Լրահոս

03.05.2010 14:11


ԼՂՀ ԱԺ–ում ներկայացված կլինի 3 կուսակցություն

ԼՂՀ ԱԺ–ում ներկայացված կլինի 3 կուսակցություն

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի և Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թևի ջանքերով ապրիլի 8-10-ը սոցհարցում է անցկացվել ԼՂՀ-ում Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի, ընտրողների ակտիվության, համամասնական ու մեծամասնական թեկնածուների նախապատվության վերաբերյալ։

Հարցմանը մասնակցել է 16 ընտրատարածքներում գտնվող 35 բնակավայրերի ընտրական իրավունք ունեցող 1408 բնակիչ։

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշել է, թե հարցման նպատակներից մեկն էր ապացուցել, որ ժողովրդավարական ընտրություններ Ղարաբաղում կարող են ընթանալ։

ԼՂՀ-ում ընտրությունների մասին տեղյակ է մոտ 60%-ը, 20%-ը պատրաստ է տեղեկանալու, և 20%-ն անտարբեր է։

Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ յուրաքանչյուր ընտրություն գնահատական է գործող իշխանությանը։ ԼՂՀ-ում բոլոր գործող կառույցների նկատմամբ՝ նախագահ, վարչապետ, ԱԺ, իշխանական այլ կառույցներ, դրական և բացասական գնահատականների հարաբերակցությունը հետևյալ տեսքն ունի՝ նախագահ՝ 9 դրական, 1 բացասական, վարչապետ՝ 7 դրական, 1 բացասական, ԱԺ՝ 8 դրական, 1 բացասական, այլ կառույցներ՝ 3 դրական, 1 բացասական։

Իր կենսական կյանքում  դրական փոփոխություններ զգացել է ընտանիքների 56,4%-ը։

Եթե ԼՂՀ-ում ընտրությունները լինեին այժմ, բնակչությունը կընտրեր Բակո Սահակյանին (94,5%)։ Այս հանգամանքը բնակիչները բացատրել է նրանով, որ լուրջ պայքար է գնացել կաշառակերության դեմ, սոցիալական ծրագրերն իրականացվում են հասցեագրված և այլն։

Կուսակցությունների վարկանիշը ԼՂՀ-ում հետևյալն է՝ «Ազատ հայրենիք»՝ 24%, Ժողովրդավարական կուսակցություն՝ 21,1%, ՀՅ Դաշնակցություն՝ 14,8%, այլ կուսակցություններ՝ 1,9%։ Ա. Ադիբեկյանը նշել է, որ նախորդ ընտրությունների համեմատ ՀՅԴ-ն բազմապատկել է իր ցուցանիշները, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված է Հայաստանում հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ ՀՅԴ-ի բավական խիստ դիրքորոշմամբ։

Նա նշել է նաև, որ շրջանների բնակիչներն ավելի կողմ են ՀՀ-ի հետ միանալուն, իսկ Ստեփանակերտի բնակիչները՝ անկախ լինելուն։ Մնացած բոլոր հարցերում՝ անկախություն, հայ-թուրքական հարաբերություններ, վերաբնակեցում, Ադրբեջանի հետ չմիանալ և այլն, ԼՂՀ-ում միակարծիք են։

ԼՂՀ-ում 90 հազ. ընտրող կա, որից ակտիվ է (կգնա և ձայնը կտա) 57-58%-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը