակահատվածում փող հավաքել հա՛մ իշխանությունը պահելու, հա՛մ սեփական աղքատությունը հաղթահարելու համար։

Սրանք նեոբոլշևիկներ են՝ առանց գաղափարախոսության։ Դատարանները խոչընդոտում են սրանց արագ հարստացմանն ու բացարձակ այլասերմանը, ինչն էլ հակամարտության պատճառ է դարձել։ Մնացածը դեմագոգիկ և պոպուլիստական ձևակերպումներ են։

Օրենսդիր ու գործադիր իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գրպանում են։ Մնացել է դատականը և հատկապես Սահմանադրական դատարանը։ ՍԴ–ն այն զսպաշապիկն է, որ կարող է պաշտպանել իշխանության ճյուղերի տարանջատման, զսպումների ու հակակշիռների գաղափարի վերջին փշրանքները։

Հրայր Թովմասյանը ճիշտ նշեց իր վերջին հարցազրույցում, որ հիմա ինքը ՍԴ–ում կանգնած է այնպես, ինչպես ադրբեջանցիներից պաշտպանող մեր զինվորը սահմանի վրա։

Փաշինյանը Թովմասյանի դեմ կռիվ է տալիս ոչ թե այն պատճառով, որ վերջինս նախկին իշխանության ներկայացուցիչ է, այլ որ չի ուզում դառնալ քայլարած ներկա իշխանության կամակատար և իրեն անկախ է պահում։

Եթե նախկինի դեմ պայքարի խնդիրը լիներ, ինչպես պնդում են որոշ քայլարածները ու նրանց կից դեմագոգները, ապա Արթուր Դավթյանն, օրինակ, չպետք է մնար գլխավոր դատախազի պաշտոնում, Հունան Պողոսյանը չպետք է նշանակվեր Սյունիքի մարզպետ կամ նախկիններին կից օլիգարխները չպետք է շարունակեին նույն գործը, բայց արդեն Նիկոլին կից սեփականատիրոջ կարգավիճակում։

Հարցն, ուրեմն, Թովմասյանի չենթարկվելն է։ Ապօրինի հրահանգներին չենթարկվելը։

«Խփի՛ր» քայլարածներին, փրկի՛ր հայրենիքը

Թող զարմանալի չթվա, բայց մենք հիմա բացառիկ հնարավորություն ունենք կայացնել իրական ՍԴ և անկախության ձգտող դատական համակարգ։ Հենց դրա՛ դեմ է Փաշինյանի կռիվը։

Նրան ամբողջատիրական համակարգ է պետք, մինչդեռ ՍԴ–ն միշտ կարող է օրինականությունից ելնելով ասել, որ «թագավորը մերկ է»։ Նիկոլն իր մերկության բացահայտումն է ուզում կանխել։

Ու բոլոր նրանք, ովքեր խոսում են ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից, եթե անկեղծ են, ապա անգամ ատելով Հրայր Թովմասյանին անձնապես՝ պետք է կանգնեն նրա կողքը, ավելի ճիշտ՝ մեր երկրում արմենբաշիական համակարգ թույլ չտալու գաղափարի կողքը։

Չի կարելի թույլ տալ, որպեսզի ՍԴ–ն ու դատական իշխանությունը «բուդկայի» պես սեփականաշնորհվի նաև շատ կարևոր մեկ այլ պատճառով։

Բանն այն է, որ քիրվայական հակումներ ունեցող Նիկոլ Փաշինյանն Արցախի մասով ամբողջությամբ կանգնած է Լևոն Տեր–Պետրոսյանի տխրահռչակ պատկերացումների հատվածում։ Չի բացառվում, որ նա վաղը մյուս օրը միջազգային փաստաթուղթ դեմ տա հանրությանը, որոշի հանրաքվեի դնել հակամարտության կարգավորման հարցը և այլ հակապետական քայլերի գնալ։ Այս բոլոր դեպքերում գործընթացի գլխավոր դերերից մեկում ՍԴ–ն է, որը կարող է «ոչ» ասել ապօրինությանը և դավաճանությանը։

Ահա այն պատճառներից մի քանիսը, որի համար Փաշինյանը, «ժողովրդի» անունից, ուզում է կցորդ սարքել ՍԴ–ն ու ողջ դատական համակարգը, որ հանկարծ իրեն «չէ» ասող դատավոր չլինի։

Այնպես որ ՍԴ–ն Հայաստանում բացարձակ այլասերված ու լկտիացած իշխանություն թույլ չտալու վերջին բաստիոնն է։ Պետք է պաշտպանել ոչ թե անձերին, այլ բաստիոնը։ Այլապես հետո ստիպված կլինենք դատական իշխանության անկախության ապահովման համար կռիվ տալու փոխարեն, կռիվ տալ թշնամու տանկերի ու արկերի դեմ։ Իսկ տանկերն ու արկերը գալիս են այն ժամանակ, երբ երկրի ներսում բացարձակ այլասերվածություն է հաստատված լինում։

«Խփի՛ր» քայլարածներին, փրկի՛ր հայրենիքը։ Սա՛ է այսօրվա կարգախոսը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը