Լրահոս

04.05.2010 13:39


«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը շատ վախեցած է

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը շատ վախեցած է

Անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխությունների օրինագծին՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ՄԱԱ-ում կարծիք է հայտնել, թե այդ փոփոխություններից հետո լրատվամիջոցների վիճակն ավելի է բարդանալու, և էլ ավելի ծայրահեղ պայմաններում են աշխատելու։

-Այսքան տարվա մեջ մենք չենք տեսել՝ որևէ փոփոխություն արվի հօգուտ մամուլի, միշտ փոփոխություններն արվում են ի վնա՛ս մամուլի,- ասել է Ա. Օհանյանը։-Ի վերջո տեսեք՝ ովքեր են այդ օրենսդրական փոփոխության հեղինակները։ Խայտառակություն է։ Այդ մարդիկ ոտքից գլուցխ կրիմինալ են։ Նրանք իրավունք ունե՞ն մամուլի գործունեության ինչ-որ չափանիշներ սահմանել։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն անկեղծորեն նշել է, որ ինքն ուղղակի շատ վախեցած է և այդ փոփոխություններից ոչ մի լավ բան չի ակնկալում։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանի կարծիքով էլ՝ օրենսդրական այդ փոփոխություններից հետո ոչ մի լրագրող չի կարող աշխատել։

-Խոսքը միայն թերթի կամ լրատվամիջոցի մասին չէ, այլ առանձին լրագրողների ձեռքերը կապվելու են, նրանք ամեն բան գրելիս մտածելու են, որ անձնապես իրենց դեմ կարող են միլիոնավոր դրամների հայցով մտնել դատարան։ Ուղղակի անհնար է այդ պայմաններում աշխատել։ Ներքին գրաքննություն կլինի։ Եվ դա այն դեպքն է, երբ որ մեր մամուլի վիճակը մի քանի տասնյակ աստիճանով կընկնի ներքև։ Եվ այն բոլոր փոքրիկ ձեռքբերումներն էլ, որ մենք ունեինք, միանգամից կկորցնենք, և ամեն ինչ ջուրը կընկնի։ Ես հույս ունեմ, որ այդ ամեն ինչը չի լինի,-ասել է Ա. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը