Լրահոս

04.05.2010 15:09


Սևանա լիճը և «GEGАMET» ընկերության հետ բնապահպանության նախարարության ջերմ հարաբերությունները

Մինչ ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննությունը որոշում է, դրական եզրակացություն տա, թե չտա Սեւանի ավազանում վերամշակող գործարանի ստեղծմանը, գործարանի մի կորպուսն արդեն կառուցվել է: «ԷկոԼուր»-ը ներկայացնում է այս տարվա մարտին արված լուսանկարներ, որտեղ երեւում է գործնականորեն ավարտված արտադրության օբյեկտը, իսկ նրանից 1 կմ հեռավորության վրա Շորժայի հանքավայրի հումքի' բաց եղանակով վերամշակումը: Մանրացումից առաջացող փոշին, որը պարունակում է թունավոր քրոմ, քամու հետ նստում է ուղիղ Սեւանա լճի վրա:

Շորժայի դունիտ-պերիդոտիտային ապարների վերամշակման մանրող, տեսակավորող գործարանի նախագիծը ներկայացրել է «GEGАMET պլյուս» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ դեռ 2008թ. «GEGАMET»-ի հիմնադիրներից Վլադիմիր Գասպարյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Սեւանա լճի շրջանում ստեղծվելու է լեռնահարստացուցիչ կոմբինատ' Շորժայի եւ Ջիլիի հանքավայրերի շահագործման համար, որը տարեկան արտադրելու է 20 միլիոն տոննա հրադիմացկուն նյութեր, 150 հազար տոննա ցեմենտի ստացման հավելումներ, 50 հազար տոննա քրոմի կոնցենտրատ եւ 20 հազար տոննա երկաթաքրոմ:  Ձեռնարկության համասեփականատերը պարզվեց' ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն է' ՀՀ բնապահպանության նախարարի կուսակիցը: 

Ինչպես հայտնի դարձավ «ԷկոԼուր»-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը չի աջակցել Շորժայի հարեւանությամբ գործարանի կառուցման նախագծին' հիմնավորելով, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը արգելում է վերամշակող ձեռնարկությունների կառուցումը Սեւանի ավազանում: Չնայած օրենքում նշված այս խոչընդոտին' բնապահպանության նախարարությունն, այնուամենայնիվ, որոշել է նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացնել: Միջոցառմանը մասնակցելու հրավերը նախօրոք  նախարարության կայքում հրապարակված չէր, ինչպես հարկն է, այլ լսումների անցկացման օրը' ապրիլի 27-ին: Չէին զգուշացվել շահագրգիռ կողմերը' հասարակական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի բնապահպանական վարչությունը,  Գավառի Օրհուս կենտրոնը:  «ԷկոԼուր»-ի տվյալներով' «Սեւան» ազգային պարկը չի մասնակցել հասարակական լսումներին բացատրությամբ, որ շինարարության գոտին չի մտնում ազգային պարկի տարածքի մեջ, իսկ լճի վրա հնարավոր փոշու եւ թափոնների ազդեցությունը բնապահպանական տեսչության գործն է: Այսպիսով, հասարակական լսումներին մասնակցել են պետական բնապահպանական տեսչության ներկայացուցիչները, նախագծողը եւ Շորժայի համայնքապետը իր մի  քանի համագյուղացիների հետ:

Սեւանի հարեւանությամբ գործարանի կառուցումը լռության մատնելը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ բնապահպանության նախարարությունն անտեսում է «GEGAMET» ընկերության գործունեության վերաբերյալ ահազանգերը: Ծանր եւ տոքսիկ տարրեր պարունակող դունիտ-պերիդոտիտային հումքի վերամշակման օրինականության հարցը բնապահպանության նախարարության առաջ բարձրացվել է մի քանի անգամ: «ԷկոԼուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ները, Գավառի Օրհուս կենտրոնը տեղի հասարակական կազմակերպությունները հրապարակայնորեն ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ուշադրուրությունն էին հրավիրում Սեւանի կողքին «GEGAMET» ընկերության գործունեության անթույլատրելիության վրա եւ կոչ էին անում նրան համապատասխան որոշումներ ընդունել:

Այս խորագրի վերջին նյութերը