Քաղաքական

07.10.2019 15:34


«Ես մտածում էի՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ». Միհրան Պողոսյանը՝ Աննա Դանիբեկյանին

«Ես մտածում էի՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ». Միհրան Պողոսյանը՝ Աննա Դանիբեկյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի մեկնարկին Քոչարյանի պաշտպանական թիմը դատավորի բացարկի միջնորդություն ներկայացրեց։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ևս միացավ Քոչարյանի պաշտպանների՝ Աննա Դանիբեկյանին ներկայացված միջնորդությանը։

«Ես մտածում էի՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանում, կարծես թե, նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում»,-ասաց Պողոսյանը։

Պաշտպանը նաև հայտնեց, որ կարծում էր, որ այս գործով դատավորի կողմից իրականացրած խախտումներն ինչ-որ վերջնակետ կունենան, սակայն պարզվեց, որ դա այդպես չէ։

«Դուք կանխակալ բացասական վերաբերմունք ունեք Յուրի Խաչատուրովի նկատմամբ և այս գործով պատշաճ դատարան համարվել չեք կարող։ Ես ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց առաջ մի քիչ երկար եմ մտածել, թե ինչ հիմնավորումներ ներկայացնեմ։ Ես կարող էի անցնել բարոյականության, իրավագիտակցության սահմանները, սակայն ես ինձ այդ գործողությունները թույլ չեմ տալիս, մինչդեռ օրվա իշխանությունն իրեն թույլ է տալիս նման գործողություն»,-ասաց պաշտպանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը Միհրան Պողոսյանի հայտարարությունը համարեց անհարգալից վերաբերմունք և նկատողություն արեց Միհրան Պողոսյանին։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը