Մեկնաբանություն

08.10.2019 13:03


Նիկոլի խորտակվող նավակը

Նիկոլի խորտակվող նավակը

Ուժային երկու կառույցների ղեկավարների հրաժարականը կամ հեռացումը լուրջ ցնցում է ցանկացած երկրի համար։ Հայաստանը բացառություն չէ։

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հեռացավ աղմուկով, իսկ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անաղմուկ, սակայն վերջինիս լռությունը ոչ պակաս աղմկոտ ստացվեց։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին ազատել էր ոստիկանապետի պաշտոնից ու նշանակել իր գլխավոր խորհրդական ոչ թե այն պատճառով, որ ուզում էր նրա խորհուրդները լսել, այլ չլսել նրա ձայնը։

Վանեցյանի պատմությունը հաշվի առնելով՝ Փաշինյանը վախեցավ, որ Օսիպյանն էլ կարող է, ԱԱԾ նախկին ղեկավարի պես, հրապարակավ գիժ հանել իրեն ու որոշ մանրամասներ ներկայացնել «ժողովրդի» վարչապետի կառավարման ոճի մասին։ Վախեցավ ու նշանակեց գլխավոր խորհրդական, ինչը յուրօրինակ կալանք էր դառնալու Օսիպյանի համար։

Գլխավոր խորհրդական նշանակվելուց հետո Օսիպյանը չէր գնացել աշխատանքի, ու կառավարությունում ստիպված էին եղել արձակուրդ ձևակերպել։ Արձակուրդն ավարտվեց, սակայն նա կրկին չգնաց աշխատանքի՝ հասկացնելով, որ ցանկություն չունի ծիծաղի առարկա դառնալ ծաղրածու իշխանության ձեռքում։

Եվ ահա Օսիպյանն արդեն պաշտոնապես ազատվեց նաև գլխավոր խորհրդականի պաշտոնից։

Ուշագրավն այն է, որ և՛ Օսիպյանը, և՛ Վանեցյանը հեղափոխական օրերին ուղղակի կամ անուղղակի ձևով սատարել էին Փաշինյանին ու «տակից» «բալետ» արել իշխանափոխությունը։ Բայց դա արդեն անցյալում է։

Նրանք մեկուկես տարում համոզվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ոտքից գլուխ հակապետական տարր է։ Ե՛վ իր անցած ճանապարհը, և՛ իր կառավարման փիլիսոփայությունը մարգինալ են և ոչ մի ընդհանուր բան չունեն պետության հետ։

Նիկոլ Փաշինյանը հակապետություն է, իսկ դա չի կարող կոնֆլիկտ չառաջացնել առաջին հերթին ուժայինների հետ, քանզի վերջիններս են պետության ողնաշարը հանդիսանում։ Արցախյան պատերազմը, անվտանգությունը և ոստիկանությունը նրա համար օտար երևույթներ են։

Հակապետական Փաշինյանը չի կարող հակադրություն չունենալ սպայի պատիվ հասկացության ու բանակի հետ։ Դա է պատճառը, որ նա իր հաճախորդ «լուսավորների» ձեռքերով օրինագիծ է անցկացնում, որպեսզի կարողանա ուժայինների ղեկավար նշանակել պատահական մարդկանց։ Այսինքն՝ իր նմաններին։

Նիկոլը զրո արարչական ունակություն ունի։ Նրա գործը քանդելն է։ Նա քանդող բրիգադի ղեկավար է։ Նա քանդում է ոչ միայն Հայաստանի ու Արցախի հիմքերը, այլ նաև՝ իր իշխանության։ Դա մարդու տեսակ է։ Առաջին ալիքի հեղափոխականներն այդպիսին են լինում՝ դատարկ, ինքնահավան ու ավերիչ։

Նիկոլը որտեղ եղել է, քանդել է, այլ ոչ թե կառուցել։

Թե ինչքան կդիմանա Նիկոլի խորտակվող նավակն իր իսկ նավավարի քանդման աշխատանքներին, այդքան էլ էական չէ։ Էականն այն է, թե ինչքան կդիմանա մեր երկիրը դիլետանտիզմի ու հակապետականության ազդեցությանը։

Այն, որ Նիկոլը հեռացվելու է իշխանությունից, կասկած չկա։ Խնդիրն այն է, որ մինչև այդ լուրջ կորուստներ չլինեն ու անդառնալի հարվածներ չստանանք անվտանգության համակարգերում։

Եթե այս պատմությունից Հայաստանն ու Արցախը անկորուստ կամ նվազ կորուստներով դուրս գան, արդեն իսկ կարելի է բարեբախտություն համարել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը