Լրահոս

04.05.2010 12:52


Թերթերի ղեկավարները՝ տպագիր մամուլի խնդիրների մասին

Թերթերի ղեկավարները՝ տպագիր մամուլի խնդիրների մասին

Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքերով՝ արդեն 20 տարի է՝ հայաստանյան տպագիր մամուլը բազմաբնույթ խնդիրներ ունի՝ թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ զուտ ֆիզիկական պաշտպանվածության, բարոյահոգեբանական, հասարակության տարբեր խավերի հետ շփումների, իշխանության հետ հարաբերությունների առումով, և թե՛ իրացման, մարքեթինգի, օրենդրական դաշտի հետ կապված։

-Ունենք խնդիրներ իրավապահների, իշխանության ներկայացուցիչների, օլիգարխների, տարբեր քրեական տարրերի հետ։ Ես դա վերագրում եմ հասարակության մեջ եղած ընդհանուր մթնոլորտին։ Երբ որ մարդուն թվում է, թե լրագրողի, լրատվամիջոցի հետ հարց լուծելու լավագույն ձևը նրան պարզապես վախեցնելն է, սպառնալն է, նրա նկատմամաբ բռնություն գործադրելն է, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Դա նշանակում է, որ մենք անընդհատ ապրում ենք՝ վտանգը, վախը մեր գլխներին կախված,-նշել է Ա. Օհանյանը։

-«Հայկական ժամանակն» այն տպագիր լրատվամիջոցն է, որն իր վրա կրել է նշված բոլոր խնդիրները,-հավելել է նույն ակումբում հյուրընկալված «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը։-Բայց զարգացման առումով դրական տենդենց, այնուամենայնիվ, չենք կարող ժխտել, որ չկա։ Կա՛։ Այսինքն, եթե մենք նայենք 10 տարի առաջ և հիմա, բոլոր խնդիրներում, չափազանց դանդաղ՝ կրիայի դանդաղությամբ, բայց զարգացում կա։ Ես կուզեի հատուկ առանձնացնել հարգանքը հասարակության կողմից։ Դա մի բան է, որ ես զգում եմ ամեն օր մեր աշխատանքում։

Ա. Հակոբյանը ընդգծել է նաև, որ արդեն 2 տարի է՝ աշխատում են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը