Մեկնաբանություն

05.10.2019 10:22


Մարտնչող «հեղափոխականությունը»` գործողության մեջ

Մարտնչող «հեղափոխականությունը»` գործողության մեջ

Ինչքան հասկանում եմ, Սահմանադրական դատարանը, ինչպես ցանկացած այլ դեպքում, ԱԺ ագրեսիվ մեծամասնության «համոզիչ» քվեով ընդունված անմեղսունակ որոշումը` ՍԴ դատավոր (նախագահ) Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու «դիմում-պահանջագիրը», կարող է վարույթ ընդունել, կարող է չընդունել։

Վարույթ ընդունելու դեպքում կարող է բավարարել իմքայլական մեծամասնության «նվիրական ցանկությունը»` ինչ գնով ուզում է լինի, ազատվել Հրայր Թովմայանից։

Թովմասյանին անվստահություն հայտնելու «բոլոլան» սկսելով` քայլարածները «հստակ ուղերձ» հղեցին ՍԴ մնացած դատավորներին (որոնց, ըստ նպատակահարմարության, մե՛կ «անդամ» են ասում, մե՛կ` դատավոր)` ի՛նչ է սպասում իրենց, եթե «խելքի չգան», ձեռքները վեր չբարձրացնեն ու չհանձնվեն` «իշմար չտան», որ այսուհետ, աշխարհն էլ շուռ գա, Նիկոլի ասածին «չէ» չեն ասի։

Ինքնին հասկանալի է, որ այդ «մահացու սպառնալիքը» չի տարածվում իր աշխատանքային պարտականությունները բոյկոտող ՍԴ ինքնահռչակ «նախագահի»` Վահե Գրիգորյանի եւ սրա դուդուկի տակ պարող Արման Դիլանյանի վրա, որ այդպես էլ չասաց`ի՞նչ է մտածում «ՍԴ նախագահի պաշտոնի բռնազավթում» օպերացիայի մասին։ Ֆելիքս Թոխյանը, դատելով ամենից, կարող է նույնպես չվախենալ «թավշյա» սպառնալիքներից. հատուկ կարծիք ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումը մասամբ բավարարելու որոշման վերաբերյալ`արդեն ցույց է տվել, որ իր վրա կարելի է հույս դնել։

Խնդիրն այն է, թե մնացած 5 դատավորներից քանիսի՞ն կհաջողվի «վերբովկա» անել`ստիպել, որ գործարքի գնան իրենց խղճի, սկզբունքների, որոշումներ ընդունելիս բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով առաջնորդվելու հանձնառության հետ։

ԱԺ պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանն արդեն արել է առաջին քայլն այդ ուղղությամբ` դիմել է ՍԴ դատավորներին, թե` «մի՛ նույնացրեք ձեզ Հրայր Թովմասյանի հետ»։ Այսինքն` մոռացեք Սահմանադրության եւ օրենքների մասին, արեք այն, ինչ պետք է, քվեարկեք Թովմասյանի դեմ, անկախ, նրանից` որքանո՞վ հավաստի են նրա կողմից իբր թույլ տրված «էական կարգապահական խախտումների» հիմնավորումները (որոնցից «ամենաանվիճելին» ՍԴ դատավորներից երեքին, այդ թվում` Թովմասյանին Քոչարյանի գործով լսումներից մեկուսացնելու մասին ժամկետանց միջնորդության մերժումն է), թուլացեք ու հաճույք ստացեք։

Պահեստային տարբերակ էլ են մտածել։

Բանակից, ապա` նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից թռած Արման Բաբաջանյանի միջոցով (որ, հիշեցնենք, նախորդ «հանցավոր իշխանությունների» մոտ հաճախորդ էր աշխատում), շրջանառության մեջ են դրել մի ամբաստանագիր` «դիմում դատախազությանը», որով պահանջում են ուսումնասիրել եւ գնահատական տալ Հրայր Թովմասյանի «ապօրինաբար» ՍԴ-ին «տիրանալու»` ՍԴ դատավոր, հետո`նախագահ ընտրվելու փաստին։

Կարելի է չկասկածել, որ Հանրապետական մեծամասնության դոբրոյով եւ Նիկոլի թույլտվությամբ գլխավոր դատախազի աթոռին նստած Արթուր Դավթյանն օդում կորսա Վահեի հեղինակած այդ «գլուխգործոցը» եւ առանց ժամանակ կորցնելու քրեական գործ էլ Թովմասյանի (գուցե նաեւ «հանցագործության համակատարող» Արա Բաբլոյանի` ԱԺ նախկին նախագահի) վրա կկարի։

Այնպես որ, եթե «առաջին մոտեցմամբ» Հրայր Թովմասյանին գործից հանելու «մաքսիմում-ծրագիրը» չաշխատեց, գործի կդրվի ՍԴ նախագահին չեզոքացնելու`Քոչարյանի գործով առաջիկա լսումներին (Քրեական օրենսգրքի 300-1 հոդվածի սահմանադրականության շուրջ քննարկումներին) մասնակցելու հնարավորությունից զրկելու «մինիմում-ծրագիրը»։

Այդ սցենարը մեկ անգամ «հաջողությամբ» փորձարկել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Դավիթ Գրիգորյանի դեպքում, երբ բացահայտ անհիմն մեղադրանքով կասեցրին դատավորի լիազորությունները եւ «գործի մեջ» մտցրին իրենց սրտի դատավոր Դանիբեկյանին։ Եվ, իհարկե, ոչինչ չի խանգարում, որ «կրկին փորձեն», այս անգամ` Հրայր Թովմասյանի վրա։

Բայց անգամ այս պարագայում վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է. ՍԴ դատավորները տեղի կտա՞ն ճնշումներին, թե՞ հավատարիմ կմնան իրենց առաքելությանը` կապրենք, կտեսնենք։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը