Մեկնաբանություն

07.10.2019 13:48


Փաշինյանի «մշակութային» հեղափոխությունը (տեսանյութ)

Փաշինյանի «մշակութային» հեղափոխությունը (տեսանյութ)

Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում հեղափոխական իշխանությունները հանդես են գալիս ժողովրդի անունից։

Ժողովրդի անունից է իրականացվում նաև ապօրինությունը, որը հիմնավորվում է «հեղափոխական նպատակահարմարությամբ»։

Քաղաքագիտական կանոնի համաձայն՝ հեղափոխությանը հաջորդում է տոտալ խուլիգանությունը, թալանը և «բեսպրեդելը»։ Մեզ մոտ բացառություն չեղավ։

Թալանը դեռ քողարկված է և դրսևորվում է պետբյուջեի հաշվին թանկարժեք ծախսեր, ինչպես նաև «օրինական» ռեկետ անելով։ 1 միլիոն դոլար են ծախսում ԱՄՆ գնալ–գալու վրա, 2 միլիոն դոլար ծախսում են «ժողովրդի» վարչապետի տան վերանորոգման վրա, նոր զրահապատ մեքենաներ են գնում ու աշխարհով մեկ որպես զբոսաշրջիկ ման գալիս։ Բնականաբար՝ ամբոխի հիացական բացականչությունների ներքո։

Նիկոլի խունվեյբինները

Չինաստանում իր հակառակորդների դեմ պայքարի շրջանակներում Մաո Ցզեդունը խունվեյբինների խումբ ստեղծեց։ Սրանք ֆորմալ առումով անկախ էին ու, իբր, մարքսիզմի «թասիբն» էին պահում, բայց իրականում գործում էին Մաոյի տանիքի տակ ու օգտագործվում այլակարծություն դրսևորողների դեմ։ Այս ամենի անունը դրել էին «մշակութային հեղափոխություն»։ Հանցագործությունները, բնականաբար, արվում էին ժողովրդի անունից։

Երիտասարդներից բաղկացած խունվեյբինական խուլիգանախումբը ծեծում էր, ջարդում էր, փշրում էր, կտտանքների էր ենթարկում ու նաև սպանում էր։

«Արժե՞ արդյոք ձերբակալել խունվեյբինին, եթե նա մարդ է սպանել։ Ես կարծում եմ, որ սպանել սպանել է։ Ինձ դուր չի գալիս երբ մարդիկ սպանում են, բայց եթե ժողովրդական զանգվածներն այդ աստիճանի ատում են որևէ մեկին, ապա չարժե նրանց ցասումը զսպել, և մենք չենք խանգարի սպանողներին։ Ժողովրդական միլիցիան պետք է լինի խունվեյբինների կողմը, միավորվի նրանց հետ, տեղեկացնի նրանց, աջակցի նրանց»,–Մաոյի «մշակութային հեղափոխության» շրջանում հայտարարում էր նրա նշանակած հասարակական անվտանգության նախարար Սե Ֆուչժին։

Հիմա մենք մեր տնաբույծ խունվեյբիններն ունենք, որոնք ապօրինություններ են անում։ Կարծում եմ, գլխի եք ընկնում, թե ում ուղղորդմամբ։ Այդ խունվեյբինները տարբեր կարգավիճակներ ունեն, բայց նույն ֆունկցիան են կատարում և գործում «բեսպրեդելի» մթնոլորտում։

Այս խունվեյբինների մի մասը ոհմակով հարձակվում է Նարեկ Մալյանի վրա ու մնում անպատիժ։ Մյուս մասին քսի են տալիս «Հայելի» ակումբի վրա ու հետո տուգանում 200 հազար դրամով։ Երրորդներին ուղարկում են միտինգի ու Արցախի նախագահի դեմ վայրահաչելու։ Չորրորդներն օգտագործվում են բացված լուսամուտների արանքում։

Կան նաև անհատական խունվեյբինական ծրագրեր իրականացնողներ։ Դրանցից մեկը նախորդ իշխանությունների ավարտված հաճախորդ ու ներկա իշխանություններին կից «անկախ» պատգամավոր աշխատող Արման Բաբաջանյանն է։ Սրա վրա դրված է «թունդ հեղափոխականություն» անելու գործը, ինչը Արմանը կատարում է այն նույն էնտուզիազմով, ինչ էնտուզիազմով որ Նիկոլի վարչապետ դառնալուց առաջ պայքարում էր հեղափոխության դեմ։

Ի դեպ, խունվեյբինություն է անում ու օրինակ ծառայում նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Դա դատարանները շրջափակելու ապօրինի միջոցառման ժամանակ էր։

Թե ինչով են ավարտվելու այս հանցագործությունները, դժվար չէ կռահելը։ Խունվեյբիններին որոշ ժամանակ օգտագործելուց հետո դեն կնետեն կամ կոչնչացնեն դրանց բուծողները, իսկ հետո կգա Նիկոլ Փաշինյանի անփառունակ քաղաքական վախճանի պահը։ Հարցն այն է, թե այդ ընթացքում որքան ավերածություններ սրանք կգործեն ու արդյոք հասցված վնասներն անշրջելի չեն լինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը