Հարցազրույց

04.10.2019 20:38


Վահե Գրիգորյանը չպետք է մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման քննարկմանը. սահմանադրագետ (տեսանյութ)

Վահե Գրիգորյանը չպետք է մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման քննարկմանը. սահմանադրագետ (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ն ընդունել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու որոշման նախագիծը՝ 98 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այսպիսով, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը գտնվում է ՍԴ դատավորների որոշման տիրույթում։ Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանի հետ։

-Տիկին Մելոյան, այսօր ԱԺ ընդունել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը որևէ առնչություն չունի իրավականության և օրինականության հետ։ Այն ակնհայտ քաղաքական գործընթացի մասնիկ է, որը հակասում է և՛ Սահամանադրությանը, և՛ ԱԺ կանոնակարգին, և՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներին և հստակ նպատակաուղղված է Սահմանադրական դատարանը կառավարելի դարձնելուն։

-Քանի որ սա նախադեպը չունեցող դեպք է, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ ընթացակարգով է Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու։

-Այս նախագծի ընդունումից հետո, նախագիծը պետք է որպես դիմում մուտքագրվի ՍԴ։ Դիմում մուտքագրվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝ կա՛մ մերժում է տվյալ դիմումը, կա՛մ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։ Այդ ընթացում՝ դատավորը, որի նկատմամբ սկսվել է այս գործընթացը, լիազորությունները կասեցվում են։ Նա հանդես է գալիս որպես կողմ։ Գործի քննությունն ընթանալու է բաց ընթացակարգով։ Բացի այդ՝ ՍԴ նաև հնարավորություն ունի 30-օրյա ժամկետից զատ պահանջելու լրացուցիչ ժամանակահատված՝ 50 օր, եթե 30 օրը բավարար չէ գործի քննությունն իրականացնելու համար։ Արդյունքում որոշումը կայացվելու է դատավորների 2/3-րդ հարաբերակցությամբ։ Այսինքն՝ 6 դատավոր պետք է կողմ քվեարկեն։

-Տիկին Մելոյան, ի՞նչ եք կարծում, Վահե Գրիգորյանը պետք է մասնակցի այդ որոշման քննարկմանը, թե ոչ և ինչու։

-Վահե Գրիգորյանն, ըստ իս, պետք է իր մասնակցության անհնարինության մասին դիմումով հանդես գա կամ դատավորներից մեկը միջնորդություն ներկայացնի, որովհետև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման հիմքերից մեկը Վահե Գրիգորյանի միջնորդությունն է։ Սա շահերի բախման հնարավոր առիթ կարող հանդիսանալ։ Հետևաբար՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ Վահե Գրիգորյանը պետք է այս գործով իր մասնակցության անհնարինության մասին դիմումով հանդես գա։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը դիմող կողմի վրա է թողնում ապացուցման բեռը։ Դատավորի լիազորությունները դադարեցնելու համար պետք է հավաստող ապացույցներ լինեն։ Սա բացառապես քաղաքական բնույթի գործընթաց է, որովհետև տվյալ գործի շրջանակներում նշված հիմքերը, որտեղ զուտ Ռոբերտ Քոչարյանի գործով Հրայր Թովմասյանի մասնակցությունը անհնարին համարող հիմքեր են նշված, խոցելի են և առնչելի չեն գործին։ Լիահույս եմ, որ ՍԴ՝ արդեն օբյեկտիվ, իրավական անվտանգությունը երաշխավորող վերջին հենակետ, կարտահայտի դրանց վերաբերյալ օբյեկտիվ որոշում։

-Տիկին Մելոյան, եթե ՍԴ-ն գտնի, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար բավարար հիմքեր չկան, այդ դեպքում ի՞նչ ընթացակարգ է լինելու և արդյո՞ք ԱԺ-ն կարող է նորից դիմել։

-ՍԴ-ն 30-օրյա ժամկետում կարող է միանգամից մերժելու որոշում կայացնել, ինչի հիմքերը ակնհայտորեն առկա են, որովհետև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված էր, որ էական կարգապահական խախտումը կարող է հայտնի դառնալ երկշաբաթյա ժամկետում։ Այսինքն՝ այդ բոլոր չորս հիմքերը պետք է «Իմ Քայլը» խմբակցությանը հայտնի դարձած լիներ մինչև սեպտեմբերի 4-ը։ Մինչդեռ՝ այդ գործը ՍԴ վարույթ էր ընդունել հունիսի 21-ին և անգամ, եթե այդ հիմքերը հիմնավորում են Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինությունը, ապա պետք է հունիսի 21-ից հետո երկշաբաթյա ժամանակահատվածում այդ գործընթացն սկսվեր։ Ավելին՝ մինչև հունիսի 21-ը՝ մայիսի 7-ին, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա մեկ այլ որոշում է կայացվել։ Ակնհայտ տարբերակված և թիրախավորված քաղաքական պրոցես է սկսվել՝ սպառելով մի շարք գործիքակազմեր հերթական մանիպուլյատիվ ապատեղեկատվություն պարունակող գործողություն է սկսվել։ Անգամ, եթե «Իմ Քայլը» խմբակցությունը հիմնավորում է, որ սա բացառապես իրավական բնույթի գործընթաց է՝ զերծ քաղաքական ենթատեքստից և իրենց նպատակն է էական կարգապահական խախտում ֆիքսելը և դրան ընթացք տալը, ապա Վահե Գրիգորյանը 10 անգամից ավելի անհարգալից բացակայել է նիստերից։ Եթե Հրայր Թովմասյանի՝ որպես էական կարգապահական խախտում հիմքերը լղոզված են, ապա Վահե Գրիգորյանի դեպքում հստակ կարգապահական խախտում է, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ էական կարգապահական խախտում է ՍԴ նիստերից 3 անգամից ավելի անհարգելի բացակայությունը, մեկ խիստ կամ երկու նկատողություն ստանալը և ՍԴ անունը արատավորող կամ դատավորի գործունեության հետ անհամատեղելի որևէ գործողություն կատարելը։ Անգամ ոչ իրավաբան մարդկանց համար ակնհայտ է, որ տարբերակված մոտեցում է դրսևորվում։ Ինչու ԱԺ-ն չի իրականացնում իր սահմանադրական պարտականությունը մեկ այլ սահմանադրական դատավորի նկատմամբ, երբ լիովին հիմքերն առկա են։ Ես համոզված եմ, որ այս գործընթացի արդյունքում շարունակական ճնշումներ և որակումներ է տրվելու հետագայում Սահմանադրական դատարանին։ Շատ խորհրդանշական է, որ երեկ ՄԻԵԴ-ը վարույթ ընդունեց ՍԴ դիմումը և դա մեզ ընձեռնված լավ գործիքակազմ է։ Նույնն էլ այս պարագայում է։ Մենք ականատես ենք լինում այն իրավիճակին, երբ ՍԴ որոշումների համատեքստում և ընդհանուր դատական ակտերի համատեքստում ընտրովի տարբերակված ճնշումների և գնահատականների գործիքակազմ է կիրառվում։ Այսինքն՝ երբ իրենց հաճո որոշում է, ընդունելի է և օրենքի տառը պահպանում են, պրոցեսներն ապահովում են, երբ իրենց համար հաճո դատական ակտ չէ, այս պարագայում դատարանները և դատավորները պիտակավորվում են և արդեն սկսվում է ակնհայտ քաղաքական հետապնդումն այս մարմինների նկատմամբ։

-Հետաքրքիր բան նշեցիք, որ, օբյեկտիվ որոշում ասելով, գործող քաղաքական ուժը նկատի ունի իրենց քաղաքական դիրքորոշմանը հաճո որոշում։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արդյո՞ք կաշկանդված չէ։

-Բնականաբար կաշկանդված է լինելու Սահմանադրական դատարանը և հենց այդ խնդրով է պայմանավորված այս ամբողջ գործընթացի մեկնարկելը։ Բացի այս գործընթացի ոչ համաչափ իրավական հիմքեր ունենալուց, ականատես ենք լինում նաև Հրայր Թովմասյանի հանդեպ հետապնդումներին։ Նախ՝ իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորներ բարձրաձայնեցին, որ, եթե իրենք ուզում են, որ ինքը վայր դնի լիազորությունները, ապա նա պարտավոր է վայր դնել։ Կամ էլ՝ Հրայր Թովմասյանի սանիկների նկատմամբ է քրեական գործ հարուցվում և մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածվում ՝ հենց Հրայր Թովմասյանի լուսանկարով։ Այս ամենը կոնկրետ անձին ճնշելու փորձեր են։ Նախկինում առաջարկվում էր շանտաժային այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ վաղաժամկետ թոշակի գնալը, բայց տեսան, որ այսպես փուլ առ փուլ արդյունքի չեն հասնում եւ հասանք գործընթացի էպոպեային ։ Երեկ նիստի ժամանակ որևէ բովանդակային դիսկուրս կամ հակափաստարկ չհնչեց, միայն ասում են՝մեր կարծիքով սա այսպես է և նույն բաները կրկնում են։ Ես հասկանում եմ, որ չկա այն հիմքերը, որով պետք է հիմնավորեն, բայց դա նաև մասնագիտական արժանապատվության խնդիր է։ Գոնե մասնագիտությամբ իրավաբանները պետք է փորձեին առնվազն զերծ մնալ այս քաղաքական գործընթացից կամ պետք է բացահայտ ասեին՝ այո, սա քաղաքական գործընթաց է։

Քաղաքական ուժին կոչ կանեի՝ հնարավորինս զերծ մնալ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներից։ Օրինակներ ունենք, որ այդ ցանկալի որոշման համար կարող են ընդհուպ սահմանադրական կարգի տապալման գնալ։ Մենք ականատես են եղել, որ օրենսդիր իշխանությունն է ոչ ցանկալի նախագիծ ընդունելու համար շրջափակվել գործադիր իշխանության ղեկավարի կոչով, ականատես ենք եղել, երբ դատական իշխանությունն է արգելափակվել ոչ ցանկալի դատական ակտից հետո՝ կրկին գործադիր իշխանության ղեկավարի կոչով։ Այսինքն՝ հերթականությամբ իշխանության ճյուղերը փորձում են միասնական իշխանական թևի մաս դարձնել, որը կլինի կառավարելի, որը կլինի խամաճիկ, իսկ սա իրավական պետության վերացման առաջին հիմքերից է։ Այսինքն՝ հերթականությամբ խարխլվում է մեր իրավական պետության հիմքերը և մենք կանգնած ենք ներքին իրավական անվտանգության առջև, որովհետև, եթե ՍԴ-ն այս պրոցեսին ընթացք տվեց, իսկ սա ակնհայտ ապօրինի փաստաթուղթ է, դա արդեն սահմանադրական դեֆիցիտի է բերելու մեր երկրում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը