Լրահոս

04.05.2010 13:02


Կարո՞ղ է ոչ ազատ երկրում ազատ մամուլ լինել

Կարո՞ղ է ոչ ազատ երկրում ազատ մամուլ լինել

-Թերթերին հաջողվում է ինչ-որ եղանակ ստեղծել մեր երկրում,-ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանն էլ նշել է, որ Հայաստանում հասարակական կարծիք ստեղծում է միայն և միայն տպագիր մամուլը։

-Մենք ուզում ենք ազատ լինել ոչ ազատ պայմաններում և հասնել այդ ազատությանը մեր ուժերով,-ավելացրել է Ա. Հակոբյանը՝ նշելով, որ իրենք ձեռքները ծալած չեն նստում և սպասում, որ իշխանափոխություն լինի, որից հետո մամուլի գործունեության համար ազատ դաշտ կստեղծվի։

Իսկ անազատ հասարակությունում ազատ մամուլ կարո՞ղ է լինել հարցին Ա. Օհանյանը պատասխանել է.

-Անազատ երկրում ազատ մամուլ, իհարկե, չի կարող լինել։ Դա բացառվում է, որովհետև ի վերջո ազատությունը մեկուսացված, առանձին մի խմբի ազատություն չի կարող լինել։ Դրանք հազար թևերով իրար հետ կապված խնդիրներ են։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով, սակայն, եթե Հայաստանում ինչ-որ մի բան կայացել է, ապա դա միայն մամուլն է.

-Եթե կարելի 20 տարում մի բան արձանագրել, դա մամուլի կայացումն է, որը մենք մաքառելով, մի խումբ էնտուզիաստներով՝ այստեղ հավաքված և այստեղից դուրս գտնվող, ինչ-որ մարդկանց ուժերով մենք փորձել ենք անել անհնարինը, նույնիսկ՝ ծեծվել ենք, բանտ ենք ընկել, ֆինասական դժվարություններ ենք ունեցել, դատական պրոցեսներ ունենք անվերջանալի, անընդհատ, հայցեր ունենք, կռիվների մեջ ենք, հազար ու մի խնդիրների ու դժվարությունների միջով ենք չէ՞ անցել, բայց ի վերջո մենք էլի ինչ-որ ձևով փորձել ենք մեր պարտքը կատարել այս հասարակության առաջ։

Փոխարենը Ա. Հակոբյանը չի համաձայնվել, որ ոչ ազատ հասարակությունում ազատ մամուլ չկա։

-Համաձայն եմ, որ մեր հասարակությունն ազատ չէ, երկիրն ազատ չէ, բայց ես չեմ կարող ուղղակի ասել, որ չկա ազատ մամուլ,-ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը